Խաղաղության պայմանագրի ստորագրման մասին արտգործնախարարի երեկվա «զգուշավոր լավատեսությունից» հետո «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն այսօր խուսափում էին խոսել բանակցություններից:
Համաձայնագրի տեքստն ամբողջացնելու և ստորագրելու Արարատ Միրզոյանի հայտարարությանն անմիջապես հետևեց Ադրբեջանի արտգոծնախարարի արձագանքը, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ Հայաստանի Սահմանադրությունը: Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ հարցը Բաքվի օրակարգից դուրս չի եկել:
«Կարծում եմ՝ անիրատեսական է ակնկալել, որ Ադրբեջանը հրաժարվելու է Սահմանադրության փոփոխության պահանջից ու զարմանալի է նմանատիպ դատողությունները, որ Հայաստանում հատկապես իշխող կուսակցության անդամները նմանատիպ ակնկալիքներ ունեին», - նշեց Գրիգորյանը:
Երեկ խորհրդարանական քննարկումներին իշխանական պատգամավորներից Հասմիկ Հակոբյանն էր ակնարկում, թե կազանյան բանակցություններից հետո Բաքուն Սահմանադրության փոփոխության մասին չի խոսում: Նախարար Միրզոյանն էլ շարունակել էր, թե Ադրբեջանի մտահոգությունները փարատող «հզոր ապացույց է» Սահմանադրական դատարանի որոշումը:
«Ալմաթայի հռչակագրով նախանշված, այն է՝ Սովետական Միության գոյության վերջին տարիներին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև եղած սահմանների հիման վրա այժմ արդեն անկախ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև միջպետական սահմանների սահմանազատումը սահմանադրական է և այդ սահմաններից այն կողմ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային պահանջ», - հայտարարել է Միրզոյանը:
Բաքուն տևական ժամանակ է՝ բարձրացնում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, հայ պաշտոնյաները նախ հակադարձում էին, թե դա Երևանի ներքին գործն է, հետո՝ թե Սահմանադրությունն ու դրանում հիշատակված Անկախության հռչակագիրը նույնական չեն, այժմ էլ հղում են անում Սահմանադրական դատարանի որոշմանը: Բայց դա էլ, ըստ քաղաքագետի, չի բավարարի Բաքվին, որպեսզի Երևանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրի:
«Բաքվի նախապայմանի բնույթն այնպիսին է, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէ շատ արագ կատարել, խոսքը Սահմանադրության փոփոխության մասին է: Մենք տեսնում ենք նաև, որ այլ տեսակի հավաստիացումները Հայաստանի կողմից, որ Սահմանադրությունը խնդիր չի լինելու, մասնավորապես, Սահմանադրական դատարանի վերջին որոշումը և այլն, Բաքվին չեն բավարարում: Այդ ամենից ելնելով կարելի է եզրահանգել, որ բուն խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը կապված է հենց փոփոխության հետ», - ընդգծեց Տիգրան Գրիգորյանը:
Հայաստանի արտգործնախարարը երեկ նշել էր, թե այժմ Բաքվի հետ աշխատում են տեքստի մեկ-երկու ձևակերպման շուրջ, որից հետո փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման: Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը մինչև COP 29-ը Երևանի և Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է համարում միայն սիմվոլիկ հարցերի շուրջ:
«Այսինքն՝ կարող է ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստող ինչ-որ փաստաթուղթ լիներ, բայց պայմանագրի ապագան, ինչպես տեսնում ենք, կախված է ինչպես Սահմանադրության փոփոխության պահանջի հետ, բայց չմոռանանք նաև, որ կան երկու չհամաձայնեցված կետեր», - ընդգծեց նա:
Իշխանությունից հայտնում են, որ այս պահին կողմերը աշխատում են համաձայնագրի տեքստի վրա՝ չբացառելով նաև դեմ առ դեմ բանակցությունները: Վարչապետ Փաշինյանը նոյեմբերի 7-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Ալիևի մասնակցության մասին ադրբեջանական աղբյուրներն առայժմ չեն հաղորդել։