Մատչելիության հղումներ

Բագրատ սրբազանը պնդում է՝ իրենց սկսած պայքարը չի ընդհատվելու, այժմ վերադասավորման փուլում են


«Կղերաֆեոդալ, նարկոբարոն, ագենտ տեսե՞լ եք», - վարչապետի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն աջակիցների հետ այս հարցով մտավ Սյունիքի Ներիքն Հանդ։ Հանդիպումն այն նույն տաղավարում էր, որտեղ երկու շաբաթ առաջ վարչապետ Փաշինյանն էր:

Երեք կողմից ադրբեջանական դիրքերով շրջապատված գյուղում Փաշինյանին ջերմությամբ էին ընդունել՝ շատ լավ ենք, ասել էին, գյուղացիներից մեկը չէր դիմացել՝ համբուրել էր վարչապետի ճակատը, շնորհակալ են, որ տանիքների ու ջրի հարցը կլուծվի։ Գյուղը շուրջ 45 բնակիչ ունի՝ կեսը վարչապետի հանդիպմանն էին, կեսը՝ սրբազանի:

Ներքին Հանդի գերեզմանոցը ադրբեջանցիների հսկողության տակ է, գյուղացիները պնդում են՝ նրանց դիրքերը հայկական հողերի վրա են, սահմանազատման գործընթացը լավը կլիներ, եթե նրանք հետ քաշվեին, դրան հավատացող չկա:

Ընդդիմադիր արքեպիսկոպոսը Սյունիքի սահմանային գյուղում էլ նույնն է ասում՝ իրենց պայքարը ստի դեմ է, մի թարմ օրինակ ունի, վարչապետ Փաշինյանն առաջինը հենց Ներքին Հանդում ցույց տվեց սահմանային պատնեշի լուսանկարը Ոսկեպարից, գյուղացիներին դուր եկավ, ասացին՝ «սրանից ենք ուզում», Բագրատ սրբազանը պնդում է՝ Ոսկեպարի սահմանին այդպիսի պատնեշ փնտրել ու չի գտել, որովհետև այն ուրիշ տեղ է:

Բագրատ սրբազանը շեշտում է՝ իրենց սկսած պայքարը չի ընդհատվելու, հաղթանակելու է, այժմ վերադասավորման փուլում են։ Հանդիպումներն այսօր մի քանի համայնքներում են, ոչ այնքան բազմամարդ։ Արքեպիսկոպոսն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ մարդկանց ճնշում են. - «Լրիվ այլ պատկեր է մեր աչքերի առջև, պարզ է, մեր այցի հետ կապված բնակչության վրա տարբեր տեղերում երեկվանից սկսած արդեն տեղեկություններ են մեզ հասնում են, որ զանազան պատճառներով ճնշում են բանեցնում, որպեսզի մարդիկ խուսափեն որևէ ձևով հանդիպելուց»:

Գալստանյանը վստահ է՝ մարդիկ փոփոխություն են ուզում, իրենից պահանջում են չնահանջել, ճնշումները ոչինչ չեն տա, մարզային այցերը շարունակելու են:

Մարինա Սարգսյանը Ստեփանակերտից է տեղահանվել ու Դավիթ Բեկ գյուղ է եկել, սահմանային գյուղ է՝ սահմանազատման պրոցեսին տիկին Մարինան չի սպասում, որովհետև, ասում է՝ «միայն մենք ենք զիջում»:

Վարչապետ Փաշինյանը Սյունիք կատարած այցը բնորոշել էր քաղաքական կեղծիքի բացահայտման մեծ միջոցառում, այնտեղից վերադարձել համոզված, որ ամեն ինչ ճիշտ են անում, մարդիկ սահմանազատման գործընթացը ողջունում են։ Արքեպիսկոպոսի հետ հանդիպման եկածները այդ կարծիքին չեն։

Ընդդիմադիր շարժման առաջնորդի երթը Սյունքի բնակավայրերով շարունակվելու է նաև վաղը Շուռնուխ, Գորիս, Սիսիան, առաջիկա հասցեներն են։ Քաղաքական զրույցներից բացի սրբազանն աղոթում է, լուսաբացը դիմավորում Խուստուփի լանջին, բարձրանում ուխտի՝ Նժդեհի շիրիմին ու երգում Արաքսի ափին:

XS
SM
MD
LG