Ազգային ժողովն այսօր ձայների 66 կողմ, 30 դեմ հարաբերակցությամբ, ամբողջությամբ ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագծի փոփոխված տարբերակը։
2025-ի բյուջեով էականորեն ավելանում են միայն ռազմական ծախսերը։ Պաշտպանության նախարարությունը հաջորդ տարի շուրջ 20 տոկոսով ավելի շատ գումար կստանա:
Երեկ խորհրդարանում նախագծի փոփոխված տարբերակը ներկայացնելիս Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ վերանայվել են նախագծի եկամուտները, ծախսերը և դեֆիցիտը:
Վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,1 տոկս: Նախարարն ասաց, որ նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ՝ համապատասխանաբար 158 մլրդ դրամով և 0,5 տոկոսային կետով:
Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35,5 մլրդ դրամով:
Հովհաննիսյանը նաև ասաց, որ պետբյուջեի ծախսերը կկազմեն 3 տրլն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 706 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը 734 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 40,8 մլրդ դրամով: Ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 42,4 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն աճել են 1,7 մլրդ դրամով: Կառավարության պահուստային միջոցներն ավելացել են 3,3 մլրդ դրամով:
Բյուջեի քննարկման ժամանակ ընդդիմությունից հայտարարում էին՝ իշխանությունը ձախողել է ոչ միայն կառավարության ծրագրի արտաքին քաղաքական մասը, այլ նաև տնտեսականը։ Այսօր նախագծին նրանք դեմ քվեարկեցին:
Կառավարությունը երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հաստատել էր սեպտեմբերի 26-ին և նախագիծն ուղարկել Ազգային ժողով։