Մատչելիության հղումներ

Բաբայան. «Վանեցյանի հետ համագործակցությունը Էջմիածնում կորոշի մեր հետագա անելիքները»


Արթուր Վանեցյան և Սամվել Բաբայան, կոլաժ
Արթուր Վանեցյան և Սամվել Բաբայան, կոլաժ

«Հայրենիք» կուսակցությանն ենք աջակցում, իրա թեկնածուին, և [Էջմիածնի ՏԻՄ ընտրությունների] արդյունքներից հետո մենք քաղաքական որոշում երկուսով կկայացնենք: Հայաստանի քաղաքական դաշտում միակ երիտասարդ անձը էսօր ես տեսնում Վանեցյան Արթուրին և պատրաստ եմ իրան օգնեմ, որ կայանա ինքը որպես քաղաքական գործիչ: Հայաստանի քաղաքացին ինձ հարց է տալիս անընդհատ՝ Դո՞ւք եք լինելու վարչապետի թեկնածուն, ասում եմ՝ ոչ, չէ՞, միշտ դա եմ չէ՞ ասել: Կարա և լինի Արթուր Վանեցյանը, կարա լինի և ուրիշ, բայց ես չեմ». - Civilnet-ին երեկ տված հարցազրույցում Արցախի Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի արած այս հայտարարությունն ինչքան կայծակնային տարածվեց, նույնքան արագ էլ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը շտապեց պարզաբանել՝ հաջորդ ընտրություններին համագործակցությունը չեն քննարկել, խոսքը բացառապես Վաղարշապատի տեղական ընտրությունների մասին է:

«Ազատության» հետ զրույցում Սամվել Բաբայանն այսօր պնդեց՝ խորհրդարանական ընտրություններին միասին մասնակցելու պայմանավորվածություն չկա: Նույնը՝ «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանը:

«Կա խնդիր, որ մեր համագործակցությունը Էջմիածնում կորոշի մեր հետագա անելիքները: Բերեք սենց ձևակերպենք ու դրանով կանգ առնենք, չխորանանք», - ասաց Բաբայանը:

«Բայց եթե հետագա անելիքներից եք խոսում, ուրեմն քննարկում ունենում եք Վանեցյանի կուսակցության հետ», - այս դիտարկմանը նա արձագանքեց. - «Վանեցյանի հետ եմ հանդիպում, խոսում, կուսակցության անդամների հետ ես նման հարցեր չեմ քննարկել, չեմ խոսել, տեղյակ չեմ: Ես ասեցի էն, ինչ որ խոսել ենք իր հետ»:

Հարցին էլ՝ «իսկ Վանեցյանի հետ ի՞նչ եք խոսում», Բաբայանը պատասխանեց. - «Էջմիածնում համագործակցում ենք, ես օգնում եմ իրա կուսակցության այդ թեկնածուին, ու վերջ: Դրանից հետո արդյունքներով կգնանք կնստենք կխոսենք»:

Համագործակցությունը ստացվելու դեպքում, բացառո՞ւմ է արդյոք, որ այն խորհրդարանական ընտրություններում էլ կկայանա, «Հայրենիք»-ի գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանն այս առնչությամբ ասաց. - «Ես նորից չեմ պատասխանի Ձեր հարցին, ասելով՝ ես չեմ բացառում և շարունակություն, որպեսզի դա էլ չդառնա հերթական վերնագիրը և չստացվի, որ մենք որևէ ակնարկ ենք անում միասին գնալու խորհրդարանական ընտրությունների, քանի որ էդպիսի բան չկա, էդպիսի իրականություն չկա: Էս պահի դրությամբ գործում է կուսակցության նախագահ Վանեցյանի էն հայտարարությունը, որ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց՝ չբացառելով կոնսուլտացիաները քաղաքական ուժերի հետ և հասկանալու՝ որն է ամենաարդյունավետ ձևաչափը»:

Սամվել Բաբայանը 2021-ի ընտրություններում գլխավորում էր խորհրդարան չանցած Ազատական կուսակցության ցուցակը, վարչապետի թեկնածուն էր: Նա այսօր Էջմիածնի արդյունքներով պայմանավորեց 2026-ի ընտրություններին մասնակցության հնարավորությունը:

«Հայրենիք»-ը, որը նախորդ ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցության հետ դաշինքով մասնակցեց, խորհրդարանում էլ որոշ ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության մաս կազմեց, այժմ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժի հետ կրկին նույն ճանապարհը անցնել չի ուզում:

«ՀՀԿ-ի մասով մենք և, այդ թվում ինչու չէ՝ նաև ՀՀԿ-ն, բազմիցս ասել է, որ դաշինքը եղել է իրավիճակային և եղել է պայմանավորված հետպատերազմյան ժամանակաշրջանում անցկացվող ընտրություններին ամեն գնով Նիկոլ Փաշինյանին, գոնե ամեն ինչ անելու, որ ամեն գնով Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի: Ցավոք, դա չստացվեց: Այսինքն՝ դա չի ենթադրել որևէ շարունակականություն քաղաքական համատեղ գործունեության, չի էլ եղել հետագայում էդ համատեղ գործունեությունը քաղաքական և ներկայում չկա: Հետևաբար, հիմքեր՝ ասելու, որ դա կրկնություն կունենա, չկա և չի կարող լինել», - հայտարարեց Հակոբյանը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG