Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Սպիտակ տուն այցից մեկ օր առաջ ՝ հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Սպիտակ տունը դեռևս չի արձագանքել ամերիկյան մամուլում շրջանառվող այս տեղեկությանը։
Վաշինգտոնն ու Կիևը վերջին շաբաթներին ակտիվ քննարկումներ են սկսել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային Tomahawk հեռահար հրթիռների հնարավոր մատակարարման շուրջ։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ցանկանում է հարցը քննարկել նաև ռուսական կողմի հետ․ «Ես թերևս պետք է խոսեմ Ռուսաստանի հետ Tomahawk հրթիռների մասին։ Արդյո՞ք ռուսներն ուզում են, որ Tomahawk-ները թռչեն իրենց ուղղությամբ։ Չեմ կարծում։ Այնպես որ, ես պետք է ազնվորեն խոսեմ ռուսների հետ այս թեմայով։ Ես դա ասել եմ նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, որովհետև Tomahawk հրթիռների կիրառումը բռնությունը դուրս կբերի մի նոր մակարդակի,- անցած օրերին ասել էր նախագահ Թրամփը։