Գիշերը կատաղի մարտեր են տեղի ունեցել Պակիստանի և Աֆղանստանի 2600-կիլոմետրանոց սահմանի առնվազն հինգ հատվածներում, կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:
Պակիստանի անվտանգության ուժերից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ պակիստանցի երեք զինծառայող և քաղաքացիական անձ է զոհվել, ևս հինգ զինծառայող վիրավորվել է:
Պակիստանյան կողմից կան սահմանամերձ շրջանները լքող քաղաքացիական անձինք:
Պակիստանյան աղբյուրների հավաստմամբ՝ իրենց պատասխան գործողությունների արդյունքում Աֆղաանստանի տարածքում «Թալիբան»-ի մի շարք սահմանային պոստեր են ոչնչացվել, կիրառվել է հրետանի, տանկեր:
Աֆղանական կողմում զոհվածների և վիրավորների մասին հրապարակված տվյալներ չկան:
Աֆղանստանը կառավարող «Թալիբան»-ը հաղորդել է պակիստանյան զինուժի կենտրոնների դեմ իր ուժերի «հաջող գործողությունների մասին` ի պատասխան Աֆղանստանի օդային և ցամաքային սահմանների շարունակական խախտումների»: Ըստ պաշտպանության նախարարության՝ գործողությունն ավարտվել է տեղական ժամանակով կեսգիշերին:
Այնուհանդերձ, Կունհար, Նանգարհար, Պակտիա, Խոստ և Հելմանդ նահանգների թալիբ հրամանատարները հաղորդել են, որ որոշ բախումներ շարունակվում են:
Երբեմնի դաշնակից երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ Աֆղանստանի «Թալիբան»-ը պատսպարել է «Թեհրիք-է Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորմանը, որը տարիներ շարունակ պայքարում է Պակիստանի իշխանությունների դեմ: