Մատչելիության հղումներ

Արցախցի ծերունուն գլխատած ադրբեջանցու նկատմամբ հետախուզումը չպետք է դադարեցվեր. միջազգային իրավունքի մասնագետներ


Քամիլ Զեյնալին՝ իր փաստաբանի հետ, արխիվ
Քամիլ Զեյնալին՝ իր փաստաբանի հետ, արխիվ

Դադարեցնելով արցախցի ծերունուն գլխատած ադրբեջանցու հետախուզումը՝ Հայաստանի ներքին գործերի նախարարությունն ու Գլխավոր դատախազությունը նույն տեքստով նույն պատճառաբանությունն են բերում:

Իրավապահ կառույցներից հայտնում են, թե Հայաստանն ու Ադրբեջանը դեռ 2024-ին վերահաստատել են 17 տարի առաջ ձեռքբերված մի պայմանավորվածություն: Մասնավորապես հղում են անում 2007-ին ձեռք բերված ու հանրությանը անհայտ մի պայմանավորվածության, ըստ որի Ադրբեջանն ու Հայաստանը ԱՊՀ երկրների տարածքում դադարեցնում են կամ չեն հայտարարում միջպետական հետախուզումներ միմյանց քաղաքացիների նկատմամբ:

«Հայկական կողմի քայլը հակասական ու անտրամաբանական է»

«Սա գնահատում ենք հենց ներկա քաղաքական պորցեսների կոնտեքստում, երբ Հայաստանը հրաժարվում է միջպետական գործերից, ցանկանում է հրաժարվել ապագայում նոր հայցեր ներկայացնելուց, հրաժարվում է միջազգայնորեն բարձրաձայնել ադրբեջանցի հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը, հրաժարվում է անգամ բարձրաձայնել անհատական քրեական պատասխանատվության կիրառման հարցը», - ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Դաժան սպանությունը, որի համար հայկական կողմը մեղադրում էր Քամիլ Զեյնալիին, տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութում: Հայ ծերունու գլխատման տեսանյութերը Guardian-ի և Bellingcat-ի հետաքննող լրագրողներն էին ուսումնասիրել ու հաստատել դրանց իսկությունը:

Հայկական կողմի քայլը հակասական ու անտրամաբանական է, կարծում է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն ու ընդգծում՝ Երևանը մի նպատակ ունի՝ չզայրացնել Բաքվին իր համար կարևոր խաղաղության հաստատման դարաշրջանում:

«Չզայրացնել, չանհանգստացնել Ադրբեջանի իշխանություններին այն ակնկալիքով, որ նրանք կգտնվեն կառուցողական ու կստորագրեն խաղաղությանն առնչվող ինչ-որ փաստաթղթեր», - նշեց Սահակյանը:

Մասնագետներն ընդգծում են՝ հենց միջազգային իրավունքն է պահանջում պատժել պատերազմական հանցագործներին:

«Անպայման հասարակությունը պետք է տեղեկացված լիներ դրա մասին»

«Ոչ միայն ես չեմ տեղյակ, այլև մեր հասարակությունն առաջին անգամ է լսում երևի նման իրավական փաստաթղթի առկայության մասին», - ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ հայաստանցիների հայցերը ներկայացնող Արա Ղազարյանն առաջին անգամն էր լսում այս մասին: Ի՞նչ պայմանավորվածություն՝ հարցնում է մասնագետը. որտե՞ղ են դրանք հրապարակված, ինչո՞ւ չեն հայտարարել սրա մասին, ո՞վ է տեղյակ այս համաձայնություններից: Այս հարցերին թե՛ Ներքին գործերի նախարարությունը, թե՛ Գլխավոր դատախազությունը չեն պատասխանում:

«Անպայման հասարակությունը պետք է տեղեկացված լիներ դրա մասին մանավանդ, որ Եվրոպական դատարանի վարույթներում Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ ոչ մի իրավական պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չի կարող գործել, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր և դիվանագիտական հարաբերությունների հաստատում», - նշեց Ղազարյանը:

«Ազատությունը» հարցեր է ուղղել Գլխավոր դատախազությանը՝ փորձելով պարզել՝ Հայաստանում պետական ո՞ր կառույցներն են իրենց ստորագրությունը դրել թե՛ 2007-ին ձեռքբերված, թե՛ 2024-ի վերահաստատված պայմանավորածության տակ, որտե՞ղ են հրապարակված այդ փաստաթղթերը:

«Եթե կար նման պայմանավորվածություն, ինչո՞ւ էր դատախազությունը Զեյնալիի նկատմամբ հայտարարում միջպետական հետախուզում»

Սիրանուշ Սահակյանը տարակուսած է՝ եթե կար նման պայմանավորվածություն, ինչո՞ւ էր Հայաստանի գլխավոր դատախազությունը դաժան սպանության մեջ կասկածվող Քամիլ Զեյնալիի նկատմամբ հայտարարում միջպետական հետախուզում, որը հետո այս պայմանավորվածությունների ուժով պետք է չեղարկվեր: Արա Ղազարյանն էլ պնդում է՝ եթե այդ փաստաթուղթը հրապարակված չէ, ուրեմն այն չի կարող գործի դրվել:

«Որպեսզի որևէ փաստաթուղթ համարվի օրինական, պետք է հրապարակված լինի առաջին հերթին, երկու որակական պահանջներ են ներկայացվում իրավական նորմատիվ ակտերի՝ հրապարակված լինի, հիմա եթե դա հրապարակված չի, ուրեմն համարեք, որ դա չի կարող կիրառվել», - ասաց Արա Ղազարյանը:

Ղազարյանը ևս ընդգծում է՝ եթե անգամ ժամանակին նման պայմանավորվածություն է ձեռք բերվել, դա չպետք է տարածվի պատերազմական հանցագործությունների վրա:

«Չպետք է տարածվի պայմանով, որ մեկ այլ համաձայնագրով նախատեսված են ընթացակարգեր, այսինքն, ոնց էլ լինի, նման հանցագործները չեն կարող անպատիժ մնալ, որովհետև երկու պետություն այդպես են ցանկանում: Նման հանցագործությունները... դրանք կոչվում են միջազգային իրավունքի պարտադիր նորմեր, չի կարող չլինել որևէ իրավական փաստաթուղթ, որ այս անձանց պատժի չենթարկի, որովհետև դրանք միջազգային բնույթի հանցագործություններ են», - ասաց Ղազարյանը:

Ավելի քան մեկ տարի առաջ Մոսկվայում Հայաստանի պահանջով ձերբակալված ադրբեջանցի տղամարդն օրերս անձամբ հայտարարեց, թե ինքն այլևս չի հետախուզվում:

«Մեր թշնամիների կողմից հայտարարված հետախուզումը մեր պետության ձեռնարկած ջանքերի շնորհիվ չեղարկվել է», - ասել էր Զեյնալին:

Հայտնի ֆիթնես բլոգերին ռուս ոստիկանները 2024-ի փետրվարին էին ձերբակալել «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Բաքու վերադառնալիս։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունն էր հայտնել, որ նրա նկատմամբ սպանության մեղադրանքով միջպետական հետախուզում կա: Ռուսական կողմը, սակայն, չսպասելով Երևանին ուղարկվող համապատասխան փաստաթղթերին, նրան ազատ էր արձակել: Զեյնալին ծափողջյունների ներքո Բաքու վերադարձավ: Այս ամիսների ընթացքում հայաստանյան իրավապահները լուռ էին, քանի դեռ Զեյնալին չխոսեց իր գործի մասին:











XS
SM
MD
LG