Մատչելիության հղումներ

Իշխանությունն ուսումնասիրում է եկեղեցուն պատկանող գույքը. մոմի վաճառքը նույնպես կարող է հարկվել


2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկումը ԱԺ հանձնաժողովում, 31-ը մայիսի, 2024թ.
2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկումը ԱԺ հանձնաժողովում, 31-ը մայիսի, 2024թ.

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն այս պահին ուսումնասիրում են Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող գույքը՝ այն հարկելու օրենսդրական նախագիծ մշակելու համար։

Ինչպես խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողով նախագահ Ծովինար Վարդանյանն է պնդում, եկեղեցին գուցե եկամտահարկ վճարում է, մինչդեռ հազարավոր գույքերի համար հարկ չի վճարում:

«Ես և գործընկերներս աշխատում ենք էդ ուղղությամբ: Էս պահին ուսումնասիրում ենք եկեղեցու տնօրինության գտնվող հազարավոր գույքեր, և դա վանքերի մասին չի խոսքը՝ խոսքը առևտրային տարածքներ են, հասարակական տարածքներ են, տարբեր արտադրական տարածքներ են, բնակելի, տներ բազմաթիվ, հարյուրավոր, այո: Եվ սա ուսումնասիրվում է, և կգա ժամանակը, որ, կարծում եմ, նախաձեռնությունը կունենա իր տրամաբանական ելքը, և կունենանք նախագիծ», - հայտարարեց Վարդանյանը:

Հայ Առաքելական եկեղեցին անշարք գույքի հարկից ազատված է Հարկային օրենսգրքով։ Ըստ այդմ, անշարժ գույքի հարկից ազատված են կրոնական, պաշտամունքային շինությունների, Մայր Աթոռին պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող կառույցների, Մայր Աթոռի ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Ցանկը սահմանում է Հայաստանի կառավարությունը։

«Բա ի՞նչ անենք, էդ էլ հարկե՞նք», - եկեղեցու գույքը հարկելու՝ իշխանական պատգամավորի նախաձեռնությանն արձագանքեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հիշեցնելով երկրի մայր օրենքը: Սահմանադրության 18-րդ հոդվածը սահմանում է՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը:

«Եվ մեկ էլ ծիսական պարագաների հարցն է: Մնացած՝ եկամտահարկով էլ են հարկվում մարդիկ, ներմուծումներով էլ են հարկվում, եթե դրանք ծիսական պարագաներ չեն», - նշեց Մինասյանը:

Իշխանականները եկեղեցու գույքը հարկելու, այդ թվում՝ մոմի վաճառքից ստացվող շահույթների մասին սկսեցին ավելի հաճախ խոսել, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Մտնում ես եկեղեցի, մի վեդրո ջուր են լցնում մոմի տակ, որ հանկարծակի էդ մոմի էսքանը մնա, որ հալացնեն նորից մոմ սարքեն, վաճառեն: Տնտեսական հիմնարկ ա դառել», - օրերս հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Եկեղեցու գույքը հարկելուց բացի, չի բացառվում, որ իշխանությունը գնա նաև մոմի վաճառքից ստացված եկամուտները հարկելու ճանապարհով:

Ինչպես այսօր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նկատեց՝ ի՞նչ կապի ունի, թե ինչ է վաճառում եկեղեցին:

«Խնդիր տեսնում եմ վաճառքի մեջ՝ եթե վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, օրինակի համար, կարծում եմ, որ ակնհայտ է, որ պետք է հարկվի», - հայտարարեց ՊԵԿ նախագահը:

«Հայաստանի Հանրապետությունում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել չկա և չի լինի», - հավաստիացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Չնայած իշխանություն-եկեղեցին սրված հարաբերություններին, իշխող «Քաղաքացիական պայմանագրից» վստահեցնում են՝ եկեղեցու գույքը հարկելու իրենց մտադրությունը կապ չունի արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած շարժման ու Փաշինյանի հրաժարականի պահանջի հետ։ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանի պնդմամբ՝ իրենց ուսումնասիրությունները պարզապես համընկել են քաղաքական այդ իրադարձությունների հետ։

«Բոլոր քաղաքացիները, բոլոր իրավաբանական անձինք հարկ վճարում են ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության: Չկա արտոնյալ դաս, որը վեր է Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացուց կամ կամայական ձեռնարկությունից», - ընդգծեց Վարդանյանը:

Իշխանության և եկեղեցու միջև հակասության վերջին սուր դրսևորումը մայիսի 28-ին էր, երբ իրավապահները անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փակեցին Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Եկեղեցականները համառորեն փորձում էին հաղթահարել սևբերետավորների արգելապատնեշը և ճանապարհ բացել Վեհափառի համար։ Հայ Առաքելական եկեղեցին դատապարտեց «իշխանության ամոթալի ու ապազգային գործունեության հերթական դրսևորումը»։

Մայր Աթոռից առայժմ չեն արձագանքել եկեղեցուն պատկանող գույքը հարկելու իշխանականների մտադրությանը։

XS
SM
MD
LG