Մատչելիության հղումներ

Բաքուն Երևանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը. Հաջիև


Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Շուշիում անցկացվող մեդիա ֆորումում։

«Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան` հավելելով, որ կողմերը դրանց շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ը։

Հաջիևը միաժամանակ շարունակել է պնդել Բաքվի պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը։

«Եթե կա սահմանադրական պահանջ մեկ այլ պետության տարածքի նկատմամբ, ապա դա պետք է ավարտվի, և իրավական դաշտը պետք է լինի այնպիսին, որ ամբողջությամբ վերջ դնի տարածքային պահանջներին, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել այս հարցում», - ասել է նա։

Երևանն ադրբեջանական այս պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակել։ Հայկական կողմը նաև բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի։ Տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել Պրահայում, հետո Բրյուսելում։

Բացի այդ, Իլհամ Ալիևի օգնականի փոխանցմամբ՝ Բաքուն առաջարկում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով։

Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություններն ընդամենն արձանագրել էին «խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը» և նշել, թե համաձայնել են շարունակել աշխատանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG