Ինչպե՞ս է հնարավոր մուտք գործել պահպանվող շենքի տարածք, հաղթահարել պահնորդական ծառայության արգելապատնեշն ու հայտնվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունները քննող վարչությունում, մնալ այդ տարածքում մեկ օր, դատարկել չհրկիզվող պահարանն ու անվտանգության ծառայության քթի տակ հափշտակել ավելի քան կես միլիոն դոլար: Հենց այս հարցն էլ երեկվանից քննում են իրավապահները, ձերբակալել են մեկ հոգու, որի անունը, սական, չեն հրապարակում:
«Ընդհանրապես տեղյակ չեմ, իմ հերթապահության ժամանակ չի եղել, չեմ իմացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց անվտանգության աշխատակիցը, հարցին էլ՝ «անցագիր պետք է ստուգեք, չէ՞, երբ մարդիկ բարձրանում են», արձագանքելով՝ «հա, իհարկե»:
Ըստ մամուլի՝ ձերբակալվածը Քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանն է: Նրա անունն է տվել շենքում հայտնված անծանոթը, երբ քննիչները նկատել են նրան, հարցրել՝ ո՞վ է, ի՞նչ գործ ունի տարածքում: Պարզ չէ Թադևոսյանի դերակատարությունը այս պատմության մեջ:
Բայց մինչ այս գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրում, մամուլն արդեն որոշ մանրամասներ է գրում, թե տնտեսական հանցագործություններ քննող քննչականի շենքում քննիչի անցագիր է կորել, որով էլ անծանոթը ներս է մտել, ու անգամ «Մենք պահպանում ենք ամեն գնով» կարգախոսով գործող անվտանգության ծառայությունը որևէ կասկածելի բան չի նկատել:
Նաև չհրկիզվող պահարանի բանալին է կորել: Ենթադրաբար՝ վեցերորդ հարկի հենց այդ պահարանից էլ գողացել են քրեական գործով որպես իրեղեն ապացույց պահվող 590 հազար դոլարը:
«Էս դեպքը առաջին անգամ ա», - վստահեցրեց անվտանգության աշխատակիցը:
«Քինգ մարշալ» ընկերությունն է հսկում Դեղատան փողոցի վրա գտնվող պետական կառույցը, որտեղ գործում են ինչպես Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը, այնպես էլ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման սրահը, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը: Առաջին հարկում անվտանգության ծառայությունն է, որի հսկողությունից հետո միայն հնարավոր է անցնել արգելապատնեշն ու հասնել վերելակներին: «Ազատության» հետ զրույցում անվտանգության ծառայողն ասաց՝ ինքն այդ օրը չի աշխատել, որևէ տեղեկություն էլ չունի:
«Պետական կյանքի կազմակերպման բոլոր ոլորտներում այս վիճակն է, դրան ռուսերեն ասում են «բարդակ»: Ես չեմ հիշում նմանատիպ ինչ-որ գողություն տարիների ընթացքում, որ Քննչական կոմիտեից կամ պետական մարմնից նման մեծ քանակի գողություն կատարված լինի», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Հարությունյանը հաճախ է լինում Քննչականի այդ շենքում: Անվտանգությունը միայն առաջին հարկում է, և, ըստ փաստաբանի, դետեկտիվ սցենար հիշեցնող այս պատմության մեջ շատ էական է հսկողություն իրականացնողների դերակատարությունը:
«Խնդիրը աշխատանքի կազմակերպումն է, ներքին կարգապահությունն է, համակարգերի բացակայությունն է, աշխատանքային պարտականությունների նկատմամբ վերաբերմունքն է, որը միգուցե նաև էդքան քննիչի խնդիրը չի, ինչքան էդ շենքը պահպանող՝ անվտանգության համար պատասխանատու անձանց խնդիրն է», - ասաց փաստաբանը:
Այդ ի՞նչ գումար էր, որ պահվում էր Քննչականում, ոչ թե կա՛մ բանկում, կա՛մ Քննչականի դեպոզիտ հաշվին: Քննչական կոմիտեից որևէ մանրամասն չեն հաղորդում, միայն նշում են, որ քրեական գործ է հարուցվել, և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն քննության ավարտից հետո:
«Ես կարծում եմ, այո, որ էդտեղ չպետք է պահվեր, մաքսիմում էդտեղ պահվեր մի օր-երկու օր, մինչև էդ ընթացակարգերով գումարը ի պահ հանձնվեր, օրինակ, նույն Կենտրոնական բանկին», - նշեց Վարազդատ Հարությունյանը:
Օրենքով որպես իրեղեն ապացույց ճանաչված գումարը պահվում է բանկում կամ Քննչականի դեպոզիտ հաշվին, կարող է պահվել նաև Քննչականում՝ վարույթի նյութերի հետ, եթե ապացուցման համար նշանակություն ունեն դրամանիշների անհատական հատկանիշները: Թե այս դեպքում ե՞րբ է 590 հազար դոլարը բերվել Քննչականի շենք, կոնկրետ ի՞նչ գործի ապացույց է այն համարվում, ո՞վ կամ ովքե՞ր են մեղադրյալները, իրավապահները չեն պարզաբանում: