«Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր», - «Ազատությանն» այսօր փոխանցեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ գերիները օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին: Առանց անուններ հնչեցնելու Սիրանուշ Սահակյանը միայն տեղեկացրեց, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլ մյուս գերիների շրջանում:
«Այսինքն՝ Կարմիր Խաչի այցելությունների դադարից հետո նման փորձեր են եղել, կրկնվել են, ինչը ցույց է տալիս ուղղակի կապը Կարմիր Խաչի գործունեության դադարեցման, մեկուսացվածության և մարդկային տառապանքների հետ», - ընդգծեց իրավապաշտպանը:
Հուսալքությունը խորանում է. հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. ահազանգում է իրավապաշտպանը
Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանն ահազանգում է՝ գերիները շուրջ երկու ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել: Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին տեսակցել էին հունիսին: Միջազգային այս կառույցն այսօրվանից Ադրբեջանի իշխանությունների պահանջով վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Բաքվում:
«Այս օրերին տեղի են ունեցել հեռախոսազանգեր, և ընտանիքները մեզ փոխանցեցին, որ այդ զրույցների միջոցով արդեն իսկ նրանց համար նկատելի են եղել առողջական լուրջ խնդիրներ և, իհարկե, հոգեբանական ծանր վիճակ: Հուսալքությունը խորանում է», - ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:
Գերիների ու նրանց հարազատների տառապանքները շարունակվում են
Շուրջ մեկ ամիս է անցել Բաքվի բանտում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից ու խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո, սակայն այս հարցում որևէ տեղաշարժ չկա: Թեև կողմերը հայտարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է, սակայն Բաքվի բանտերում 23 հայ գերիների ու նրանց հարազատների տառապանքները շարունակվում են:
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփն անձամբ խոստացավ 23 քրիստոնյա գերիների հարցով դիմել Ադրբեջանի նախագահին. - «Այսպիսով, Դուք ասում եք, որ 23 քրիստոնյաներ են այնտեղ պահվում, ես նրան կխնդրեմ, կարծում եմ՝ նա դա կանի ինձ համար»:
Արդյո՞ք ԱՄՆ նախագահն այս հայտարարությունից հետո դիմել է Ադրբեջանի նախագահին՝ հորդորելով ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին, ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Պաշտոնական տեղեկատվություն չկա: Հստակ չէ նաև՝ արդյոք Դոնալդ Թրամփի այս հայտարարությունից հետո քննարկում տեղի ունեցե՞լ է Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև:
Սակայն «Հրապարակ» -ն այսօր գրել է, որ Թրամփի հայտարարությունից հետո գերիների հարցը օգոստոսի 30-ին քննարկել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: Ընդ որում, ըստ լրատվամիջոցի, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ Հաջիևն ասել է, որ Ադրբեջանը չի կարողանա կատարել Թրամփի պահանջը և ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին ու ռազմագերիներին։ Նա նաև դժգոհություն է հայտնել, որ Հայաստանի ներկայացուցիչը Վաշինգտոնում օգտագործել է «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությունը, ասելով, թե «դա վնասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։
Արդյո՞ք եղել է նման հեռախոսազրույց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի միջև. Անվտանգության խորհրդի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ չեն տիրապետում նման տեղեկատվության:
Գերիները որպես պատանդներ կշարունակեն մնալ Բաքվի բանտերում՝ ադրբեջանական նախապայմաններն առաջ տանելու նպատակով. Իրավապաշտպան
Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը, մինչդեռ, վստահ է՝ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներն այս փուլում ազատ չեն արձակվի, Ադրբեջանն այդ քայլին կգնա միայն խաղաղության պայմանագրի ստորագրման ավարտական փուլում, իսկ գերիները որպես պատանդներ կշարունակեն մնալ Բաքվի բանտերում՝ ադրբեջանական նախապայմաններն առաջ տանելու նպատակով. «Այո, ես կարծում եմ, որ նրանք վավերացման փուլին մոտ են ազատ արձակվելու, երբ խաղաղության գործընթացը կմտնի ավարտական փուլ», - ընդգծում է իրավապաշտպանը:
Բաքվի հերթական նախապայմաններից Մինսկի խմբի լուծարումը Հայաստան արդեն իրականություն է դարձրել, Ադրբեջանի մյուս նախապայմանը ՝ Հայաստանի Սահամանդրության փոփոխությունը իրականցման առումով, ըստ իրավապաշտպանի, բարդ է և կարող է հետաձգել խաղաղության համաձայնագրի վավերացման պրոցեսը:
Բաքվում շարունակվում է հայ գերիների դատավարությունը
Շուրջ 8 ամիս է՝ Բաքվի զինվորական դատարանում անկախ կառույցների և լրատվամիջոցների բացակայությամբ շարունակվում է արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի և ևս 15 հայ գերիների՝ ներառյալ Արցախի նախկին ղեկավարների դատավարությունները: Երբևէ ռազմական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանի գործով դեռ շարունակում են ցուցմունք տալ զինվորական ծառայության ժամանակ տարբեր ժամանակահատվածներում տարբեր վիրավորւմներ ստացած ադրբեջանցիները:
Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով նախօրեին Բաքվի զինվորական դատարանում ընթերցվել են Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ Լևոն Մնացակյանի և նրա տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները: Ադրբեջական պետական «Ազերթաջ» գործակալության հրապարակած տեսանյութում հնչող գլխավոր միտքն այն է, որ Ադրբեջանի դեմ 90-ականների իրականացված պատերազմի ժամանակ զենք-զիմաթերքն ստացվել է Հայաստանից: