Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը։
Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ էին երկուսը, 26 հոգի՝ ձեռնպահ։
Առողջության համընդհանուր ապահովագրության մեկնարկը նախատեսվում է 2026թ. հունվարի 1-ից:
Առաջին փուլով շուրջ 1.5 միլիոն հայաստանցի ապահովագրական փաթեթ կունենա: Այդ խմբերն են՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցողներն ու անապահովության 28 և ավելի միավոր ունեցող անձինք: Այս խմբի համար կվճարի պետությունը:
Առաջին փուլում ապահովագրական փաթեթ կունենան նաև 200 հազար դրամից բարձր եկամուտ ունեցողներ քաղաքացիները: Այս խումբն ինքը կվճարի իր փաթեթի համար՝ տարեկան 129 հազար դրամ, ամսական՝ 10 հազար 800: Այս թիվը տարիների ընթացքում կավելանա, բայց ըստ առողջապահության նախարարի՝ կառավարությունը սուբսիդավորման մեխանիզմով առաջին փուլում կթեթևացնի նրանց ֆինանսական բեռը:
200–500 հազար դրամ եկամուտ ունեցողները զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ասմական 5 հազար 500-ի փոխարեն հազար դրամ կվճարեն, մնացած 4 հազար 500 դրամը կուղղվի ապահովագրությանը, իսկ եկամտահարկի վերադարձի հաշվին կտրամադրվի մինչև 6 հազար դրամ սոցիալական կրեդիտ:
500 հազարից մինչև 1 մլն դրամ ստացողները կվճարեն հազար դրամ զինապահին, 7 հազար 500 դրամ՝ ապահովագրությանը և հետ կստանան մինչև 4 հազար դրամ սոցիալական կրեդիտ, իսկ 1 մլն դրամից բարձր եկամուտ ունեցողները կպահպանեն 15 հազար դրամ վճարումը՝ ստանալով մինչև 4 հազար դրամ վերադարձ։