Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հաղորդում են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների դեմ շարունակվող դատավարության հերթական նիստի մասին:
APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր հրապարակվել են «հայկական զինված ուժերի մի շարք գաղտնի փաստաթղթեր», որոնք «ապացուցում են, որ հայկական զինված ուժերի տարբեր կառույցներին, ինչպես նաև ինքնահռչակ ռեժիմի այսպես կոչված «բանակին» հանձնարարվել են տարբեր ռազմական առաջադրանքներ կատարել նախկինում օկուպացված ադրբեջանական տարածքներում»։
Ադրբեջանական լրատվամիջոցը վկայակոչում է դատարանի կողմից հրապարակված երկու փաստաթուղթ՝ «գաղտնի հրաման, մարտական առաքելություն», որոնք իբրև թե 2016 թվականի մայիս և դեկտեմբեր ամիսներին են ստորագրվել՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գնդապետ Վ. Սարգսյանի կողմից։
Բաքվում հայ գերիների նկատմամբ դատավարությունները փաստացի բաց չեն. դրանց միջազգային իրավապաշտպաններ, փաստաբաններ ու լրագրողներ ներկա չեն, նիստերից հաղորդում են բացառապես Ադրբեջանի պետական լրատվամիջոցները, որոնց ներկայացրած տեղեկությունները ճշտելու հնարավորություն չկա։
Բաքվի բանտերում, ըստ պաշտոնական տվյալների, 23 հայ գերի է պահվում։ Նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտել են տևական ազատազրկման, մյուս մասի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը շարունակվում է արդեն 8 ամիս։
Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Անցած երեք ամիսներին որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։