Ռոստովի մարզի Կամենսկի շրջանի արդյունաբերական ձեռնարկությունում ուկրաինական ԱԹՍ հարվածից խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնել է մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը՝ նշելով, որ ԱԹՍ բեկորներից մարզում նաև առանձնատներ են վնասվել, զոհեր և վիրավորներ չկան։
Հրդեհաշիջման աշխատանքներին ավելի քան 100 մարդ և 38 միավոր տեխնիկա է մասնակցում։
Baza տելեգրամյան ալիքի փոխանցմամբ, մարզում նավթի պահեստն է այրվում։
"Украинская правда"-ն գրում է, որ ուկրաինական ԱԹՍ-ներն այս բազային հարվածել էին նաև ամռանը։
Կամենսկի մարզը գտնվում է Ռոստովի մարզի հյուսիս-արևելքում՝ Լուգանսկի հետ սահմանին։
Ըստ մարզի նահանգապետի պաշտոնակատարի՝ Ռոստովի մարզում 30 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանում 47 ԱԹՍ են խոցել, 29-ը՝ Ռոստովի մարզում, 8-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 3-ական՝ Բելգորոդի, Բրյանսկի և Վորոնեժի շրջաններում, և 1-ը՝Ղրիմում, այսօր առավոտյան հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հարձակման հետևանքները դեռ ճշտվում են։