Մատչելիության հղումներ

Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը՝ քննարկումների առիթ. ՌԴ դեսպանը դիմել է Պապիկյանին


Պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը մայիսի 9-ին տրված հարցազրույցը հայ- ռուսական լարվածության ևս մեկ առիթ է դարձել:

«Ամենածանր միֆերից մեկը Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից, Գերմանիան ուներ մշակված հստակ ծրագիր: Եվ այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայից որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր, այդ թվում նաև անկախ Հայաստանից... եթե նման բան լիներ, պիտի և՛ Հայաստանից, և՛ Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը ենթադրում էր նաև միացյալ պատմական Հայաստանի ստեղծում», - ասել էր ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի ղեկավարը:

Հարցազրույցից ուղիղ մեկ շաբաթ անց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակով դիմել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին. «Հաղթանակի տոնի նկատմամբ հայ ժողովրդի խոր հարգանքի ֆոնին լայն վրդովմունք են առաջացրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ պատմականորեն կեղծ և սրբապիղծ հայտարարությունները՝ հիտլերյան Գերմանիայի ագրեսիայի փաստացի արդարացումով»:

Պաշտպանության նախարարը ռուս դիվանագետին դեռ չի արձագանքել, փոխարենը դեսպանի նամակը լայն արձագանք է ստացել սոցցանցերում. ոմանք միանգամից հիշեցրին, որ մոտ երկու տարի առաջ Ռուսաստանի աչքի առաջ ու անգործության պայմաններում 100 հազար արցախցիներ ստիպված եղան լքել իրենց հայրենիքը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին հանրային արձագանքը չի զարմացնում. «Դեսպանի մակարդակով նամակ է հղում ՀՀ ՊՆ-ին հայտնի ելույթի կամ հարցազրույցի կապակցությամբ, որտեղ գուցե Ռուսաստանի տեսանկյունից վիճահարույց բաներ են ասվել, բայց, համենայն դեպս, ոչ այն աստիճան, ինչպես վարվում են Ադրբեջանում հայրենական պատերազմի, մասնակիցների, հուշարձանների և այլնի հետ։ Եվ երբ ՌԴ-ն այդ պարագայում Ադրբեջանի դեսպանի մակարդակով ոչ մի նամակ չի հղում Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կամ նախագահին և այլն, այստեղ, բնականաբար, առաջանում է, մեղմ ասած՝ երկակի զգացում, և դեսպանի նամակը, բնականաբար, Հայաստանի հանրության մոտ ավելի շատ ընկալվելու է բացասաբար»:

Բադալյանի կարծիքով՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններն արդեն իսկ հանրային օրակարգից դուրս էին գալիս, բայց Կոպիրկինը կրկին բորբոքեց այն՝ գիտակցելով, որ հայաստանյան հանրությունը չի պաշտպանելու իր ուղերձը:

«Պետք չէ բացառել, որ այս կերպ պարզապես ավելի շատ ջուր է լցվում այն տեխնոլոգիայի ջրաղացին, որ փորձ է անում կիրառել Հայաստանի իշխանությունն առաջիկա խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, ընտրությանը դնել հետևյալ դիլեման՝ կա՛մ դուք ձայն եք տալիս ՔՊ-ին և ձայն եք տալիս դրանով ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը, կա՛մ, եթե մեզ ձայն չեք տալիս, դուք ձայն եք տալիս վասալությանը, գուբեռնային, գաղութին և այլն: Փաստացի քողարկված աջակցություն է հենց իշխանության այդ նարատիվներին», - կարծում է քաղաքական մեկնաբանը։

Հարցազրույցի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանի բերած փաստերն էլ մասնագիտական հանրության շրջանում են բանավեճի պատճառ դարձել: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի դերակատարումը ուսումնասիրած թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը պնդում է՝ պաշտոնական Անկարան նախընտրություն էր տալիս Գերմանիային, քանի որ վերջինիս հաղթանակները հնարավորություն կտային թուրքերին իրականացնել իրենց պանթյուրքիստական ծավալապաշտական ծրագրերը, բայց Ստալինգրադի ու Կուրսկի ճակատամարտերում խորհրդային բանակի հաղթանակները կանխեցին դա:

Դոցենտը մեծ միֆ որակեց Հովհաննիսյանի միտքը, թե Գերմանիան ունեցել է ծրագիր`Ստալինգրադից հետո իջնել և վերցնել Կովկասը, ապա գրավել Թուրքիան, որն էլ ենթադրելու էր միացյալ պատմական Հայաստանի ստեղծում։ Ըստ նրա՝ փաստերն այլ բան են ասում:

«Այն ժամանակ, երբ Ստալինգրադում ճակատամարտն էր ընթանում և այլն, և թուրքական զորքը կանգնած էր խորհրդային սահմանի մոտ, Թուրքիայի վարչապետ Շուկրոսա Ջոխլուն բացահայտ հայտարարում էր, որ իրենք պետք է ազատագրեն խորհրդային տարածքում գտնվող իրենց հայրենակիցներին:

Հուշերում, որոնք բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ, այդ մասին գրում են, և նրանք չէին գրում խորհրդային զինվորականները, այլ նախ և առաջ եկեք դիտարկենք հենց Սոն Պապենի հուշերը, որտեղ ինքը հստակ ներկայացնում է իր բանակցությունները թուրքական իշխանությունների հետ, որտեղ ինքը, իր նամակները, որ ինքը ուղղում է արդեն Բեռլին, որտեղ նշում է, որ Թուրքիան պատրաստ է պատերազմ հայտարարել Խորհրդային Միությանը», - նշեց նա:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG