Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռ/կ-ը թիրախավորելու ալիք է նկատվում, ինչը խիստ մտահոգիչ է. հայտարարություն


Վերջին շաբաթվա ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու, սոցցանցային գրառումների միջոցով վարկաբեկելու ալիք է նկատվում, ինչը երկրում խոսքի ազատության ապահովման տեսակետից խիստ մտահոգիչ է, ասված է մի շարք լրագրողական կազմակերպությունների հայտարարության մեջ:

Կազմակերպությունները նկատում են, որ այդ արշավը սկիզբ էր առել ավելի վաղ, սակայն առավել մեծ թափ է ստացել, երբ լրատվամիջոցի հասցեին մեղադրանքներ են սկսել ուղղել որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց աջակցող շրջանակներ։

«Քննադատությանը միացածներից շատերն իրենց իրավունք են վերապահել դասեր տալ խմբագրությանը, ընդհուպ՝ թե ում պետք է հրավիրել հարցազրույցի և ում ինչ հարց պետք է տալ, կամ ինչու է հրապարակվում ընդդիմադիր գործչի մի մեկնաբանություն, որն արմատապես հակասում է պաշտոնական դիրքորոշմանը։ Սա ոչ այլ ինչ է, քան խմբագրական ազատությանը միջամտելու դատապարտելի փորձ, որի հետ չի կարող համակերպվել ոչ տվյալ լրատվամիջոցը, ոչ էլ լրագրողական համայնքն ընդհանրապես՝ անկախ քաղաքական նախասիրություններից։ Մանավանդ որ «Ազատությունն» իր գործունեությամբ ապացուցել է, որ բաց է հակադիր կարծիքներ ու գաղափարներ ներկայացնելու, ինչպես նաև սեփական հնարավոր բացթողումները քննարկելու և ուղղելու համար», - նշում են լրագրողական կազմակերպությունները։

Վերջիններս, արձանագրելով, որ վերջին շրջանում «Ազատություն» ռադիոկայանին թիրախավորելու և անհիմն մեղադրանքներ ուղղելու առիթ դարձած հրապարակումները վերաբերել են հանրային կարևորություն ունեցող թեմաների, իսկ ցանկացած լրատվամիջոցի թիրախավորմամբ դրանց լուսաբանումը խոչընդոտելու փորձերը անթույլատրելի են, կոչ են անում իշխանության ներկայացուցիչներին՝ դադարեցնել այդ և ցանկացած այլ լրատվամիջոցի վարկաբեկման արշավ կազմակերպելու պրակտիկան, տեղեկատվական վեճերը լուծել ու անհամաձայնություններն արտահայտել նույն հարթակներում՝ օգտագործելով հերքման կամ պատասխանի հնարավորությունները, լրատվամիջոցներին՝ չենթարկվել քաղաքական ճնշումների, միևնույն ժամանակ ապահովել բազմակարծություն և նպաստել քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG