Կառավարությունը ցանկանում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, և այդ նպատակով խորհրդարանին առաջարկում է դարձյալ փոփոխել Պաշտպանության մասին օրենքը։
Աշխարհազորի մասին դրույթն օրենքում ընդունվել էր դեռևս 2020 -ի հոկտեմբերին, այսինքն 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին։ Այն պետք է հնարավորություն տար քաղաքացիներին կամավորության սկզբունքով մասնակցել Հայաստանի զինված պաշտպանությանը։ Ըստ գործող օրենքի՝ աշխարհազորի զորամիավորումների, բրիգադների և գումարտակների ղեկավարներ պետք է նշանակվեին փոխմարզպետները, Երևանի քաղաքապետի տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները: Հենց այդ մարմինների վրա էր դրվել աշխարհազորը քաղաքացիներով համալրելու պարտականությունը:
Ինչո՞ւ ՊՆ-ը որոշեց աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով
Ինչո՞ւ այս համակարգը ներդնելուց 4 տարի անց Պաշտպանության նախարարությունը որոշեց աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։ Գործադիրն օրինագծի հիմնավորման մեջ խոստովանում է՝ համակարգը գրեթե չի գործել և դատելով Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի բացատրությունից, աշխարհազորը համակարգող փոխմարզպտներ ու փոխքաղաքապետներ չեն էլ նշանակվել, ինչը, սակայն, գործող օրենքի պահանջն էր։
Ինչո՞ւ աշխարհազորի համակարգը չի գործել և ինչո՞ւ կառավարությունը չի կատարել Պաշտպանության մասին օրենքը, խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նիստում հարցնում էր ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Մինչև հիմա այս օրենքի պահանջը որքանո՞վ է կատարվել, նշանակվե՞լ է արդյոք որևէ փոխմարզպետ, փոխքաղաքապետ, վարչական շրջանի ղեկավարը, որը պատասխանատու էր աշխարհազորի համար, եթե չեն նշանակվել, ապա ինչո՞ւ», - հարցրեց Մանուկյանը:
Արման Սարգսյանն արձագանքեց. - «Մարզպետի տեղակալներ տվյալ պահին 10 մարզերում չկան, Երևանում, որքան ես հիշում եմ, չի էլ նշանակվել քաղաքապետի տեղակալ: Չեմ կարծում, թե մարզպետի տեղակալներ նշանակելով կամ չնշանակելով կարելի էր այդ հարցը լուծել կամ չլուծել»:
Ո՞ւմ հետ կկնքվի պայմանագիր
Առաջարկվող փոփոխության համաձայն, աշխարհազորին փոխարինող տեղական պաշտպանության ուժերը կազմավորվելու են որպես համայնքի պաշտպանության ստորաբաժանումներ, որոնք մասնակցելու են Հայաստանի սահմանների պաշտպանությանը։ Այդ ուժերը կղեկավարի բանակային կորպուսի հրամանատարը, նրանք կներառվեն զորամասերի կազմում՝ որպես աջակցող ուժեր։
«Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակների հաստիքներին չկցագրված, պահեստազորի 2-րդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով անձի հետ պայմանգիր կնքելով, որը չի համարվում զինվորական ծառայության անցնելու պայմանագիր», - ներկայացրեց փոխնախարարը:
Ի դեպ, ըստ օրինագծի, պայմանագիր չի կնքվի պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձանց, զինծառայողների, ոստիկանության ու փրկարար ծառայողների հետ։ Տեղական պաշտպանության ուժերը խաղաղ ժամանակ անցնելու են պատրաստություն՝ համայնքի տարածքի պաշտպանության խնդիրների ապահովման համար։ Պատրաստության ժամանակ տեղական պաշտպանության ուժերի անդամներին ամրակցվում է զենք, նրանք ապահովվում են անվճար սննդով, բժշկական սպասարկմամբ, նաև գումար կտրամադրվի՝ ըստ զբաղեցրած զինվորական պաշտոնի՝ պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված չափով։
«Աշխարհազորի համար սա վատթարացում չի համարվելու, իրենք նույն տրամաբանությամբ, կամավորության սկզբունքով, անցում են կատարելու այս ռեժիմին», - ասաց Արման Սարգսյանը։