Մատչելիության հղումներ

Արցախի նախկին պաշտոնյաների փաստաբանները Բաքվում միջնորդել են խափանման միջոցը տնային կալանքով փոխել


Բաքվում ընթացող Արցախի նախկին պաշտոնյաների դատավարության ժամանակ փաստաբաններն իրենց պաշտպանյալների խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ առանց հստակեցնելու, թե ինչ է նշանակում տնային կալանք հայ գերիների դեպքում։

Ըստ նույն աղբյուրների՝ դատարանը խափանման միջոցի վերաբերյալ որոշում կհրապարակի հունվարի 27-ին։ Այդ օրը նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունն է:

Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացրել են: Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը մեկնարկել է հունվարի 17-ին:

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG