Մատչելիության հղումներ

Արցախի նախկին 3 քաղաքապետերը՝ դեռ մեղադրյալ. պաշտպանը քաղաքական հետապնդման մասին է խոսում


Արցախի նախկին երեք քաղաքապետերը շարունակում են մեղադրյալի կարգավիճակում մնալ։ Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի նախկին ղեկավարների մեղադրանքն առնչվում է այդ քաղաքներին պատկանած գույքին։ Հայաստանյան իրավապահները պնդում են, որ նրանք խարդախությամբ տիրացել են Արցախի պետական գույքին։

«Ընդամենը փոխվել է սեփականատիրոջ անունը, այսինքն՝ նախկին համայնքի սեփականությունն անցել է այդ համայնքի ղեկավարի սեփականություն որպես փաստաթղթային ձևակերպմամբ, համապատասխան ոստիկանության ստորաբաժանումում անհրաժեշտ ձևակերպումների շրջանակներում, իսկ մեքենան փաստացի իրականացրել է կամ շահագործվել է այնպես, ինչպես նախկինում էր շահագործվում, կրկին համայնքի բնակիչների շահերի օգտին կամ համայնքի ղեկավարի համար», - ասում է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

Մեկ տարի առաջ մյուս արցախցիների նման տեղահանված նախկին քաղաքապետերին մեղադրանք ներկայացվեց այս մայիսին՝ այն ժամանակ, երբ նրանք ակտիվ մասնակցում էին վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հանրահավաքներին։ Մարտակերտի քաղաքապետի փաստաբանն առաջին անգամը չէ պնդում՝ սա քաղաքական հետապնդում է։

«Մեծ ակցիաներ էին տեղի ունենում, իշխանությունը նկատեց, որ Արցախի տեղահանված բնակչությունը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում է, մասնակցում է այդ հավաքներին, և նրանք էլ ենթադրեցին, որ հավանաբար համայնքի ղեկավարների կողմից է ուղղորդվում, դրա համար են այդ մարդիկ մասնակցում։ Այս քաղաքական հետապնդումները սկսեցին, իրականացրին», - հավելեց Արսեն Բաբայանը։

Քննչական կոմիտեից այս պնդումներն անհիմն են որակում և նշում՝ այս գործարքները կատարվել են կեղծ փաստաթղթեր կազմելով, խարդախությամբ, իսկ նպատակը Արցախից բերված պետական ավտոմեքենաները յուրացնելն է եղել։

Փաստաբան Բաբայանի պնդմամբ՝ իր սեփական մեքենան թողնելով Արցախում՝ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը Հայաստան է բերել քաղաքապետարանի 1 միլիոն 300 հազար դրամանոց ավտոմեքենան, այստեղ էլ այն օգտագործել համաքաղաքացիների համար, անգամ երկու անգամ էլ տուգանվել է ԱՊՊԱ և տեխզննում չունենալու համար։ Սա է պատճառը, ըստ Բաբայանի, որ ավագանին որոշել է Ադրբեջանին անցած համայնքի ավտոմեքենան փոխել համայնքի ղեկավարի անվամբ։

«Մարտակերտի համայնքի ղեկավարն այդպես վարելու համար երկու անգամ տուգանվել է հարյուր հազարական դրամով, որովհետև առանց համապատասխան ԱՊՊԱ պայմանագրի և տեխնիկական զննում անցնելու դեպքում վարչական պատասխանատվություն կա։ Պարեկները կանգնեցրել են, երկու անգամ էլ 100 հազար դրամ տուգանել են, և հենց դրանից է եղել անհրաժեշտությունը, որ գտնեն լուծում» - նկատեց նա։

Փաստաբան Արսեն Բաբայանն ասում է՝ այժմ մեքենան քննիչների հսկողության տակ է։ Փաստաբանը մի խնդիր էլ է բարձրացնում՝ Հայաստանի քննչականը չի կարող քննել իր տարածքից դուրս գտնվող համայնքներին պատկանող գույքի մասին գործեր. - «Որովհետև հստակ գիտեն, որ այդտեղ իրավազորություն չունի ՀՀ-ն ֆորմալ, զուտ օրենսդրական իմաստով, հետևաբար այդպես լղոզելով գնում են, և երևի դա պատճառներից մեկն էր, որ մինչև հիմա արդեն մի քանի ամիս կլինի՝ որևէ գործողություն չեն անում այս քրեական վարույթի շրջանակներում»։

Նույն՝ խարդախությանբ պետական գույքը հափշտակելու մեղադրանքով կալանավորվել, ապա ազատ էր արձակվել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

Ըստ Քննչականի՝ Դավիթ Սարգսյանը Արցախի հայաթափման ժամանակ քաղաքին պատկանող 4 ավտոմեքենաները՝ երկու «Վազ 21», մի «Տոյոտա» ու մի «ՈւԱԶ», որ ավելի քան 19 միլիոն արժեն, բերել է Հայաստան և, այլ անձանց նվիրաբերելով, օտարման գործարքներ արել։

Սարգսյանին կալանավորել էին ընդդիմության հանրահավաքից մեկ օր առաջ, տունը խուզարկել էին, բայց, ըստ կնոջ, ոչինչ չէին հայտնաբերել։

«Քաղաքական հետապնդում է, ոնց որ բոլոր քաղաքապետները Արցախի, ոնց որ բոլոր պաշտոնյաները: Ու, կարծում եմ, կապված է հենց վաղվա կազմակերպվող համազգային շարժման հետ, այսինքն՝ փորձում են դեռ մեկուսացնել այն մարդկանց, ովքեր կարող են որոշակի... ում համար կամ հենց իր կողքը կարող են կանգնել», - «Ազատության» հետ զրույցում ասել էր Սարգսյանի կինը՝ Էռնա Ջավադյանը:

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հակադարձում է՝ Սարգսյանը այդ գույքը չի հափշտակել, դրանք տվել է նրանց, ովքեր ընտանիքներով Արցախից փախել են Հայաստան, ընդ որում՝ որպես այլ երկրի ավտոմեքենա իրավունք չունեին այն վարել և հենց ոստիկանության հորդորով են ձևակերպումներ արել, ինչն էլ այսօր քննչականը համարում է հանցագործություն։

«Ինչ որ արվել է, արվել է Ստեփանակերտից Հայաստան գալուց հետո որոշակի գույքը փրկելու համար: Ստացվում է՝ իրենց մեղքը կայանում է նրանում, որ հաջողվել է ինչ-որ մի բան բերեն», - ասել է նա։

Մեղադրյալ երեք քաղաքապետերն էլ կալանավորվել, ապա ազատ էին արձակվել, մեղքը չեն ընդունում, հարցազրույցներից խուսափում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG