Մատչելիության հղումներ

Ալիև. «Ղազախի օկուպացված հողերի վերադարձը մեր հերթական հաղթանակն է»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

«Ղազախի օկուպացված հողերի վերադարձը, մեր պայմաններով սահմանազատումը և սահմանագծումը մեր հերթական հաղթանակն է», - այսօր կրկին պնդեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, շեշտելով. - «Ղազախի հողերը վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոցի»:

Ալիևն այդ մասին խոսեց Շուշիում՝ քաղաքում հաստատված ադրրբեջանցիների առաջին խմբի հետ հանդիպմանը։ Ծավալուն ելույթի ընթացքում Ադրբեջանի առաջնորդը կրկին ռազմատենչ հայտարարություններ և սպառնալիքներ հնչեցրեց հայերի հասցեին՝ վերստին հիշեցնելով անցած երեքուկես տարիների ընթացքում Բաքվի ռազմական գործողությունների հետևանքները։ Եվ չնայած Երևանի հետ խաղաղության շուրջ բանակցություններին՝ Ալիևն այսօր Հայաստանի մասին խոսելիս օգտագործում էր «թշնամի» եզրույթը. - «Մենք թշնամուն իր տեղը ցույց տվեցինք, և այսօր թշնամին ուժասպառ է մեր առաջ։ Այսօր առանց այլ միջոցների դիմելու անհրաժեշտության, բացառապես մեր պահանջով՝ վերադարձվում են Ղազախի չորս գյուղերը։ Վերադարձվում են մե՛ր պահանջով, տեսնում եք ինչպես պետք է լինի։ Այսուհետ այդպես է լինելու», - պնդեց Ալիևը՝ առանց որևէ բառ ասելու հայկական կողմի պահանջների մասին՝ արդյոք Բաքուն էլ իր հերթին է պատրաստվում Հայաստանին վերադարձնել օկուպացրած տարածքները:

Փոխարենը, Ադրբեջանի առաջնորդը հայտարարեց. - «Թե՛ Հայաստանը, թե նրա ետևում կանգնած օտարերկրյա շրջանակները, որոնք սուտ խոստումներ են տալիս, կզղջան, եթե մեզ հետ չպայմանավորվեն»: Որ հարցի շուրջ է պայմանավորվել պահանջում, Ալիևը չմանրամասնեց:

Ադրբեջանի նախագահը, որը միջազգային հարթակներից շարունակաբար հավաստիացնում է, թե ի տարբերություն Երևանի՝ Բաքուն է կառուցողական դիրքերից հանդես գալիս՝ առաջինը նախաձեռնելով խաղաղության, երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթաց, իր ելույթում կրկին բանակով սպառնաց՝ հայտարարելով. - «Բոլորը գիտեն, թե ինչի է ընդունակ Ադրբեջանն ու այդ երկրի բանակը»:

«Ոչ ոք չի կարող մեզ ինչ-որ բան թելադրել կամ խառնվել մեր ներքին գործերին։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում», - պնդեց Ադրբեջանի ղեկավարը:

Ալիևի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն Հայաստանի իշխանություններին առաջարկել է «սահմանը որոշել, եթե չեք ուզում, ուրեմն մենք կասենք՝ սահմանը կլինի այնտեղ, որտեղ մենք կցանկանանք»։

Ադրբեջանի նախագահը կրկին քննադատեց Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին, մասնավորապես դիմելով Փարիզին՝ հայտարարեց, թե տարածաշրջանում առանց Բաքվի կամքի հարց չի կարող լուծվել. - «Եթե մենք կրկին տեսնենք, որ Հայաստանում ռևանշիստները գլուխ են բարձրացնում, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, և եթե տեսնենք, որ այս սպառազինությունը հասնում է կրիտիկական կետի, թող ոչ ոք մեզնից չնեղանա»։

Ալիևը չշրջանցեց նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի այցը Շուշի։ Պատմական այցից ընդամենը երեք օր առաջ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել էր, թե պատրաստ չէ մեկնել Շուշի: Ալիևն ասաց՝ թող այդ այցերը որպես մեծահոգություն չներկայացնեն, և Բաքվի համար միևնույն է՝ ով կայցելի կամ չի այցելի իր վերահսկողության տակ անցած տարածքներ: Թեև անցած ամիսներին Ադրբեջանի իշխանությունները կոշտ քննադատություն էին հնչեցնում Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանների հասցեին, ովքեր հրաժարվում էին մեկնել այդ տարածքներ:

Ալիևը Շուշիում բնակվել պատրաստվող հայրենակիցներին հարկ համարեց կրկին պատմել ղարաբաղյան հակամարտության տասնամյակների պատմության մասին՝ վերստին հայտարարելով, թե անցյալում իրեն չի հաջողվել հասնել խնդրի լուծման: Ադրբեջանի առաջնորդը կրկին հպարտությամբ հայտարարեց՝ Բաքուն հաջողությունների հասավ «ոչ թե բանակցությունների միջոցով, ոչ թե ոմանց զիջումների հաշվին, այլ մարտի դաշտում»:

Իլհամ Ալիևն իր այս ելույթում էլ պնդեց՝ ի տարբերություն հայկական բանակի՝ ադրբեջանցի գեթ մեկ զինվոր չի լքել մարտի դաշտը: Ադրբեջանի նախագահը վկայակոչեց Հայաստանի ղեկավարության հրապարակած տվյալները՝ 12 հազար դասալիք ուներ հայկական բանակը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG