Մատչելիության հղումներ

Ազատվել եմ օրենքի ուժով. նախկին բանտապետ


Քրեակատարողական ծառայության այժմ նախկին պետ Ամբակում Գրիգորյան, արխիվ
Քրեակատարողական ծառայության այժմ նախկին պետ Ամբակում Գրիգորյան, արխիվ

Ուղիղ մեկ տարի առաջ Քրեակատարողական ծառայության պետ նշանակված Ամբակում Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։ Նրա վերադասը՝ արդարադատության նոր նախարարը նպատակահարմար չի համարել շարունակել Գրիգորյանի հետ աշխատանքը։ Արդեն նախկին բանտապետը «Ազատության» հետ զրույցում հերքեց, որ մի SMS էլ վարչապետից ինքն է ստացել։

«Ոչ, ոչ, դա օրենսդրական կարգավորում է՝ Հանրային ծառայության մասին օրենքն է՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձինք ղեկավարի փոփոխության դեպքում փոփոխվում են», - ասաց Գրիգորյանը:

Նա վկայակոչեց օրենքը, ըստ որի՝ նոր նախարարի նշանակման դեպքում ենթակա կառույցների ղեկավարները դառնում են պաշտոնակատարներ և աշխատում մինչև նոր նշանակումը։

Այս դեպքում արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը գերադասել է չաշխատել Գրիգորյանի հետ, նա էլ օրենքի ուժով ազատվել է, իսկ վարչապետն էլ ստորագրել է ազատման մասին որոշումը։

«Խնդիրը մոտեցումների մեջ է, և կարծում եմ, որ քո շուրջը պետք է համախմբես պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր կիսում են քո և քաղաքական թիմի մոտեցումները», - օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդունելով, որ կադրային փոփոխություններ է անելու. ասել էր՝ ունենալու է նաև նոր փոխնախարարներ։ Արդեն իսկ աշխատանքից ազատվել են փոխնախարար Լևոն Բալյանը, գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը, պրոբացիայի պետ Արամ Նիկոյանը։

Արդարադատության նախարարի պաշտոնում Գալյանը հաջորդում է Գրիգոր Մինասյանին: Հենց նա էր անցած տարի դեկտեմբերին հենց Ամբակում Գրիգորյանի թեկնածությունն առաջարկել վարչապետին Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար։ Այս նշանակումը իշխող քաղաքական թիմում հարթ չէր անցել։

«Մարտի 1»-ի էջը ոնց որ փակվո՞ւմ է, թե՞ բաց ա։ Էդ դեպքում բոլոր քննիչները, որոնք էս գործերով ունեցել են մասնակցություն, իրանք պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումներից առաջ». - մասնավորապես ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էր այս տարվա մարտին հենց խորհրդարանում հիշեցրել, թե ինչ դերակատարում է ունեցել «Մարտի 1»-ի գործով Ամբակում Գրիգորյանը։ Նա 2009-2013 թվականներին այս գործը քննող Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչն էր։

«Մարտի 1»-ի էջը չի կարելի համարել փակված, և այնտեղ բոլորը պետք է իրենց մասով արդարացման ճանապարհ անցնեն: Էլ չեմ ասում՝ կադրային առաջխաղացման մեջ, դա շատ կարևոր է, որ մենք բոլոր էդ դրվագները հաշվի առնենք», - հայտարարել էր Քոչարյանը, ով 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունները քննող Փաստահավաք խմբի անդամ է եղել։ Նա խորհրդարան գնացած Մինասյանին հարցնում էր, թե այլ թեկնածուներ ունե՞ր, թե՞ միայն Գրիգորյանն էր. - «Արդյո՞ք Ամբակում Գրիգորյանի թեկնածությունից առաջ էլի եղել են թեկնածություններ, և էդ քննարկումները պետք է տային ավելի նախընտրելի թեկնածություն»:

Գրիգոր Մինասյանը պատասխանել էր՝ չես կարող գտնել մի պաշտոնյայի, որը չի աշխատել համակարգում մինչև 2018 թվականը:

«Շատ անկաշառ և սկզբունքային պետական ծառայող է՝ իմ ընկալմամբ, և մենք կարող ենք դա արձանագրել մենակ ոչ թե իմ ճաշակով կամ ձեր ճաշակով, այլ՝ արած աշխատանքով: Ես կխնդրեմ ձեզ ուղղակի տանք ժամանակ և թև ու թիկունք կանգնենք այդ բարդ գործում, որպեսզի հետո իրար հետ կարողանանք վայելել արդյունքը, դուք՝ որպես պատգամավոր, ես՝ որպես նախարար», - հայտարարել էր Մինասյանը:

Ի՞նչ արդյունք արձանագրեց Ամբակում Գրիգորյանը, որը Քրեակատարողական ծառայությունում 2021 թվականից է, երկու տարի զբաղեցրել է պետի տեղակալի պաշտոնը։

«Ամբակում Գրիգորյանի աշխատանքը կգնահատեմ բավարարից ցածր, որովհետև այն հարցերը, որ բարձրաձայնվել են իր մոտ, այն խնդիրները, որ ունեցել ենք՝ քրեակատարողական հիմնարկության հետ կապված, այդ հարցերին բավարար ընթացք չի տրվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց բանտերում դիտորդական խմբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը:

Պահման վատ պայմաններ, առողջապահության մատչելիության խնդիրներ, խտրական վերաբերմունք խոցելի խմբերի՝ հատկապես սեռական փոքրամասնությունների նկատմամբ՝ բանտերի խնդիրներն է թվարկում դիտորդական անկախ խմբի ղեկավարը։

«Խոցելի խմբերը գտնվում են նորից առանձնացված, իրենց խցերը գտնվում են նաև ոչ բարենպաստ վիճակներում, սնունդը տարբերակված է՝ առավել խոցելի խմբերին, և բաժանման ընթացքը նորից տարբերակված մոտեցումներ են, նև արձանագրեմ, որ մաքրությունը, սանիտարահիգիենիկ, սև աշխատանքը, կեղտոտ, այսպես ասեմ, աշխատանքը նորից կատարում են առավել խոցելի խմբերը», - ընդգծեց Գաբրիելյանը:

Արդարադատության նոր նախարարը դեռևս համակարգի խնդիրներին ու դրանց լուծմանը չի անդրադարձել։ Դեռևս հայտնի չէ, թե ով կփոխարինի Հայաստանի գլխավոր բանտապետին:

XS
SM
MD
LG