Ազատության հրապարակում հանրահավաք է նվիրված Արցախի անկախության օրվան: Մասնակիցները պարզել են Հայաստանի ու Արցախի դրոշները, Բաքվի բանտում պահվող հայ գերիների լուսանկարները:
«Արցախյան շարժումը չի ավարտվել, վերադարձ լինելու է», - այս խոսքերով սկսվեց հանրահավաքը: Ելույթ ունեցող արցախցիները խոսում են Արցախ վերադարձի կարևորության մասին:
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը նշեց, թե Արցախ վերադարձը ամբողջ արցախցիների պատիվն է: Նա կոչ արեց զինվել հավատով ու միասնական լինել, որ «այդ փորձությունն էլ հաղթահարեն»:
«Արցախի անկախության օրը կդառնա վերադարձի օր, մինչ այդ առաջնորդվենք կարևորագույն պատգամով՝ չհուսահատվենք, չկորցնենք մեր ազգային դիմագիծը, մենք իրավունք չունենք ծնկելու, կասկածելու, կոտրվելու: Հայն իր լեռների պես համառ է ու անկոտրում և դա ապացուցել է իր պատմությամբ: Մենք ազգովի նորից կծածանենք հայոց եռագույնն Արցախի հողում, ոչ միայն այստեղ, այլև Արցախում», - հայտարարեց Իսկանդարյանը:
Այսօրվա միասնության հավաքում ելույթ ունեցավ արցախցի Նարե Սիմոնյանը: Նա նշեց՝ «Արցախը մենակ ու դավաճանված մնաց», և կոչ արեց արցախցիներին չհանձնվել ու համախմբվել. - «Գործող իշխանության քաղաքականության ամեն օրը մեզ ավելի է հեռացնում Արցախ վերադարձի հնարավորությունից և ավելի մոտեցնում՝ Հայաստանը կորցնելու վտանգին»:
Ազատության հրապարակը մարդաշատ է, տեղում նաև ոստիկանական ուժեր են կուտակված: Հանրահավաքն ընթանում է խաղաղ:
Այսօր առավոտյան էլ Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչը» հուշահամալիրը, որը նվիրված է Արցախի ազատության համար նահատակված հերոսների, սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի անմեղ զոհերի հիշատակին։