Մատչելիության հղումներ

Այն տարածքները, որոնք Հայաստանինը չեն, պատրաստ ենք դուրս գալ, պահանջատեր ենք մեր տարածքների համար. ՔՊ-ականը՝ անկլավ-էքսկլավների մասին


Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արծվաշենը, արխիվ
Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արծվաշենը, արխիվ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից դեռ չեն պարզաբանում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները քննարկել ու որոշե՞լ են՝ ինչպես լուծել անկլավ-էքսկլավների հարցը: Վարչապետը շաբաթավերջին հայտարարեց՝ սահմանազատման արդյունքում Հայաստանին պետք է վերադարձնեն Արծվաշենը և մյուս օկուպացված տարածքները։

Արծվաշենը վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումը նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանին էլ փոխանցվելու են Տիգրանաշենը, Վերին Ասկիպարան, Սոֆուլուն և Բարխուդարլուն:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես վաղուց ասել եմ, որ մենք անկլավների թեմայից չենք կարող, ես չեմ կարող հրաժարվել, որովհետև մենք էքսկլավ-անկլավների, մենք ինքներս էդպիսի խնդիր ունենք»:

Մինչ սահմանազատման հարցերով գլխավոր բանակցող Մհեր Գրիգորյանի գրասենյակից կպատասխանեն, իշխող ուժից արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը պնդեց՝ երկու երկրների հանձնաժողովները դեռ այդ հարցը չեն քննարկել, բայց, ինչպես շեշտեց իշխող ուժի ներկայացուցիչը, հայկական կողմը պատրաստ է դուրս գալ այն տարածքներից, որոնք պատկանում են Ադրբեջանին:

«Փաստաթղթավորված եթե հիմնավորվում է, որ այսինչ տարածքը Հայաստանինը չէ, իհարկե, մյուս էտապը՝ ինչպես են հասանելիություն ունենում երկրներն իրենց սուվերեն տարածքներին: Բայց, արդյոք դա Հայաստանի տարածք է, թե Ադրբեջանի, սա արդեն քննարկվում է, երբ հասնում է այդ փուլին: Ոչ թե նստում են և ուղղակի քննարկում են, այլ դրա տակ փաստաթղթեր են դրվում: Այն տարածքները, որոնք Հայաստանինը չեն, մենք այդ տարածքներից պատրաստ ենք դուրս գալ և պահանջատեր ենք բոլոր այն տարածքների համար, որոնք ՀՀ-ի սուվերեն տարածքներն են», - ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների անդամ, ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

44-օրյա պատերազմից հետո անկլավների հարցով քննարկումները պարբերաբար ակտիվանում են, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարում էր, թե ինքն այդ օրակարգից չի խուսափում, բայցև պնդում էր՝ Հայաստանում չկան ադրբեջանական անկլավներ:

«Մինչ այս պահը մեր ուսումնասիրություններով մենք չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ–ում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է», - հայտարարել էր Փաշինյանը:

Անկլավների թեմայից կառավարության ղեկավարը հիմա էլ չի հրաժարվում, բայց եթե նախկինում պահանջում էր, որ Ադրբեջանը ակնկլավների վերաբերյալ իրավական հիմքեր ներկայացնի, այժմ Նիկոլ Փաշինյանն առնվազն հրապարակային չի խոսում Բաքվից իրավական հիմքեր ստանալու անհրաժեշտությունից՝ անպատասխան թողնելով հարցը, թե ի վերջո ադրբեջանական կողմը տրամադրել է այդպիսի հիմքեր, թե՞ ոչ:

Վարչապետի խոսքով.- «Ես ասել եմ, որ, այո, այդ պահին մեր ձեռքի տակ իրավական հիմքեր չկան, մեզ ադրբեջանցիներն ասել են, որ իրենք կներկայացնեն իրավական հիմքեր, իրենք էլ կասկածի տակ են դրել տեղ-տեղ Արծվաշենի իրավական հիմքերի առկայությունը, մենք էլ մեր հերթին ենք ասել, որ կներկայացնենք իրավական հիմքեր: Ես հետևյալը կարող եմ ասել՝ այո, առավել ևս՝ հիմա, էդ բոլոր հարցերը պետք ա լուծել իրավական-քաղաքական հենքի վրա»:

Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանից նաև հարցրել ենք՝ Բաքվից ստացե՞լ են ադրբեջանական անկլավների գոյության վերաբերյալ իրավական հիմքեր: Այս հարցին ևս արձագանք դեռ չկա:

Ադրբեջանից չեն թաքցնում՝ իրենց համար անկլավների վերադարձը գերակա է, արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն անցած շաբաթ էր նման հայտարարություն արել ու պնդել՝ հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։

«ՀՀ տարածքից նոր զիջումներ են լինելու Ադրբեջանի համար». Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, որ բանակցությունների մի փուլում Նիկոլ Փաշինյանի թիմում էր, Երևանից և Բաքվից հնչող հայտարարությունները մատնանշելով, պնդում է՝ իշխանությունը նոր զիջումների է պատրաստվում:

«Արծվաշենի հետ բերելու օրակարգը արդեն տարբեր քաղաքական գործիչներ արձագանքել են, այդ օրակարգը Հայաստանի տարածքից նոր տարածքներ տալու օրակարգ է, ինչո՞ւ, որովհետև Արծվաշենը բոլոր իրավական հիմքերով պատկանում է ՀՀ-ին, իրավական հիմքերը կան, բայց, որ ՀՀ տարածքում անկլավներ կան, դրանց իրավական հիմքերը չկան: Եվ ՀՀ ԱԳՆ-ն, վարչապետը ոչ մի պատասխան չտվեցին, որ Ադրբեջանը իրավական ոչ մի հիմք չի ներկայացրել ՀՀ-ին առ այն, որ ՀՀ տարածքում անկլավներ կան: Դուք գիտեք, որ ամենախնդրահարույցը Տիգրանաշենն է, բայց, բացի Տիգրանաշենը մյուսներն էլ են խնդրահարույց, որոնք, որ Ադրբեջանը, բնականաբար, պահանջելու է և ուզում է հետ ստանալ», - ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Ավելի քան երեք տարի է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն աշխատում են, բայց մինչ օրս սահմանազատվել է միայն Տավուշի մոտ 12 կիլոմետրանոց հատվածը: Սրանով Բաքվին վերադարձվեց հայկական վերահսկողության տակ գտնվող չորս գյուղ: Սահմանազատման հաջորդ փուլի ու կոնկրետ ուղղության մասին դեռ չի հայտարարվել:




XS
SM
MD
LG