Մատչելիության հղումներ

Բաքվում ոչ միայն չեն հրաժարվում «Արևմտյան Ադրբեջանի» քննարկումներից, այլև պատրաստվում են ավելացնել դրանք

Լրացված

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր, արխիվ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր, արխիվ

«Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է, և մենք պետք է առավել ակտիվ աշխատենք այս ուղղությամբ», - այսօր հայտարարել է ադրբեջանական ՀԿ-ներից մեկի ղեկավար, պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ Բաքվում կազմակերպված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով քննարկման ժամանակ։

«Նույնիսկ հետպատերազմական շրջանում ակնհայտ է, որ Հայաստանի և հայկական սփյուռքի որոշակի ուժեր շարունակում են փորձել կեղծել Ադրբեջանի պատմությունը։ Այս երեսպաշտությունը պահանջում է, որ մենք ավելի զգոն լինենք և չթուլանանք», - ասել է Մամեդովն ու հիշեցրել նախագահ Ալիևի վերջին հայտարարությունը, թե «հայերն ու Հայաստանի պետությունը ադրբեջանցիների վերադարձից չպետք է վախենան»։

Օրեր առաջ ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին՝ նախագահ Իլհամ Ալիևը գիտնականներին հանձնարարել էր ավելացնել աշխատությունները տարածաշրջանում ադրբեջանցիների դարավոր պատմության, պետականության ու տարածվածության մասին։

«Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, և այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները, ասօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա», - ասել էր Ալիևը:

Այսօր արդեն Բաքվում ելույթներ են հնչել առաջնորդի այս հանձնարարականի շեշտադրմամբ։

«Վերջերս Բաքվում առաջին անգամ հրատարակվեց 18-րդ դարի թուրքմեն հեղինակ Աբդուրազակ Նովրասի «Թարիխչեյի-Նովրաս» աշխատությունը, որը նկարագրում է 1731 թվականին Իրևան քաղաքում տիրող իրավիճակը։ Աշխատությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Իրևանի բնակչությունը կազմված էր ադրբեջանցի թուրքերից, տեղանուններն էլ բացառապես ադրբեջանական են», - հայտարարել է Ադրբեջանի ՀԿ-ների ազգային ֆորումի խորհրդի անդամ Զաուր Իբրահիմլին՝ հավելելով. - «Այս պատմական աշխատության մեջ ոչ մի հայկական տեղանուն չի հիշատակվում։ Այսօր ադրբեջանական ՀԿ-ները, պետության ղեկավարի հանձնարարությանը համապատասխան, պետք է ավելի ակտիվորեն զբաղվեն Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ նոր գիտական ու կրթական աշխատանքներով»։

Ադրբեջանի քարտեզագիրների միավորման նախագահ Մուգաբիլ Բայրամովը տեղեկացրել է, որ անցած երկու տարում իրենք արդեն իսկ հրապարակել են «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ երկու քարտեզագրական աշխատանք։

«Մեծ պահանջարկ ունի հատկապես «Զանգեզուրի միջանցք» քարտեզը, որը վերջերս հրատարակեցինք ադրբեջաներեն և անգլերեն։ Այդ աշխատանքներում անպայմանորեն ներառված են մեր ազգային տեղանունները։ Պատմական ճշմարտությունը չի կարելի ժխտել», - ասել է նա։

Ադրբեջանի մամուլի խորհրդի անդամ Մուշֆիգ Ալասգարլին էլ պնդել է՝ պատրաստ են աշխատել նախագահականից տրված հանձնարարականի համաձայն։

«Ժամանակի ընթացքում հայերը փորձել են ջնջել ադրբեջանցիների հետքերը այդ հողից: Այժմ մեր ազգային գիտակցության մեջ այս հիշողությունը վերակենդանացնելու համար լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակությունը պետք է ձեռնարկեն կոնկրետ քայլեր: Մենք՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել և ինչպես պետք է գործենք պետության կողմից սահմանված առաջնահերթություններին համապատասխան», - հայտարարել է Ալասգարլին:

Քննարկման մեկ այլ մասնակից՝ «Չափար-Ազգային ժառանգության» հետազոտական կենտրոնի նախագահ Դիլգամ Ահմեդն էլ հայտարարել է՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեման ոչ միայն պատմական արդարության վերականգնման մասին է, այլև էթնիկ զտումների բացահայտման։

Մինչ այս՝ անցած շաբաթ էլ, կրկին Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, համաժողով էր կազմակերպվել Բրյուսելում, որտեղ
«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ Ազիզ Ալեքբարլին պնդել էր՝ «արևմտյան ադրբեջանցիներն» անցյալ դարի ընթացքում համակարգված և աստիճանաբար տեղահանվել են իրենց պատմական հողերից։

Բաքվից հնչող այս մեղադրանքներին Երևանից զգուշավոր են արձագանքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին՝ այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ պնդեց, թե պատմության մեջ խորանալու փոխարեն անհրաժեշտ է հենվել ընդամենը մի քանի ամիս առաջ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։

«Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի դա, որովհետև կա 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված և նախաստորագրված փաստաթղթերը, և կա 2024 թվականի սեպտեմբերի՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը: Այսինքն՝ հիմա ընկնել պատմական բանավեճերի՝ էս էս է գրած, և էդ բոլոր անունները՝ ո՞վ է ասել, որ էդ անուններն ադրբեջանական են. էդ անունները թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են», - հայտարարեց վարչապետը:

Ադրբեջանական կողմը, սակայն, ոչ միայն և ոչ այնքան անցյալի, որքան ապագայի մասին է խոսում՝ ՀԿ-ների ու նախագահ Ալիևի ելույթներում կարմիր թելով միևնույն միտքն է անցնում՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան։ «Ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով», - օրեր առաջ հայտարարել էր Ադրբեջանի առաջնորդը։

Նիկոլ Փաշինյանը, որ մի քանի ամիս է հայտարարում է, թե տարածաշրջանում այլևս խաղաղություն է հաստատվել, այսօր ընդունեց՝ Բաքվի երկիմաստ հայտարարությունները այդ օրակարգը կարող են վտանգի տակ դնել:

«Ինչ վերաբերում է գնալ-գալուն՝ խաղաղությունը նրա մասին է, որ Հայաստանից մարդիկ կարող են գնալ ավտոմեքենայով այդ թվում Բաքու, Ադրբեջանից էլ ավտոմեքենայով կարող են գալ այդ թվում Երևան: Իսկ եթե խոսքը ուրիշ բանի մասին է, ես ասում եմ՝ էդ օրակարգը վտանգավոր է խաղաղության համար», - ընդգծեց վարչապետը:

Չնայած հայկական կողմի զգուշացումներին՝ Բաքվում ոչ միայն չեն հրաժարվում, այլև պատրաստվում են է՛լ ավելացնել «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով քննարկումները։

Այսօրվա համաժողովի ժամանակ, մասնավորապես, «Ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» տնօրեն Այգուն Ալիևան հայտարարել է, որ այս տարի պետական բյուջեից ռեկորդային շատ՝ 51 նախագիծ է ֆինանսավորվել, և հաջորդ՝ 2026-ին էլ այս թեման կլինի կառավարության դրամաշնորհային մրցույթների առաջնահերթությունների շարքում։

«Նախապատվությունը կտրվի Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ արտասահմանում համաժողովներ կազմակերպելու, միջազգային ՀԿ-ների հետ համատեղ զեկույցների պատրաստման և տարածման նախաձեռնություններին», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան, մանրամասնելով՝ միայն վերջին երկու տարվա ընթացքում այս նախագծերի շրջանակներում ադրբեջանական ՀԿ-ները անցկացրել են մոտ 50 համաժողով, հրատարակել են 25 գիրք, պատրաստել 11 վավերագրական ֆիլմ և 21 տեսանյութ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG