Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը ցույց է տալիս, որ Չինաստանը սնուցում է Ռուսաստանի ռազմական մեքենան


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Պեկին քաղաքում կայացած պաշտոնական ողջույնի արարողության ժամանակ, 16-ը մայիսի, 2024թ.
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Պեկին քաղաքում կայացած պաշտոնական ողջույնի արարողության ժամանակ, 16-ը մայիսի, 2024թ.

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր արևմտյան երկրները մեղադրում են Չինաստանին միկրոչիպեր և այլ կարևոր՝ երկակի օգտագործման տեխնոլոգիաներ, Մոսկվային մատակարարելու մեջ, պնդելով, թե Պեկինը դրանով «սնուցում է Ռուսաստանի դաժան, ագրեսիվ պատերազմը»:

Ի պատասխան՝ Վաշինգտոնը և Բրյուսելը պատժամիջոցներ են սահմանել չինական հարյուրավոր ընկերությունների և անհատների նկատմամբ՝ որպես ճնշման միջոց՝ տեխնոլոգիաների հոսքը դեպի ռուսական պատերազմական մեքենա կասեցնելու համար:

Բայց, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունն է ցույց տալիս, արևմտյան այդ պատժամիջոցները չեն ազդել մոտ երկու տասնյակ չինական ընկերությունների վրա, որոնք Ռուսաստանին մատակարարում են գալիում, գերմանիում և անտիմոն։ Դրանք հայտնաբերվում են անօդաչու թռչող սարքերում և հրթիռներում, որոնք Մոսկվան օգտագործում է Ուկրաինային հարվածելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության՝ «Սխեմաներ» քննչական բաժնի հետաքննությունը պարզել է, որ այս չինական ընկերությունները այդ կարևոր հանքանյութերը մատակարարում են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին, ներառյալ` «Ռոստեխ» պետական կոնգլոմերատին, որը, իր իսկ պնդմամբ, մատակարարում է Կրեմլի կողմից Ուկրաինայի դեմ կիրառվող սպառազինության գրեթե 80 տոկոսը։

Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետաքննության նախագծի (OCCRP) կողմից ձեռք բերված և «Սխեմաներ»-ի կողմից ուսումնասիրած տվյալների համաձայն՝ այդ մատակարար-ընկերությունների առնվազն մեկ երրորդը մասամբ պատկանում է Չինաստանի կառավարությանը, թեև Պեկինը հրապարակավ հերքել է, որ բորբոքում է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։

Չինաստանից այդ կարևոր մետաղները ստացողների թվում է ճապոնացի սեփականատեր ունեցող ռուսական մի ընկերություն, որը ռուս արտադրողներին վաճառել է չիպերի արտադրության մեջ կիրառվող կիսահաղորդչային թիթեղներ։ Այս են վկայում մաքսային և հարկային գրառումները, որ ուսումնասիրվել են «Սխեմաներ»-ի կողմից:

2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Միացյալ Նահանգները և Եվրամիությունը սահմանափակումներ են մտցրել գալիումի, գերմանիումի և անտիմոնի Ռուսաստան արտահանման վրա։ Սակայն Չինաստանը Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին չի միացել:

«Եթե ուղիղ համագործակցություն կա չինական և ռուսական ընկերությունների միջև, ապա արևմտյան գործընկերների պատժամիջոցներն ուղղակիորեն չեն ազդում դրա վրա։ Նրանք կարող են շարունակել գործարքները», - «Սխեմաներ»-ին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ պատժամիջոցների քաղաքականության հարցերով հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը:

Սակայն Վլասյուկը հավելել է, որ պատժամիջոցներն, այնուամենայնիվ, ազդում են ռուսական բանակի մատակարարման շղթայի աշխատանքի վրա։

Սովորական և միջուկային զենքեր

Աշխարհի շատ երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները և ԵՄ անդամ պետություններ, պահպանում են գալիումի, գերմանիումի և անտիմոնի իրենց պաշարները՝ միկրոէլեկտրոնիկայում և ռազմական արտադրության մեջ դրանց կարևորության պատճառով:

«Այս բոլոր տարրերը ցանկացած էլեկտրոնային համակարգի մաս են կազմում․․․, հատկապես՝ մարտական գոտիներում, ռազմական օբյեկտներում, ցանկացած պաշտպանական համակարգում», - «Սխեմաներ»-ին պատմել է Կիևի ավիացիոն ինստիտուտի ավիոնիկայի ավագ դասախոս Տատյանա Սոլոմախան:

Այս հանքանյութերի բազմաթիվ ռազմական կիրառությունների թվում են միջուկային զենքերը, գիշերային տեսողության ակնոցները, լազերային արտադրության ուղղորդման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և ռազմանավերի, ինքնաթիռների, հրթիռների և տանկերի համար ինֆրակարմիր սենսորները:

«Այդ մետաղները օգտագործվում են միկրոպրոցեսորներում, առանց որոնց դրոնը պարզապես չի թռչի», - «Սխեմաներ»-ին ասել է Անտոն Պոբուտան՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքեր արտադրող Lab 418 ընկերության հիմնադիրը:

Երբ Չինաստանը՝ գալիումի, գերմանիումի և անտիմոնի աշխարհի խոշորագույն արտադրողը, արգելեց իր ընկերություններին այս երեք հանքանյութն առաքել Միացյալ Նահանգներ՝ ի պատասխան Պեկինի դեմ ԱՄՆ արտահանման նոր հսկողության, չինացի պաշտոնյաները հենց դրանց ռազմական կիրառման փաստն էին ընդգծել:

Սակայն Պեկինը իր համար ամուր դիրք է ապահովել այս հանքանյութերի ռուսական շուկայում, որտեղ գնորդների թվում են ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող բազմաթիվ ընկերություններ:

Արևմտյան պատժամիջոցների պայմաններում Չինաստանը 2023 թվականին դարձավ Ռուսաստանին գալիումի և գերմանիումի միակ օտարերկրյա մատակարարը, նաև շարունակում է մնալ Ռուսաստանին անտիմոնի ամենախոշոր մատակարարը՝ համաձայն «Սխեմաներ»-ի ձեռքի տակ հայտնված ռուսական մաքսային տվյալների:

«Ռոստեխ»-ի հետ կապված ընկերությունները, որոնց միջոցով չինական հազվագյուտ օգտակար հանածոները հայտնվում են Ռուսաստանի պաշտպանական ոլորտում, ներառում են «Ռոստեխ»-ի անմիջական դուստր «Գերմանիում» բաժնետիրական ընկերությունը և «Գերմանիում և Ափլիքեյշնս» մասնավոր ընկերությունը, որն ակտիվորեն բիզնես է վարում «Ռոստեխ»-ի հետ:

«Սխեմաներ»-ի կողմից ուսումնասիրված գրառումները ցույց են տալիս, որ «Գերմանիում և Ափլիքեյշնս» ընկերությունը, իր հերթին, չինական հազվագյուտ մետաղներ է մատակարարում այլ ընկերությունների, այդ թվում՝ Ուրալի օպտիկական և մեխանիկական գործարանին, որը օպտիկական սարքավորումներ է արտադրում ռուսական ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների համար:

Ուրալի օպտիկական և մեխանիկական գործարանը, որը գտնվում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների տակ, ինքը իրեն անվանում է ռուսական բանակի «օպտիկական համակարգերի հիմնական մատակարարը»:

Չինական հազվագյուտ օգտակար հանածոների ռուս ներկրողների թվում են նաև ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող, էլեկտրոնիկա արտադրող «Enkor Grupp» ընկերությունը, որի գործարան անցյալ տարի այցելել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և «Cryotrade Engineering» ընկերությունը, որը նույնպես ամերիկյան պատժամիջոցների տակ է, և որը համագործակցում է «Ռոստեխ»-ի և ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի այլ ընկերությունների հետ:

Գնումների վերաբերյալ հանրային գրառումները վկայում են, որ չինական գալիում ներմուծող «Cryotrade Engineering» ընկերությունը բիզնես է վարում ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական մի շարք գիտահետազոտական ինստիտուտների, այդ թվում՝ միջուկային զենք մշակող Կուրչատովի ինստիտուտի հետ, որը գլխավորում է Պուտինի մերձավորներից մեկը: Գալիումն օգտագործվում է ատոմային ռումբերում պլուտոնիումի կայունացման համար։

Ե՛վ գալիումը, և՛ գերմանիումը օգտագործվում են ռուսական զենքի համար կարևոր տեխնոլոգիաներում, այդ թվում՝ Ուկրաինայում կիրառվող «Օրլան-30» հետախուզական անօդաչու թռչող սարքերում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերին պարծենում էր, որ «Օրլան-30» անօդաչու թռչող սարքի լազերային հեռաչափը «թույլ է տալիս թիրախի վրա ճշգրիտ ուղղորդել կառավարվող զինամթերքը, «լինի դա կառավարվող օդային ռումբ, թե կառավարվող հրետանային արկ»:

Ճապոնիայի մատակարարումների շղթան

«Սխեմաներ»-ի կողմից ուսումնասիրված գրառումները ցույց են տալիս նաև, որ ճապոնական «Ferrotec» ընկերության ռուսական դուստր ձեռնարկությունը, որը միկրոչիպերի համար կիսահաղորդչային թիթեղներ է արտադրում, Չինաստանից անտիմոն է ներմուծել և ռազմական միկրոէլեկտրոնիկայի ռուս արտադրողներին վաճառել:

Այս առաքումներից վերջինը, որը նշված է «Սխեմաներ»-ի ձեռքի տակ հայտնված մաքսային գրառումներում, տեղի է ունեցել 2024 թվականի փետրվարին՝ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմից գրեթե երկու տարի անց:

Անցյալ տարի «Ferrotec Nord»-ը կիսահաղորդչային թիթեղներ է վաճառել Մոսկվայի մարզում գտնվող «Էպիել» գործարանին՝ համաձայն «Սխեմաներ»-ի ձեռքի տակ հայտնված հարկային գրանցումների:

«Էպիել»-ը «Ռոստեխ»-ին պատկանող «Անգստրեմ» ընկերությանը միկրոսխեմաների բաղադրիչներ մատակարարող հիմնական ընկերություններից է։ «Անգստրեմ»-ը բացեիբաց հայտարարում է, որ համագործակցում է ռուսական զենք արտադրող ընկերությունների հետ:

Ռուսաստանի դատարաններից մեկում 2023 թվականի նոյեմբերին քաղաքացիական գործի քննության ժամանակ «Անգստրեմ»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ի թիվս այլ զենք արտադրողներին՝ ընկերությունը չիպեր և կիսահաղորդիչներ է մատակարարում Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, «Ռոսկոսմոս» պետական տիեզերական գործակալությանը և պատժամիջոցների ներքո գտնվող, զենք արտադրող ռուսական «Ուրալվագոնզավոդ» ընկերությանը:

Ընկերությունում հավելել են, որ իր պատվերի ծավալը քառապատկվել է Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» շնորհիվ։ Կրեմլը պաշտոնապես հենց այսպես է անվանում Ուկրաինայի դեմ իր պատերազմը։

«Սխեմաներ»-ը դիմել է ճապոնական «Ferrotec» հոլդինգին՝ Չինաստանից հազվագյուտ օգտակար հանածոների ներմուծման և ռուսական ռազմարդյունաբերական համալիրի մատակարարների հետ աշխատանքի վերաբերյալ մեկնաբանությունների համար։

Մինչև հոդվածի հրապարակման պահը ընկերությունը չէր պատասխանել այդ հարցմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG