Մատչելիության հղումներ

Բաքուն խաղաղության պայմանագրի իր տարբերակն ուղարկելուն զուգահեռ սպառնում է, Երևանը դեռ չի արձագանքում


Հայաստանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ
Հայաստանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Բաքուն խաղաղության պայմանագրի նախագծի իր տարբերակը Երևանին ուղարկելուն զուգահեռ սպառնում է «պարտադրել Հայաստանին այն ստորագրել»։ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովն ընդգծել է՝ որպես հաղթանակած երկիր կարող են դա անել:

Ո՛չ Հայաստանի արտգործնախարարությունը, ո՛չ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները Ադրբեջանից հնչած սպառնալիքներին մինչ այս պահը չեն արձագանքել: Իշխող կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը պատճառաբանեց, թե ծանոթ չէ ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարություններին. - «Որևէ բան մեկնաբանելու համար շատ ճիշտ և արդյունավետ կլինի՝ ես կարդամ մեկ անգամ գոնե, ամբողջ կոնտեքստն ընկալեմ, նոր մեկնաբանեմ»:

Բաքուն մերժել է համաձայնեցված կետերով փաստաթուղթ ստորագրելու, չհամաձայնեցվածների քննարկումն ապագային թողնելու Երևանի առաջարկը՝ պնդելով, որ տեքստն ամբողջությամբ պետք է համաձայնեցվի, այժմ կողմերը հենց դա էլ փորձում են անել: Ադրբեջանի վերջին խմբագրումը Երևանը ստացել է երեկ, սակայն մանրամասներ փաստաթղթից հայտնի չեն:

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը նշանակում է, որ Բաքուն սպառնալիքով Երևանին պարտադրում է ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրել:

«Հիմա իրենք ասում են՝ ընդամենը մի կետի շուրջ, փոքր ինչ-որ բովանդակություն, եսիմինչեր, Արարատ Միրզոյանի լիրիկան, վստահ եմ, տեսել եք, հիշում եք: Եվ հիմա իրենց Անվտանգության խորհրդի քարտուղարը շատ ավելի հստակ էր, ասեց՝ կա՛մ սենց, կա՛մ նենց, որովհետև փաստաթուղթը, որը դրված է սեղանին, խաղաղություն չի, դա կապիտուլյացիայի փաստաթուղթն է. երբ մենք առաջին անգամ տեքստը տեսանք, դա մեր հայտարարությունն էր, մանրամասները չեմ կարող ներկայացնել, բայց դա խաղաղություն չի բերելու», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Խաչատրյանը:

Իշխանությունից, մինչդեռ, վստահեցնում են՝ բանակցություններում դրական զարգացումներ կան, և ավելի քան երկու տարվա քննարկումներից հետո պայմանագիր կնքելու հնարավորություն են տեսնում: Գևորգ Պապոյանը, սակայն, այս պնդումն արեց առանց բովանդակային մանրամասների:

«Այն գործընթացը, որը հիմա կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, իմ մոտ տպավորություն է թողնում դրական իմաստով, որ մենք, այնուամենայնիվ, կգնանք և, գնում ենք դրան և ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը: Ինչ-որ կետեր են եղել, որի շուրջ անհամաձայնությունը եղել է շատ ավելի մեծ, հիմա բանակցությունների արդյունքում այդ չհամաձայնեցված կամ քննարկելի կետերի շրջանակը էականորեն փոքրացել է», - հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահը:

Համաձայնագրի բովանդակությունից մի շարք կետեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրայնացրել է, բայց վիճահարույց հոդվածներից վարչապետն ու թիմակիցները հրաժարվում են խոսել՝ պատճառաբանելով, թե կխախտեն բանակցային էթիկան:

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը Հայաստանի դիվանագիտության ձախողում է համարում նաև այն, որ Բաքվի սպառնալիքների ֆոնին Երևանը մնացել է միայնակ՝ առանց որևէ միջազգային դերակատարի լուրջ աջակցության:

«Եվ Փաշինյանը, ով Ադրբեջանի դեմ չի կարողանում ոչինչ անի, գալու է ժողովրդին շանտաժի ենթարկի, ասելու է՝ «դե տեսեք, եթե սա չանենք, կլինի պատերազմ»: Նույնը չէ՞ր՝ «եթե սա չանենք, Ղարաբաղը չտանք, հարձակում կլինի Հայաստանի վրա», «եթե սահմանազատում չլինի Կիրանցում, կռիվ կսկսվի»: Ու էդ քաղաքականությունը իրենք շարունակելու են: Փաշինյանը ադրբեջանական պահանջները փորձում է սեփական ժողովրդի վրա ծախել», - հայտարարեց Խաչատրյանը:

Առանց միջնորդների՝ ուղիղ բանակցություններ անցկացնելու գաղափարն ի սկզբանե Բաքուն առաջ է քաշել՝ զուգահեռ բոյկոտելով արևմտյան առաջնորդների միջնորդությամբ բանակցությունները: Հիմա հայաստանցի պաշտոնյաներն էլ համարում են, որ սա առավել արդյունավետ ֆորմատ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG