Պաշտոնական Բաքուն BBC-ի ադրբեջանական ծառայությանը կարգադրել է դադարեցնել գործունեությունը Ադրբեջանում։ Լրատվամիջոցի հայտարարության համաձայն՝ բրիտանական հեռարձակողը փակում է իր գրասենյակը երկրում, ափսոսանք հայտնելով Ադրբեջանում «մամուլի ազատության դեմ ուղղված այս սահմանափակող քայլի համար»։
Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևի վարչակազմը ցանկանում է երկրում գործող BBC-ի աշխատակիցների թիվը հասցնել մեկի:
BBC -ի ադրբեջանական ծառայությունը գործում է 1994 թվականից:
Վերջին մի քանի շաբաթներին Ադրբեջանում իրենց գործունեությունը դադարեցրել են կառավարությանը չենթարկվող մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Թուրան» գործակալությունը:
2023 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանում բանտարկվել է ավելի քան երեք տասնյակ լրագրող և բլոգեր։ Ձերբակալվածների մեծ մասը անկախ լրատվամիջոցների՝ Meydan TV-ի, AbzasMedia-ի, Toplum TV-ի, Kanal13-ի աշխատակիցներն են։