Նոյեմբերի 7-ի գիշերը ռուս զինվորականները «Շահեդներով» հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին. հրդեհներ են բռնկվել Կիևում և Օդեսայում, հայտնում են տեղի իշխանությունները:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ մայրաքաղաքի Գոլոսեևսկի շրջանում խոցված անօդաչու թռչող սարքի բեկորները հրդեհվել են ավտոտեխսպասարկման կետի տարածքում, իսկ հարևան բնակելի շենքում պայթյունից կոտրվել են որոշ բնակարանների ապակիներ։
Ավելի ուշ Կլիչկոն հայտնել է, որ Պեչերսկի թաղամասում այրվում են բարձրահարկ շենքի վերին հարկերը, իսկ բնակիչներին տարհանում են։ Կիևի քաղաքային ռազմական վարչությունը պարզաբանել է, որ խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա։
Եվս մեկ հրդեհ է բռնկվել Ուկրաինայի մայրաքաղաքի Սոլոմյանսկի թաղամասում, իսկ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են առանձնատան բակ։ Մեկ այլ հասցեում բեկորներ ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում։ Քաղաքապետ Կլիչկոն հայտնում է, որ այդ տարածքում գտնվող ձեռնարկություններից մեկում տուժածը հոսպիտալացվել է։
Հրդեհ է բռնկվել նաև Սոլոմյանսկի շրջանի մասնավոր բուժհաստատությունում, այնտեղ տարհանում է իրականացվում։
Օդեսայում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենք: