«Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում է ենթադրում»,- Austria Press լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով բանագնաց Էլչին Ամիրբեկովը: Նա հատուկ ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրությունն այս առումով խնդիրներ է ստեղծում։
«Փաստաթղթի նախաբանում Ղարաբաղին վերաբերող տարածքային պահանջներ կան»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Խոսելով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին՝ Ամիրբեկովը նշել է, որ Հայաստանի տարածքով անցնող 43 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը «խիստ կարևոր է»։
«Խոսքը ոչ միայն Ադրբեջանի երկու հատվածների վերամիավորման, այլև Հայաստանի և Ադրբեջանի, Ասիայի և Եվրոպային միացման մասին է։ Սա խաղաղության նախագիծ է, որից քաղաքական կամքի առկայության դեպքում տարածաշրջանում բոլորը կարող են շահել»,-նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Երևանն արդեն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո ընդունելու է նոր Սահմանադրություն՝ հերքելով, թե դա Բաքվի պահանջով է արվում:
Նախորդ շաբաթ պատասխանելով հարցին՝ ի՞նչ կլինի, եթե սահմանադրական հանրաքվեն տապալվի, վարչապետն այդ սցենարը հնարավոր չհամարեց: «Ես կարծում եմ, որ Սահմանադրությունը կընդունվի, որովհետև, էլի եմ ասում, էս պրոցեսի հեղինակը ժողովուրդն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության սնուցող մայրերի», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: