Մինչ Երևանն ու Բաքուն հայտարարում են, որ խաղաղություն է հաստատվել, Արցախում շարունակվում են պատմամշակութային հուշարձանների վնասման, քանդման դեպքերը։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող Monument watch անկախ խումբը հերթական նման դեպքն օրերս է բացահայտել. մասնագետներն արձանագրել են՝ Ադրբեջանն այս անգամ էլ վնասել է Մարտունու Սբ. Ներսես Մեծ եկեղեցին։
«Ադրբեջանական տելեգրամյան ալիքների, նաև սոցէջերի դիտարկումը ցույց տվեց, թե ինչ վիճակում է գտնվում Մարտունի քաղաքի եկեղեցին, մասնավորապես պարզ դարձավ, որ Արցախի օկուպացիայից հետո եկեղեցու պատուհանները միտումնավոր ջարդվել են։ Լուսանկարներից դա շատ լավ երևում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց մշակութաբան, Monument watch խմբի անդամ Ռուբեն Հովսեփյանը:
Մասնագետների դիտարկումը ցույց է տվել, որ եկեղեցու վրա նաև կրակահերթի թարմ հետքեր կան։ Հնագետ Հովսեփյանը նշեց՝ համեմատական ուսումնասիրությամբ պարզել են, որ պարկուճի հետքերը ոչ թե պատերազմի, այլ՝ 2023-ից հետո իրականացված վանդալիզմի հետևանք են։ Մասնագետը կասկած չունի՝ 2004 թվականին կառուցված եկեղեցին միտումնավոր է թիրախավորվել։
«Նաև եկեղեցու պատերի վրա երևում են կրակահերթի հետքեր, այսինքն՝ կրակահերթի հետքեր, որոնք նախկինում չէին ֆիքսվել, որովհետև 20 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքը բավականին անխնա ռմբակոծվել է, ընդ որում թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները ու այդ թվում նաև եկեղեցու անմիջական տարածքը, և եկեղեցին տուժել էր արկերի պայթյունից, դա երևում է հենց պատերի վրայի հետքերով։ Դրանից բացի, երևում է, որ 23 թվականից հետո պատուհաններն են ջարդվել, շրջակայքն է տուժել, ինչպես նաև կրակահերթի հետքեր են երևում», - ասաց նա:
2020-ից պատերազմից ու հետո նաև 2023-ի բռնի տեղահանումից հետո, երբ Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, մասնագետները պարբերաբար ահազանգում են Արցախում եկեղեցիների, վանքերի, այլ պատմամշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի դեպքերի մասին։ Անցած տարիներին Արցախում քանդվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ՝ Կանաչ ժամ անունով հայտնի եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, հիմնահատակ վերացվել են առանձին բնակավայրեր ու թաղամասեր, ինչպես օրինակ Քարին տակ գյուղը, Ստեփանակերտի առանձին թաղամասեր:
Աշնան սկզբին Ադրբեջանը վերացրեց Արցախի արտգործնախարարության շենքը։ Ադրբեջանը վերացրել է նաև կիսանդրիներ, հայրենական ու արցախյան պատերազմներին նվիրված բազմաթիվ հուշարձաներ։
«Ստեփանակերտ քաղաքի ամբողջ պատմական հատվածը 19-րդ դարի ձևերի կառուցապատմամբ ինքը ամբողջությամբ ոչնչացվել է, և այդ հատվածում կառուցվում է «իրենց հաղթանակի զբոսայգին», թանգարանը, հուշահամալիրը։ Մենք կարող ենք փաստել, որ ադրբեջանական կողմը միտումնավոր ոչնչացնում է 94 թվականից հետո կառուցված, կանգնեցված հուշարձանները, կոթողները, խաչքարերը, արձանները, և Ստեփանակերտ քաղաքում դա շատ լավ երևում է, երբ որ բազմաթիվ արձաններ, կիսանդրիներ ուղղակի վերջին տարիներին ոչնչացվել են», - նշեց Հովսեփյանը:
Մասնագետները դժվարանում են անգամ մոտավոր թվեր ասել, թե անցած տարիներին քանի պատմամշակութային հուշարձան է վերացվել կամ վանդալիզմի ենթարկվել։ Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության նախկին ղեկավար Արմինե Հայրապետյանը նշեց՝ իրական պատկերն իմանալու համար համացանցում ժամանակ առ ժամանակ հայտնվող տեսանյութերն ու նկարները բավարար չեն։ Չի բացառում՝ ադրբեջանական վանդալիզմի մաշտաբները կարող են ավելի մեծ լինել:
«Միջնադարյան եկեղեցիները նրանք հեշտությամբ յուրացնում են անվանականացման տակ, բայց հետագայում նույնպես ավերելու են, որովհետև ինչպես գիտենք, Կանաչ Ժամն էլ իրենք սկզբից ուդիական, հետո ուղղափառ, հետո վերջում ոչնչացվեց։ Իսկ նորը ոչնչացնելով՝ նրանք, այսպես ասած, քողարկում են ոչ օրինական կառույցներ մտքի տակ, որ հայերը օկուպացված տարածքում ոչ օրինական շինություններ են կառուցել, որոնք պետք է ապամոնտաժվեն», - ասաց Հայրապետյանը:
Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության նախկին ղեկավարը կարծում է՝ Արցախում հայկական ժառանգությունը փրկելու համար Հայաստանի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի. «Այդ մշակույթի ժառանգորդը հանդիսացող Հայաստանի Հանրապետության կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի այդ վանդալիզմը կանխելու համար, որը դժբախտաբար չի արվում, և այդ լռությունը փաստորեն կանաչ լույս է վառում Ալիևի հանցագործ գործողությունների առաջ»։
Տարբեր հաշվարկներով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է 4000-ից 6000 հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։ Պատմական հուշարձանները, եկեղեցիները վերացնելուց, դրանք ձևախեղելուց, հայկական եկեղեցիները աղվանական հռչակելուց բացի, մասնագետները մեկ այլ միտում են նկատում՝ Ադրբեջանը ակտիվորեն մզկիթներ է կառուցում Արցախի տարածքում: