Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը փողոց փակողներին «լակոտ» անվանեց․ ձերբակալություններն ուղեկցվեցին բռնություններով


Բողոքի ակցիաներ Երևանում, 27-ը մայիսի, 2024թ.
Բողոքի ակցիաներ Երևանում, 27-ը մայիսի, 2024թ.

Դատախազությունն ստացել է ընդդիմադիր պատգամավորի առնչությամբ բողոքը

Մի քանի տասնյակ կարմիր բերետավորներն այսօր Դաշնակցության գրասենյակի մոտ քաշքշում, հարվածում էին դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով, երբ Սիմոնյանը դուրս է եկել գրասենյակից, կարմիր բերետավորները առանց որևէ առիթի ու պատճառի հարձակվել են նրա վրա։

Ներքին գործերի նախարարությունից չեն հստակեցնում, թե միջադեպն ինչից է ծագել, փոխանցեցին միայն, որ ծառայողական քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները։

«Փորձել են մեքենաներ տարհանել, Աշոտ Սիմոնյանը երբ դուրս է եկել, քաջ ճանաչելով Աշոտ Սիմոնյանին՝ ուղղակի վայրենի, ամենաայլանդակ փողոցային հայհոյանքներով հարձակվել են վրան և բռնություն գործադրել», - ասաց Գեղամ Մանուկյանը։

Ներքին գործերի լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ քննությունից հետո կկարողանան հստակեցնել, թե քանի ծառայողի լիազորություն կկասեցվի։ Իսկ Դատախազությունը ստացել է ընդդիմադիր պատգամավոր առնչությամբ բողոքը։ Այժմ ուսումնասիրում են՝ պարզելու այսօր Դաշնակցության գերագույն մարմնի շենք առջև տեղի ունեցածի մանրամասներն ու մեղավորների շրջանակը։

Դաշնակցությունն իրավապահներից պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել ինչպես պատգամավոր Սիմոնյանի, այնպես էլ՝ վնասվածք ստացած մյուս քաղաքացիների դեպքերով։ Այս պահին ոստիկանությունը տուժած չորս քաղաքացու մասին ահազանգ ունի։

Բերման է ենթարկվել գրեթե 300 քաղաքացի

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիաների ընթացքում այսօր բերման է ենթարկվել առնվազն 284 մարդ, որոնց մեծ մասն, ըստ Ներքին գործերի նախարարության, արդեն ազատ է արձակվել։ Մեկ հոգի ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նա, ըստ Քննչականի, արցունքաբեր գազ է փչել պարեկների վրա։

«Մի քանի բերետավոր քաշել են գետնին, սկսել են հարվածել». պատգամավոր

Ընդդիմությունն, իր հերթին, ահազանգում է ձերբակալությունների ժամանակ ոստիկանական բռնությունների մասին։ Ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցի պահին հիվանդանոցում էր։ Տեսակցում էր բերման ենթարկվելու ժամանակ վնասվածք ստացած մի երիտասարդի։ Ասաց՝ անունը չի ուզում հրապարակել, որ նրա ծնողները չանհանգստանան։

«Բողոքի ակցիայից հետո քաղաքացիներից մեկը նստել էր մեքենան, բերետավորները հարձակվել են վրան, սկսել են հարվածել մեքենային, մի քանի բերետավոր քաշել են գետնին, սկսել են հարվածել։ Վնասել են գլուխը և տարել են ոստիկանություն», - ասաց նա։

Մանուկյանը նաև պատմեց, որ բերման ենթարկվելիս վնասվել է ևս մեկ տղամարդ։ Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ոստիկանին հենված, վիրակապված թևով տղամարդ է դուրս գալիս բաժնից։

«Վերջին պատերազմի մասնակից, որ նաև վիրավորում էր ստացել, տեսանյութ էլ կա, որ էլի բռնություն են գործել և տեղափոխում են հիվանդանոց», - նշեց նա։

Վաղ առավոտից փակված մայրաքաղաքի և մարզերի փողոցները բացելու համար ոստիկանությունը մի քանի րոպե ժամանակ էր տալիս, հետո անցնում նրանց ուժով ճանապարհից հեռացնելու գործողություններին։

Ինչո՞ւ են ոստիկանները ընդամենը մի քանի րոպե տալիս ցուցարարներին փողոցը բացելու համար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. - «Ձեր ասածը քիչ հետո ես կստուգեմ՝ իրականում այդպես է, թե չէ»։

Հայաստանի ոստիկանապետը ծառայողների գործողություններին հետևում էր հենց փողոցից։

«Ոստիկանությունը գործում է օրենքի սահմաններում, ուրեմն մի բան արել է, որ տանում են, անտեղի ոչ մեկին չեն տանում», - հայտարարեց նա լրագրողներին։

Ուժային կառույցի ղեկավարն ավելի հեռուն գնաց՝ «լակոտ» անվանեց փողոցը փակողներին. - «Մայթեզրին կանգնած ոչ մի քաղաքացու չեն տարել անտեղի, տեսախցիկները փակում են, հետո վազում, կանգնում են լակոտի պես այնտեղ, բա ի՞նչ պիտի անեն։ <> Չի կարելի ժողովուրդ, իսկ ո՞ր մնացածի իրավունքները սահմանափակում են, չեն թողնում, մարդ կա՝ գործի է գնում, հիվանդանոց»։

Իրավապաշտպանը քննադատում է ոստիկանապետին այս բառապաշարի համար

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը քննադատում է ոստիկանապետին այս բառապաշարի համար ու նորից պնդում՝ երկու կողմն էլ պետք է հարգալից լինի, իսկ իշխանության ներկայացուցիչները նման վարքագիծ չպետք է դրսևորեն։

«Ոստիկանության կողմից ցանկացած բռնություն կամ ցանկացած ոչ իրավաչափ գործողություն դատապարտելի է, և ամեն մի կոնկրետ դեպքով պետք է իրականացվի քննություն, մյուս կողմից էլ, եթե ոստիկանությունն ունի գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ապա նրա գործողությունները պետք է հիմնավոր լինեն, ասենք՝ տվյալ դեպքում նաև ԱԺ պատգամավորի նկատմամբ ինչ պահանջներ են ներկայացրել կամ որպես ինչ, և այս առումով էլ ԱԺ պատգամավորն էլ որպես իշխանության ներկայացուցիչ ունի պարտավորություն՝ օրինականության շրջանակներում գտնվելու, երբ հարաբերվում է իրավապահ մարմնի ներկայացուցչի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը։

Վաղ առավոտից փակվել են նաև մարզային ճանապարհներ Սյունիքում, Շիրակում։ Օրվա երկրորդ կեսից հետո արդեն փակ ճանապարհներ չկային։

XS
SM
MD
LG