Կառավարությունն այսօր ևս երկու թափուր պաշտոններում՝ Քննչական ու Պետեկամուտների կոմիտեների նոր նախագահներ նշանակեց։
«Դեմ չունենք, որոշումներն ընդունված են: Պարոն Պողոսյան, պարոն Հակոբյան, շնորհավորում եմ ձեզ համապատասխանաբար պաշտոններում նշանակվելու առիթով», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս կառույցի ղեկավարներն էլ, ինչպես Ներքին գործերի նախարարության, Տարածքային կառավարման նախարարության, Հակակոռուպցիոն կոմիտեի ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահները, հեռացան տասն օր առաջ՝ սեփական դիմումով, բայց վարչապետի SMS-ներից հետո։
Այս պահին նշանակովի պաշտոններից միայն Հակակոռուպցիոնի նախագահի աթոռն է թափուր, իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամին խորհրդարանը պետք է ընտրի։
Հենց վարչապետն է հայտարարել, որ քրեական գործեր քննող ամենամեծ կառույցի նոր ղեկավարի՝ Արթուր Պողոսյանի կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության մասին ոչ ավել, ոչ պակաս երեք ահազանգ է եղել, երկուսը հերքվել էին։ Երբ վարչապետը նրա թեկնածության մասին խոսեց, երրորդ ուսումնասիրությունն էր ընթացքի մեջ, ասաց, երբ՝ երբ դա էլ հերքվի, կառաջադրի ՔԿ ղեկավար։
43-ամյա Պողոսյանը վերջին պաշտոնում՝ գլխավոր դատախազի տեղակալ մոտ երկու տարի աշխատեց, դրանից առաջ զինվորական դատախազի տեղակալն էր, իսկ 2020-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարում էր Արգիշտի Քյարամյանը, կառույցի քննչական դեպարտամենտի պետն էր:
Ինքը՝ Պողոսյանն այսօր պնդում էր, թե անգամ տեղյակ չէ՝ ինչ չարաշահումներ են իր անվան հետ կապվել։ «Ես ընդամենը կարամ հավաստիացնեմ, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ առնչություն եմ ունեցել և որևիցե առնչություն... Իմ առաջնային խնդիրը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է», - հայտարարեց նա:
ՔԿ նորանշանակ նախագահը Կառավարության ամենաանհարմար մուտքն էր ընտրել նոր աշխատավայր շտապելու համար ու ընկել լրագրողների «թակարդը»՝ ի տարբերություն Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահի, որը լրագրողների տեսադաշտում այսօր չհայտնվեց։
33-ամյա Էդուարդ Հակոբյանը ֆինանսների փոխնախարարն էր, 11 տարի առաջ աշխատանքային գործնեությունը հենց այս կառույցից է սկսել՝ կրտսեր մասնագետից դառնալով փոխնախարար։