Ավելի քան չորս ամիս է իրավապահներին չի հաջողվում Հայաստան վերադարձնել միջազգային հետախուզման մեջ գտնվող Նվեր Ծառուկյանին, թեև խուլիգանության և կողոպուտի մեջ մեղադրվող կրտսեր Ծառուկյանի փաստաբանն ավելի վաղ հայտնել էր նրա գտնվելու վայրը. - «Գործուղվել է Ռուսաստանի Դաշնեություն և Բելառուս: Հիմա կարող է երկու օրը մեկ ինքը գնա Բելառուս, հետ գա Ռուսաստանի Դաշնություն»:
Անցած հոկտեմբերին Ծաղկաձորի խաղատներից մեկում ծեծկռտուքով ու կրակոցներով ուղեկցվող վիճաբանություն էր տեղի ունեցել խաղատան աշխատակիցների ու Նվեր Ծառուկյանի թիկնապահների միջ: Այլ մանրամասներ Քննչական կոմիտեն դեռ չի հաղորդում, բայց մամուլի խոսնակն այդ ժամանակ «Ազատությանն» ասել էր՝ կրակոցներից ոչ ոք չէր տուժել: «Նվերը զինված չի եղել», - «Ազատության» հետ զրույցում պնդել էր նրա փաստաբան Էմիլ Խաչատրյանը, որն այսօր այդպես էլ չպատասխանեց մեր հարցին՝ ե՞րբ է ավարտվելու իր պաշտպանյալի գործուղումը.- «Մեկնաբանություն չեմ կարող տալ», - ասաց նա:
Միջադեպից հետո Գագիկ Ծառուկյանի որդին ու թիկնապահները հեռացել էին տարածքից՝ իրենց հետ տանելով խաղատան տեսախցիկների DVR սարքերը, դրանք օգտագործվում են տեսաձայնագրությունները պահպանելու, կառավարելու և դիտելու համար: Քննչական կոմիտեից այսօր չարձագանքեցին «Ազատության» հարցին՝ արդյոք քննիչները կարողացել են Նվեր Ծառուկյանի թիկնապահների ձեռքն անցած այդ սարքերը վերադարձնել, ենթադրվում է, որ դրանք գործով կարևոր ապացույցներից են:
«DVR սարքերը կողոպտելու հոդվածը իրավական սխալ գնահատականի արդյունք է», - պնդել է փաստաբան Խաչատրյանն ու հավելել՝ ոչ թե կողոպտել են, այլ «խնդրել են, և համապատասխան աշխատակիցը տրամադրել է տեսագրությունը»:
«Ազատության» հարցին էլ՝ եթե այնտեղ ոչինչ տեղի չի ունեցել, ապա ինչո՞ւ են խնդրել, փաստաբանն արձագանքել է. - «Դրա պատճառաբանությունները հանրայնացման ենթակա չի»:
Որ Գագիկ Ծառուկյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն մտերիմ հարաբերություններ ունեն, գաղտնիք չէ, բայց Նվեր Ծառուկյանի փաստաբանը պնդում, է, թե Բելառուսում գտնվող կրտսեր Ծառուկյանն այնտեղ արտոնյալի կարգավիճակ չունի:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, սակայն, չի բացառում՝ գուցե Ծառուկյանի կապերն են նպաստել, որ որդին այդպես էլ Հայաստան չի վերադարձվում
«Հնարավոր է և այդպես է, սակայն այդ դեպքում խախտվում է օրենքի առջև հավասարության սկզբունքը, և ստացվում է, որ օրենքի առջև բոլորը հավասար են, բայց ոմանք արտոնյալ են», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպանը:
Քննչական կոմիտեից չեն արձագանքում, թե ի՞նչ խոչընդոտ կա, ինչո՞ւ իրավապահները չեն կարողանում վերադարձնել կրտսեր Ծառուկյանին, արդյոք պաշտոնապես դիմե՞լ են Բելառուսին կամ Ռուսաստանին նրա արտահանձնման համար:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստան-Ռուսաստան կամ Հայաստան-Բելառուս պարբերաբար լարվող հարաբերությունները չպետք է խոչընդոտ դառնան այնտեղ հետախուզվողներին, այս դեպքում՝ Նվեր Ծառուկյանին, Հայաստան վերադարձնելու համար:
«Իրականում իրավապահ համակարգի ոչ այնքան ճկուն, ոչ այնքան հստակ աշխատանքի արդյունք է, որովհետև շատ շատ երկրների միջև կան միջպետական պայմանագրեր համագործակցության իրավապահ մարմինների, և հայտնաբերել անձին և բերել և շարունակել քննությունը շատ ավելի հնարավոր է, քան ջանում են իրավապահ համակարգերը», - ասաց Հովհաննիսյանը:
Գագիկ Ծառուկյանի որդու նկատմամբ միջազգային հետախուզումը շարունակվում է, այս դեպքով երեք մեղադրյալ կա, նրանց գործն արդեն ուղարկվել է դատարան: