Մատչելիության հղումներ

Բաքուն նորից պնդում է՝ առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագիրը «թղթի կտոր կլինի»


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը

Մինչ Երևանն առաջարկում է Ադրբեջանին օր առաջ խաղաղության պայմանագիր կնքել, Բաքուն շարունակում է պնդել ՝առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության այդ պայմանագիրը «թղթի կտոր կլինի»։

«Մեզ պետք են երաշխիքներ», - իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ թվարկելով՝ որոնք են պայմանագրի ստորագրմանը խանգարող խոչընդոտները։

«Առաջինը՝ Հայաստանի Սահմանադրությունն է, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դրա նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ հայերենով գրված է «միացում» բառը, ինչը նշանակում է ադրբեջանական տարածքի՝ Ղարաբաղի միավորում Հայաստանին», - նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Հաջիևը պնդել է, թե հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե՝ հրաժարվելով ադրբեջանական տարածքների նկատմամբ նկրտումներից։

Հարցազրույցը տպագրվել է 44-օրյա պատերազմի տարելիցին, ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները այն տարածել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո, որի ավարտին կողմերը խոստացել էին հավելյալ ջանքեր ներդնել խաղաղության համաձայնագիրն ամենակարճ ժամկետներում կնքելու համար։

«Փաստացի տարածաշրջանում արդեն կա խաղաղություն, բայց ոչ թե Հայաստանի բարի կամքի, այլ՝ Ադրբեջանի հարկադրական ու ռազմական քայլերի շնորհիվ», - պնդել է Ալիևի օգնականը։

Հարցին, թե էլ ի՞նչն է խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարում, Հաջիևն արձագանքել է՝ Հայաստանի «ռազմականացումը»։

«Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, ոչ թե ռազմական դաշինքները, որոնք սպառնում են Ադրբեջանի անվտանգությանը», - ասել է նա։

«Ադրբեջանցիները պետք է իրենց ծննդավայր՝ Հայաստան վերադառնալու իրավունք ունենան»

Հայաստանին զինելու, տարածաշրջանում խաղաղությունը սասանելու հարցում Ֆրանսիային մեղադրելուց բացի Հաջիևը նաև Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն է խնդիր համարել։ Բացի այդ, կրկին պնդել՝ «ադրբեջանցիները պետք է իրենց ծննդավայր՝ Հայաստան վերադառնալու իրավունք ունենան»։

«Իմ նախնիները Գյոչայի շրջանից են, որը հայերը Սևան են ասում։ Ադրբեջանցիների մեծ մասը սերում են այն տարածքներից, որտեղ հիմա հայեր են ապրում, այդ թվում՝ Երևանի խանությունը, որը պատմականորեն համարվել է ադրբեջանական հող, բայց հետո օկուպացվել Ռուսական կայսրության կողմից։ Դա պատմական ու մշակութային հարց է, որը վերաբերում է քաղաքացիական անձանց վերադարձի իրավունքին։ Ադրբեջանցիները, որոնք ծնվել են այդ տարածքներում, պետք է իրենց նախնիների հողը վերադառնալու իրավունք ստանան։ Բայց սա տարածքային նկրտում չէ, ոչ էլ Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում», - ասել է նա։

Խոսելով մեկ տարի առաջ Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճակատագրից՝ Հաջիևը պնդել է՝ եթե նրանք ուզում են վերադառնալ, պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունն ու օրենքները։

«Հայաստանը, սակայն, իր հերթին պետք է պատրաստ լինի նույն իրավունքները տալ Արևմտյան Ադրբեջանի համայնքին, և նրանց համար վերադարձի հնարավորություն ստեղծել», - նշել է Ալիևի օգնականը։

Հաջիևը, միաժամանակ, հերքել է պնդումները, թե անցած չորս տարում ադրբեջանական բանակն ինքն է Հայաստանից տարածքներ օկուպացրել։

«Այդ մեղադրանքներն անհիմն են։ Եթե սահմանի գիծը որոշված չէ, և որևէ մեկը չգիտի, թե որտեղով է այն անցնում, ինչպես նրանք կարող են մեզ մեղադրել տարածքներ գրավելու մեջ», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Սահմանագծման բացակայությունը, սակայն, չի խանգարել Հաջիևին պնդել, թե մինչ այդ Հայաստանը ադրբեջանական ութ գյուղեր էր գրավել, որոնցից չորսն «ազատագրվել են սահմանազատման ընթացքում»։

XS
SM
MD
LG