Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը Բաքվում մոտենում է ավարտին: Երեկ Բաքվի ռազմական դատարանում խոսել են նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը:
Առանց անկախ լրատվամիջոցների, միջազգային հանրության ներկայացուցիչերի ու դիտորդների ընթացող դատավարության մասին տեղեկություններ հնարավոր է ստանալ միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցներից, և նրանց հաղորդածը անկախ աղբյուրներից ճշտելու հնարավորություն չկա:
Ըստ «Ազերթաջ» պետական լրատվամիջոցի, Արայիկ Հարությունյանն իր վերջին խոսքում հակադարձել է դատախազի ներկայացրած մեղադրանքին, մասնավորապես՝ Քելբաջարի շուրջ տեղի ունեցած միջադեպերին առնչվող:
Հարությունյանը նշել է, որ ինքը բավարար չափով տեղեկացված մարդ է, բայց 1993 թվականին Քելբաջարի թունելում տեղի ունեցածի մասին իմացել է հենց դատարանում: Քելբաջարի Բեյլիք Բաղում տեղի ունեցածի մասին ևս Բաքվում է լսել:
«Ազերթաջ»-ը չի մանրամասնում, թե ըստ պաշտոնական վարկածի ինչ է տեղի ունեցել Քելբաջարում 32 տարի առաջ: Բայց պետական լրատվամիջոցի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում նկարագրվածը համարել է ռազմական հանցագործություն:
Հարությունյանը նաև ասել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո գերեվարված նախկին նախագահը մեղադրվում է ռազմական ծանր հանցագործությունների՝ հանցավոր խմբավորման մեջ ներառվելու, առևտրային ապօրինի գործունեությանը մասնակցելու, վարձկանության, վնաս պատճառելու, Գյանջայի օդանավակայանին ավիահարվածներ հասցնելու, սպանության, բռնության դրվագներով:
Նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը ևս չեն համաձայնել մեղադրանքին: Մանուկյանն, օրինակ, պնդել է, որ ներկա չի եղել Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նիստերին ո՛չ որպես մասնակից, ո՛չ որպես դիտորդ, քանի որ իր ծառայողական պարտականությունները դա իրեն թույլ չէին տալիս:
Արդեն երկու տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվի դատարանում արած հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները Հայաստանում կասկածի տակ են դնում: Իրավապաշտպանները մեկ անգամ չեն հայտարարել, որ այս դատավարությունները կեղծ են, շինծու, փակ միջազգային փաստաբանների ու ներկայացուցիչների համար, ուստի ադրբեջանական պետական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները չեն կարող արտահայտել բանտարկված հայերի իրական տեսակետը: