Գերմանիայի նախագահի՝ Արցախի մասին ինստագրամյան գրառումը դիվանագիտական սկանդալի է վերածվել Բաքվի ու Բեռլինի միջև:
Առաջին անգամ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երեկ Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակել էր Արցախի դրոշի լուսանկարը՝ գրելով. - «Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքին: Տարածաշրջանը իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանին։ Այնտեղ հիմնականում հայեր են ապրում։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում բազմիցս բախումներ են եղել»։
Պաշտոնական Բաքվի արձագանքը չուշացավ: Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը երեկ կանչվեց երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա փոխանցեցին:
Շեշտելով, թե տեղի ունեցածը «ոտնձգություն է երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ», Ադրբեջանի արտգործնախարարությունը Գերմանիայի նախագահի գրառումը նաև որակել է «բացահայտ քաղաքական սադրանք», ընդգծելով, թե այն կատարվել է տարածաշրջանային այցի ընթացքում:
«Ազերթաջ» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքի նոտայում նաև նշել է, թե Գերմանիայի նախագահի հրապարակումը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու մասին հայտարարություններին, ինչպես նաև շարունակվող խաղաղության գործընթացին:
Պաշտոնական Բաքուն գերմանական կողմին նաև փոխանցել է, թե Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անունով վարչական միավոր չկա, հետևաբար խոսելով ադրբեջանական տարածքների մասին՝ պետք է զերծ մնալ «գոյություն չունեցող և ֆիկտիվ անուններ օգտագործելուց»:
Բացի այդ, Ադրբեջանի արտգործնախարարությունը հիշեցրել է Գերմանիային, թե 30-ամյա հակամարտությունն արդեն անցյալում է, և որ այն իրենք արդեն լուծել են ռազմաքաղաքական ճանապահով:
Ծավալուն բողոքի նոտայից հետո Բաքուն պահանջել է, որ գերմանական կողմը հրապարակային ներողություն խնդրի այս գրառման համար։
Ավելի ուշ «Ազերթաջ»-ը հրապարակեց Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյորտե Դինգերի նամակը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին, որտեղ պետքարտուղարը ներողություն է խնդրել հրապարակման համար՝ նշելով, որ այն տեխնիկական սխալի արդյունք է։
«Ադրբեջանի շրջանին վերաբերող սխալ դրոշի պատկերումն ու դրան ուղեկցող տեքստը նախագահի սոցիալական էջում շատ կարճ ժամանակ է եղել: Այն պահին, երբ սխալն արձանագրվել է, հրապարակումը հեռացվել է, ես խորապես ցավում եմ այդ սխալի համար և անկեղծորեն ուզում եմ ներողություն խնդրել այն սխալ տպավորության համար, որն այդ հրապարակումն առաջացրել է Ադրբեջանում որոշ մարդկանց շրջանում», - գրել է Դինգերը:
Գերմանիայի պետքարտուղարը Հաջիևին ուղղված իր նամակում նաև հայտնել է, որ Շտայնմայերի առաջիկա այցը Բաքու նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջև գործընկերությունը և աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղ գործընթացին։
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը տարածաշրջանային այցի շրջանակում նախօրեին Հայաստանում էր, որտեղ հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Գերմանիայի նախագահը Երևանում խոսելով խաղաղության գործընթացի մասին ասել էր, որ պետք է անել վերջին քայլերը՝ խաղաղություն հաստատելու համար։
Երևանից Շտայնմայերը մեկնելու է Բաքու, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։ Իսկ մինչ այդ Գերմանիայի նախագահն այսօր այցելել էր Դիլիջան: