Երևանում օրը ցերեկով մարդաշատ վայրում կրակոցից պատահական անցորդ է վնասվել։ Դեպքը տեղի է ունեցել Ավանի «Երևան Սիթի»-ի հարևանությամբ գտնվող բացօթյա շուկայի տարածքում, ոստիկանությունն ահազանգ ստացել է 11.50-ի սահմաններում։
Կանայք, որ տեսախցիկի առջև խոսել չցանկացան, ահաբեկված պատմում էին՝ լսել են միայն կրակոցի ձայն ու հետո արդեն նկատել՝ ինչպես են գլուխը վիրակապած տարեց կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխում։ Տարածքում հիմնականում փողոցային առևտրով զբաղվող մարդիկ էին ու հարակից կրպակների աշխատողները. հիմնականում խուսափում էին պատմել՝ ինչ է տեղի ունեցել իրենցից մի քանի մետր հեռավորության վրա, բացառությամբ մի քանի կցկտուր դիտարկումների։
Ոստիկանության փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել։ 76 տարեկան մի կին է վիրավորվել, շտապօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Այստեղից էլ «Ազատությանը» հայտնեցին, որ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորում է ստացել նաև հրազենային միջադեպի անմիջական մասնակիցը՝ 31 տարեկան մի տղամարդ, որը ևս բուժօգնություն է ստացել: Ոստիկանությունից հայտնում են, որ պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Սակայն ոչ հանցագործության գործիքն են դեռ գտել, ոչ էլ ենթադրյալ կրակողին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Երևանում վերջին շրջանում հաճախակիացել են կրակոցներով ուղեկցվող հանցագործությունները: Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը վտանգավոր է համարում հասարակության շրջանում ահագնացող վարքագիծը՝ հարցերը լուծել ոչ թե իրավական ու քաղաքակիրթ ճանապարհով, այլ՝ վայրենիների նման. «Վնաս հասցնելու կամ վրեժխնդիր լինելու ամբողջական պատկերացումը վայրագ հասարակությունների խնդիր է»:
Ընդամենը մի քանի օր առաջ էլ մեկ այլ անմեղ կին այլոց վեճի զոհը դարձավ։ Շան վրաերթի պատճառով առաջացած վեճը վերածվել էր ծեծկռտուքի, միջադեպի մասնակիցները նստել էին ավտոմեքենաներն ու ընկել իրար հետևից: Այնքան արագ էին վարել ավտոմեքենաները, որ դրանցից մեկը վրաերթի էր ենթարկել մայթին զբոսնող մորն ու 2-ամյա որդուն. մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։
«Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ տարեցտարի արժեհամակարգային խեղումներն այնքան են արմատավորվում և խորանում, որ մենք հասնում ենք նույնիսկ կենցաղային իրավիճակում կոնֆլիկտների հաղթահարման անկարողության աստիճանի», - նկատեց Հովհաննիսյանը:
Հայաստանում հանցավորության աճ է նկատվել, ամիսներ առաջ խորհրդարանում հայտարարել էր ներքին գործերի արդեն նախկին նախարարը: Առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը կազմել է միջինը 58 տոկոս, ծանր հանցագործություններինը՝ ավելի քան 13 տոկոս։ Սա, ըստ պաշտոնյայի, պայմանավորված է նաև խոշոր չափերի թմրանյութերի իրացման, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերով: Ներքին գործերի նախարարությունը հստակ տեղեկություն չի տալիս, թե պատերազմից հետո կորած 17 հազար ինքնաձիգներից քանիսն է կարողացել հայտնաբերել: