Մատչելիության հղումներ

«Ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ». վարչապետը կրկին սպառնաց ընդդիմախոսներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կրկնեց սպառնալիքները, որ նախընտրական շրջանում հնչեցրել էր ընդդիմախոսների՝ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հասցեին։

«Ունեմ լեգիտիմություն, ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ։ Բառիս դե յուրե իմաստով»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առաջին երկուսի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառված։ Այսօր նոր մեղադրանքներ են ներկայացվել նաև նախկին երկու նախագահներին՝ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն Ազգային ժողովում դիմելով վարչապետին, ասաց.- «Ատում եք հավանաբար նաև նախագահ Քոչարյանին, որովհետև Ձեզ հետ չի պայմանավորվել։ Ինչպես շատերը 18 թվականից հետո Ձեզ հետ պայմանավորված դուրս են եկել կամ պայմանավորված հետ չեն եկել, և նաև այն պատճառով, որ ինքը հաղթած երկրի ղեկավար է։ Երեկ Դուք այստեղ մի նկատառում էիք անում, որ գիտեք, այդ ձեր հաղթած նախագահին ես հաղթել եմ։ Բա դա Ձեր հաղթածի կեցվա՞ծք է։ Իրականում ընտրություն հաղթած, փաստացի երկրի ղեկավար հաստատված անձը նման վրեժխնդրությամբ է լծվում բոլոր քաղաքական ուժերի նկատմա՞մբ»։

Ընդդիմությունը պնդում է՝ գործընթացը «քաղաքական է»

Մինչ իրավապահները Քոչարյանի նաև նրա պատգամավոր որդու բնակարաններում խուզարկություններ էին անում, երկրորդ նախագահի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում պնդում էր՝ գործընթացն իրավական չէ, քաղաքական է, իրավապահները կատարել են վարչապետի հրահանգը։ Լևոն Քոչարյան- Նիկոլ Փաշինյան երեկվա սուր հակադարձումներից ժամեր անց։

Թվարկելով այն գույքերը, որոնք իրավապահների պնդմամբ՝ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները խախտումներով են ձեռք բերել, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Եթե հրահանգ, ժողովուրդ ջան, ես հրահանգը այստեղ չեմ տվել։ Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026 թվականի հունիսի 5-ին։ Ես ութ տարի վարչապետ եմ Հայաստանի Հանրապետության, ինչի՞ կասկադում ես հող չունեմ, ինչի՞ Սևանի ափին հանգստյան տուն չունեմ, ինչի՞ հյուրանոց չունեմ։ Իրենք շուստրի ուժեղ տղերքն են, հայրենասեր, ես էլ միամի՞տն եմ»,- ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Իրենք պիտի փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն» վարչապետ

Վարչապետը ձեռնպահ չմնաց մեկնաբանել նախաքննության փուլում գտնվող գործը։ Իրավապահների թվարկած ենթադրյալ խախտումները փաստ համարեց, բայց ոչ նորություն։ Իրավապահներին միակ հարցը, որ ուներ վարչապետը՝ ինչո՞ւ ութ տարի հետո։ Քոչարյանի թիմն է ասում՝ եթե անօրինականություն լիներ, ութ տարվա ընթացքում այս իշխանությունը գտած կլիներ։

«Այո, պիտի նստեն։ Այո, այս սաղ ունեցքվածքը...Ես ասում եմ՝ Ծառուկյան Գագիկը պիտի հայտարարություն անի, ասի՝ էն ի՞նչ էիք ասում, որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափ լինի։ Բա ե՞րբ է թոշակը բարձրանալու։ Քոչարյան Ռոբերտն էլ պիտի ասի դա։ Իրենք պիտի փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն։ Եվ այն պետությունը, որը սա չի անի, չի կարող չանի, որովհետև սա արդեն իմ ասածը չի, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ասածն է։ Դե փորձի մեկը չանի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմությունից Արթուր Խաչատրյանն էլ ասաց.- «Ժողովուրդն է պահանջում, այսօր նույնը ձերն է։ Նույնը գերմանացիք էին։ Կա հայտնի ելույթ՝ Գեբելսի ելույթը, կոչվում է՝ ամբողջական պատերազմի ելույթ, որը հայտնի է վերջին ֆրազը՝ ժողովուրդը ոտքի կկանգնի և կմոլեգնի փոթորիկը։ Այդ ժամուկեսանոց ելույթում Գեբելսը 100 անգամից ավել ժողովուրդ բառն է օգտագործել։ Այ այդպես բոլշևիկա-նացիստական բռնակալություն եք սարքել»։

Ընդդիմությունը պնդեց՝ «իշխանությունն իր ապօրինությունները ժողովրդի պահանջով է արդարացնում՝ ծառայեցնելով պետական ապարատը մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը»։ Իշխանությունը մնաց իր տեսակետին, որ իրավապահները թալանի հետևից են գնացել։

Նոր Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու գաղափարից չհրաժարված Չորրորդ Հանրապետության հիմնադրումից խոսող Նիկոլ Փաշինյանը, ըստ ընդդիմադիր «Հայաստան»-ի, դիմադրության օջախներն է այժմ վերացնում։

«Որպեսզի կարողանա հասցնել իր նպատակին և բավարարի ամբողջական Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները, Հայաստանում գործող քաղաքական ընդդիմադիր ուժերին, ազգային մտածելակերպ ունեցող մարդկանց կամ առհասարակ բոլոր դիմադրության օջախները պետք է ինքը ոչնչացնի, որպեսզի կարողանա իր այս հակահայկական ծրագիրը իրականացնի։ Հիմա ամեն մեկին ինչ մեղադրանք կկպցնեն, որպեսզի կարողանան ազատությունից զրկել, իր գործունեությունը սահմանափակել կամ մեկուսացնել, դա արդեն թողնված է քննչական մարմինների վառ երևակայությանը»,- ասաց «Հայաստան» խմբակցությունից Իշխան սաղաթելյանը։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասում է.- «Ի՞նչ կապ ունի այստեղ վրեժխնդրությունը, ի՞նչ կապ ունի այստեղ ազգային արժեքները, թուրքը, դավաճանը, ի՞նչ ասեմ, Կտրիճ Ներսիսյանը, մեր ազգային եկեղեցին, մեր արժեքները, մեր դրոշը... կարո՞ղ եք գալ և մեկ հոդաբաշխ բացատրություն տալ, ո՞նց է հնարավոր, որ տարածքը առնում ես 40 միլիոն դրամով, փոխանակում ես մյուս տարածքի հետ նույն չափսի, որը պետական է, ու վուալյա՝ մեկ միլիարդ 700 միլիոն դոլար քյար ես անում։ Ընդհանրապես, դուք չեք հոգնե՞լ այդ ազգային արժեքները ձեր առաջնորդի ենթադրյալ գողոնի վահան վերածելուց»։

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ այսօրվա գործողություններն ուղերձ է նաև իր մտերիմներին։ Նա հիշեց նաև Հովիկ Աղազարյանին, որով իրավապահները ակտիվորեն սկսեցին հետաքրքրվել «Քաղաքացիական պայմանագրից» հեռացվելուց հետո։

«Ժողովրդից տարած ամեն ինչն, այո, մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք՝ կոպեկ-կոպեկ, հատիկ-հատիկ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանն այսօր հայտարարեց 2008-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանն է տվել Մարտի մեկի սպանությունների հրահանգը։ Գործը կրկնեց՝ բացահայտված է։ Իսկ դատաիրավական համակարգին, որ նրա ձևակերպմամբ՝ կառավարությունից անկախ է, մեղադրեց նախկին օլիգարխներից փող վերցնելու, բացահայտումը հետաձգելու մեջ։

Վարչապետի խոսքով.- «Հայաստանի իրավապահ համակարգը մաֆիոզ ազդեցությունների պատճառով չի տալիս դրա գնահատականը։ Քրեական գործում Մարտի մեկի մի դրվագ չկա, որը բացահայտված չի»։

Մարտի մեկի սպանությունների գործը քննում է նույն Հակակոռուպցիոն կոմիտեն, որի այսօրվա բացահայտումը Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ չէր դնում։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG