Մատչելիության հղումներ

ԱԺ նիստը սովորականից ուշ մեկնարկեց՝ քվորում չապահովելու պատճառով, Փաշինյանը դարձայլ զայրացավ

Լրացված

Ազգային ժողովի նիստն այսօր սովորականից ուշ մեկնարկեց՝ քվորում չապահովելու պատճառով. 49 պատգամավոր էր ներկայացել նիստին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ գրանցումը բաց կմնա մինչև մյուս պատգամավորների ներկայանալը։ Լրատվամիջոցների կադրերում երևում է, որ սա զայրացրեց բյուջեի քննարկման համար Ազգային ժողով եկած վարչապետին, ով վերցրեց նոութբուքն ու հեռախոսը և դուրս եկավ նիստերի դահլիճից:

Խորհրդարանի նիստը մեկնարկեց մոտ 15 րոպե անց:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահն ասաց, որ վերջին 5 տարիների ընթացքում ԱԺ իշխող խմբակցությունը մենակ է ապահովում ԱԺ ամբողջ աշխատանքը, ընդդիմադիրները գրեթե նիստերին չեն գալիս։

«Ընդամենը տասը րոպե ուշացում է եղել, որոշ պատգամավորներ՝ չորսը, նորածին բալիկ ունեն, բնական է, որ կարող են ուշանալ», - ասաց նա։

Դիտարկմանը, թե ըստ տեսանյութերի՝ վարչապետը զայրացել էր, Սիմոնյանը հաստատեց՝ նշելով. «Ջղայնանում էր, որ չենք կարողացել այս պահին քվորում ապահովել»:

Ի դեպ, երեկ էլ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը ընդմիջվել էր, քանի որ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով պիտի զեկույց ներկայացներ, այդ պահին դահլիճում չէր: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում էր հայտարարել:

Սա ակնհայտորեն հարուցել էր դահլիճում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը. News.am-ի տեսանյութում երևում էր, որ դահլիճ շտապած Անդրանիկ Քոչարյանը մոտենում է վարչապետին, թերևս փորձում բացատրել ուշացումը, բայց Փաշինյանը լքում է դահլիճն ու նրա ելույթի ժամանակ չի վերադառնում:

Խորհրդարանի խոսնակը հերքեց, թե սա միտումնավոր կազմակերպված քայլ էր:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG