Այսօր ազատման դիմում է գրել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, «Ազատության»-ը փոխանցեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Երկու օր առաջ կառավարության նիստին վարչապետը խիստ և կտրուկ դժգոհություն հայտնեց իրավապահ համակարգից՝ շեշտելով՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, իսկ իր համբերության բաժակը լցվել է։
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու առաջիկա երկու տարիների գործողության պլանը քննարկելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասաց, թե 2018-ից ի վեր ինչ պահանջել են՝ կառավարությունը տվել է, ինչ ցանկացել են՝ արվել է՝ իրավապահ համակարգը բարեփոխելու համար ահռելի ներդրումներ են արել, որ հասարակությունն արդարության պակասից չդժգոհի, հանցավորությունը նվազի, սակայն արդյունքներ չկան։
«Ոնց որ, կներեք, քյասիբի ռադիո լինեմ, գալիս եմ ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, խոսում, դուք էլ ծափ եք տալիս, ես գնում եմ։ Հաջորդ տարի գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, ավելի ուժեղ եք ծափ տալիս։ Ո՞վ է ո՞ւմ ձեռ առնում», - ընդգծել էր Նիկոլ Փաշինյանը։
Կիրակի օրը հայաստանյան լրատվամիջոցներն արդեն գրեցին, որ վարչապետի որոշմամբ, աշխատանքից ազատվել են կամ առաջիկայում պաշտոնները կլքեն մի շարք պաշտոնյաններ՝ նշելով Վահե Ղազարյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի անունները։
Այսօր առավոտյան պաշտոնը թողնելու մասին հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեից էլ «Ազատության»-ը փոխանցեցին, որ Սասուն Խաչատրյանն է ազատման դիմում գրել։ «Ազատության» աղբյուրն էլ հայտնում է, որ Գնել Սանոսյանը հրաժեշտ է տվել անձնակազմին ու հեռացել։