23:40
Երեկոյան կառավարության լրատվականի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը նախ եղել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որից հետո պատասխանատուները տեղում ներկայացրել են սահմանազատումից հետո ԱԱԾ Սահմանապահ ծառայության ծառայողների տեղակայման աշխատանքների ընթացքը:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ ուղեկալ՝ ծանոթացել ծառայության ընթացքին և ուղեկալում առկա պայմաններին: Նշվել է, որ ուղեկալը ժամանակավոր կառույցում է տեղակայվել, առաջիկայում նախատեսվում է կառուցել ուղեկալի նոր շենք:
Այնուհետև վարչապետը եղել է Կիրանցում կառուցվող նոր դպրոցում, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին, որից հետո զրուցել բնակիչների հետ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներին, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, պատասխանել հնչեցված հարցերին, որոնք վերաբերել են ենթակառուցվածքներին, հնարավոր խնդիրներին ու դրանց լուծումներին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կհասցեագրի բոլոր խնդիրները և դրանց կտրվեն անհրաժեշտ լուծումներ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով կառավարության կողմից 16 մլն դրամ հատկացնելու ծրագրին: Վարչապետի խոսքով՝ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի այն բնակիչներին, որոնք կդառնան 16 մլն դրամ ծրագրի շահառու, ևս 5 մլն դրամ կհատկացվի, այդ թվում՝ արդեն ծրագրից օգտվողներին: Վարչապետը հույս է հատնել, որ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում կյանքն այդ գյուղերում կզարգանա, մարդիկ նոր տներ կկառուցեն:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեղի ունեցածը մեծ հաջողություն է, և կառավարության նպատակներից է ստեղծել անվտանգության երաշխիքներ սահմանազատման միջոցով: Վարչապետը նշել է, որ ամեն ինչ արվելու է գործընթացը շարունակելու համար:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետը կարևորել է որակյալ և ժամանակին իրականացումը և պատասխանատուներին տվել հանձնարարականներ»:
Կառավարության լրատվականը հրապարակել է նաև Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպումներից հատվածներ՝ տեսանյութերով.
15:14
Վարչապետը հեռացավ Կիրանցից:
Հանդիպումը դպրոցի շենքում չկայացավ, բնակիչների հետ հանդիպում-քննարկում կայացավ հարակից տարածքում, որը բավական լարված մթնոլորտում անցավ:
15:00
Կիրանցի դպրոցի շենքում նախատեսվում է վարչապետի հանդիպումը բնակիչների հետ:
Իրավապահները շարունակում են թույլ չտալ լրագրողներին առաջանալ:
Ավելի վաղ «Ազատություն»-ը հարց ուղղեց վարչապետին, Փաշինյանը խոստացավ հետո պատասխանել: Այժմ նրան մոտենալ չի հաջողվում:
14:12
Վարչապետի ավտոշարասյունը հասավ Կիրանց, կանգ առավ դպրոցի նորակառույց շենքի մոտ:
Այստեղ է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Ազատության» թղթակցին թույլ չտվեցին մոտենալ և հարցեր ուղղել նրան:
Կիրանցում է նաև ոստիկանապետը, գյուղում լարված իրավիճակ է: Բոլոր լրագրողներին իրավապահները հորդորեցին հետ քաշվել:
Դրսում հավաքված կիրանցեցիներին հորդորում են գնալ դպրոց և մասնակցել այնտեղ կայանալիք հանդիպմանը, գյուղի բնակիչների մի խումբ հրաժարվում է:
13:15
Վարչապետն ավարտեց հանդիպումը Բաղանիսում և մեկնեց Ոսկեպար:
Ավտոշարասյունը մտավ Տավուշի սահմանամերձ այս գյուղ, որտեղ ևս հանդիպում է սպասվում:
Վարչապետն այցելեց նաև Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ մոմավառությունից հետո ծանոթացավ իրականացված սահմանազատման աշխատանքների արդյունքներին:
12:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ է ժամանել:
Կեսօրին վարչապետի ավտոշարասյունը մտավ Բաղանիսի դպրոցի բակ, որտեղ հանդիպում է տեղի բնակիչների հետ։ Անվտանգության աշխատակիցները լրագրողներին դպրոց մտնել թույլ չեն տալիս:
Ավելի վաղ լրագրող Անի Գևորգյանին հաջողվել էր մտնել շենք, սպասում էր նախասրահում, նրան հորդորում էին դուրս գալ, ինչից հետո դուրս բերեցին ուժ գործադրելով:
Բնակիչներն ասում են, որ Կիրանցում նույնպես հանդիպում է լինելու վարչապետի հետ:
Ժամը 11:15-ին մոտ վարչապետը գրառում էր կատարել Ֆեյսբուքում, ըստ որի՝ եղանակային վատ պայմանների պատճառով իրենց ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում, ճանապարհը շարունակում են ավտոմեքենաներով: «Ամեն ինչ կարգին է», - վստահեցրել էր Փաշինյանը:
Տավուշում խիտ մառախուղ է, վատ տեսանելիությամբ:
Երեկվանից հայ և ադրբեջանցի սահմանապահները ստանձնել են Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 12.6 կիլոմետր սահմանազատված հատվածների պահպանությունը։
Հատվածական սահմանազատման մեկնարկը տրվեց ապրիլի 19-ին։ 26 օր անց՝ մայիսի 15-ին, երկու երկրների սահմանազատաման հանձնաժողովները ստորագրեցին գործընթացի ավարտն ազդարարող արձանագրությունը։
Տավուշի 4` Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր համայնքներում իրականացված սահմանազատումն ամենամեծ ընդվզումն առաջացրեց Կիրանցում, որտեղ սկիզբ առած բողոքի ակցիաները շարունակվում են Երևանում: