Մատչելիության հղումներ

Պետք է արդյոք Բաքու մեկնել, երբ ՊՆ կգա ԱՄՆ խորհրդատուն ու ինչ կլինի հայ-ամերիկյան հաջորդ զորավարժություններին


Որպեսզի COP29-ին Արարատ Միրզոյանի մասնակցությունը դառնա իրականություն, պետք Բաքուն ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ չի պատասխանում հարցին՝ արդյոք Արարատ Միրզոյանը կընդունի Բաքվի հրավերը և կմեկնի Ադրբեջան։

«Ազատություն». - Նոյեմբերին Բաքվում կայանալու է COP29-ը և Բաքուն արդեն հրավիրել է նաև Հայաստանի արտգործնախարարին մասնակցելու այդ համաժողովին, ինչպե՞ս եք գնահատում այս հրավերը:

Անդրանիկ Քոչարյան. - Առաջարկը նորմալ, բայց որպեսզի մասնակցությունը դառնա իրականություն, պետք է այդ թշնամանքը հեռացված լինի, և Բաքուն էլ պետք է ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում իր ծրագրերի մեջ:

«Ազատություն». - Ճի՞շտ է նոյեմբերին Բաքու գնալը:

Քոչարյան. - Իհարկե, բայց գնալու համար պետք է Բաքուն շատ բան անի, որպեսզի էդ ընկալումը լինի շատ համարժեք:

«Ազատություն». - Օրինակ ի՞նչ:

Քոչարյան. - Պետք է փոխի իր ինչ-որ հռետորաբանությունը, պետք է ինքն էլ ձգտի խաղաղության, ոնց մենք ենք ձգտում:

«Ազատություն». - Պե՞տք է հրաժարվի պահանջից, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, ԵԱՏՄ Մինսկի խմբից դուրս գա:

Քոչարյան. - Ինքը ոչ թե պետք է պահանջներ դնի, այլ պետք է ձգտի խաղաղության հասնելու ճանապարհներ: Էդ պահանջներով ինքը խաղաղության հասնելու ճանապարհները սահմանափակում է: Շատ կարևոր է էն պահանջների իրացումը, որոնք իրատեսական են, կարող ես պահանջներ դնել, բայց դա իրատեսական չի լինի: Պահանջը դնում ես և դառնում ես գերի էդ պահանջներին, բայց որ պետք է խոսել, քան կրակել, դա քննարկման թեմա չի: Իհարկե, պետք է խոսել, խոսել այն հարցի շուրջ, որը կապահովի խաղաղություն:

«Ազատություն». - Պարոն Քոչարյան, Դուք ճիշտ եք համարում Բաքու գնալը, սակայն, ընդդիմության համոզմամբ, դա արկածախնդրություն է և Հայաստանն այս քայլով որևէ օգուտ այդ այցից չի ստանալու, ընդամենը Բաքվին օգնելու է միջազգային հանրության առջև հանդես գալ իբրև կառուցողական երկիր, որը չնայած այս շատ բարդ հարաբերության, հրավիրում է Հայաստանին:

Քոչարյան. - Խորհրդարանական ընդդիմությունը տևական ժամանակ իրեն անվտանգային հարցերից դուրս է դրել: Ի՞նչ է նշանակում, արկածախնդիր, երբ որ քննարկումները միտված են լինելու խաղաղության հասնելուն: Ոչ, ցանկացած խոսակցություն, որը բացառում է կրակելը և տալիս է հնարավորություն էդ նպատակին հասնելու, պետք է իրացնել:

«Ազատություն». - Իսկ հնարավո՞ր է, որ Բաքում մեկնելով նաև այդ ընթացքում գերիների վերադարձի հարցը լուծվի:

Քոչարյան. - Հրավերի առաջարկ անող կողմը պետք է նաև ստեղծի այդ պայմանները, որպեսզի հրավիրյալ կողմը անկաշկանդ կարողանա գնա և վստահաբար լինի խաղաղության հասնելու նպատակին հասնելու քննարկումներ:

«Ազատություն». - Այդ քայլերից մեկը կարո՞ղ է լինել գերիների վերադարձը:

Քոչարյան. - Իհարկե, գերիների վերադարձը մշտական լուծում պահանջող օրակարգ է ամեն վայրկյան, ամեն օր, և փնտրտուքը շարունակաբար շարունակվում է: Եվ քանի դեռ կան գերիներ նշանակում է խաղաղության հասնելու նպատակին կա խոչընդոտ, գերիներն անշեղորեն պետք է ազատության մեջ լինել: Պետք է գերի չլինի, գերու բացակայությունը տալիս է մեծ հնարավորություն խաղաղության հասնելու, երբ որ գերի կա, խոսել խաղաղության մասին մի քիչ շատ բարդ է:

«Ամերիկյան կողմը եկել է իր զրահատեխնիկայով». հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

Քոչարյան. - Այս պահին, մենք Միացյալ Նահանգների հետ անում ենք 2-րդ զորավարժությունը: Իհարկե, դա ծավալով շատ մեծ չի, բայց դա շատ կարևոր է, ունի ուսուցողական շատ կարևոր կոմպոնենտ:

«Ազատություն». - Անցած տարի, երբ համատեղ զորավարժություն էին անցկացվում, մասնակցում էին 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ, այս անգամ ի՞նչ թվաքանակով զինծառայողներ են ներգրավված այսօրվա զորավարժություններում:

Քոչարյան. - Ձեր նախանշած թվերից մի քիչ ավելի:

«Ազատություն». - Պապան Քոչարյան, տեղեկություններ կան, որ զորավարժությունների շրջանակներում ԱՄՆ-ից Հայաստան են ժամանում բարձրաստիճան ամերիկացի գեներալներ, Դուք ունե՞ք այդպիսի տեղեկություններ:

Քոչարյան. - Գալիս են մասնագետներ, որոնք նաև զորավարժության ընթացքում հետևում են, նաև համեմատում են մեկ տարի առաջ տեղի ունեցած զորավարժության հետ, որովհետև սա չի կարող կրկնել անցյալ տարի անցկացված զորավարժությունները, այլ ձեռքբերված հմտությունները արդյոք կիրառելի՞ են հիմա, և ձեռքբերումները տեսանելի են, թե՝ ոչ: Բնականաբար, և՛ ամերիկյան կողմի, և՛ հայկական կողմի համապատասխան պաշտոնյաների մասնակցությունը հուշում է այն մասին, որ ավարտից հետո կլինեն եզրակացություններ, համատեղ քննարկումներ և կնախանշվի հաջորդ անգամ ինչ ծավալի զորավարժություն է պետք անել, որը կլինի ավելի տարողունակ, քան եղավ այս տարի:

«Ազատություն». - Այսինքն՝ այս տարվանը տարբերվում է նախորդ տարվա զորավարժություններից՝ իր ծավալով, մեթոդաբանությամբ:

Քոչարյան. - Ես կարծում եմ, որ՝ այո:

«Ազատություն». - Այս զորավարժությունների շրջանակներում տեղեկություններ շրջանառվեցին, որ ԱՄՆ ռազմական բեռնատար ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, ռազմական տեխնիկայով բեռնված, սա իրականությանը համապատասխանո՞ւմ է:

Քոչարյան. - Իհարկե, բա ինչո՞վ պետք է գային իրենք մասնակցեցին զորավարժություններին, պարզ է, չէ՞, իրենց տեխնիկայով, մենք մեր տեխնիկայով: Տեխնիկաները մի հատ կհամադրվեն, կհամեմատվեն՝ որն է լավ, որն է վատ, մենք էլ կմտածենք՝ ինչ ձեռք բերենք: Բնականաբար, դա էս ծավալի մեջ էս զորավարժությունը այն ծավալները և այն խորհուրդը չի, որ դուք անընդհատ փորձում եք, տեսնեք, բայց սրանք քայլեր են, որ մեզ տանում են այն ուղղությամբ, որ մենք կունենանք մի օր ծավալ էլ, խորություն էլ և ռազմատեխնիկայի էնպիսի ներկայություն և դրանց մասնակցությամբ նաև կառավարման հմտությունների ավելացվում մեր համար, որը սարերի հետևում չի: Այո, ինքնաթիռ էլ է իջել, ռազմական ինքնաթիռի հետնամասը բացվել է, դուրս է եկել ռազմական տեխնիկան, գնացել են զորավարժությունների համապատասխան տարածք, մասնակցում են զորավարժությունների:

«Ազատություն». - Զրահատեխնիկայի մասի՞ն է խոսքը նաև:

Քոչարյան. - Անպայման, ամերիկյան կողմը եկել է իր զրահատեխնիկայով, իր անձնակազմով: Դուք թվե՞ր ենք ուզում, թվերի մասին չէ խոսքը, եկել է անձնակազմ իր ռազմատեխնիկայով՝ համապատասխան զորավարժության բնույթի, թե ինչ բնույթ ունի, դա արդեն հարցազրույցի թեմա չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG