Մատչելիության հղումներ

Դատարանն արդարացրեց Հայաստանի երրորդ նախագահին


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանում, արխիվ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանում, արխիվ

Ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո այսօր դատարանն արդարացրեց Հայաստանի երրորդ նախագահին՝ հերքելով Դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։

«Դատարանը վճռեց՝ Սերժ Ազատի Սարգսյանին մեղադրանքում արդարացնել՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը հանցակազմի բացակայության հիմքով», - հայտարարեց դատավոր Վահե Միսակյանը:

Դատախազությունը, մինչդեռ, որն անմիջապես հայտարարեց, թե կբողոքարկի այս վճիռը, պնդում էր՝ 2013 թվականին գյուղացիներին մատչելի դիզվառելիքով ապահովելու ծրագրի մրցույթում շահել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ»-ը, որը, ի տարբերություն հայտ ներկայացրած մյուս երկու ընկերությունների, ամենաբարձր գինն էր առաջարկել։ Դատարանը, սակայն, որոշեց, որ տարիներ առաջ կատարված գործարքը եղել է օրինական։

Դատավճռի հրապարակումից հետո երրորդ նախագահը հայտարարեց. - «Էնպես չի, որ էս որոշումով ես կամ շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, ողբերգություն ապրեի: Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ արարքի վաղեմության ժամկետը շատ վաղուց արդեն լրացել էր, ընդամենը առաջին հերթին ինձ համար սա բարոյական նշանակություն ունի»:

Ըստ Սարգսյանի՝ այս դատավարությունը ցույց տվեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը ճիշտ է արել՝ գյուղացիների համար վառելանյութ գնելով Բարսեղ Բեգլարյանից. - «Որովհետև շատ ակնհայտ է, եթե դուք ուշադիր հետևել եք դատաքննության պրոցեսին, ապա բոլորին էլ, այսպես ասեմ՝ շա՜տ հստակ հասկանալի է դարձել, որ ուրիշ որևէ ընկերություններ, հատկապես նրանք, ովքեր իբր դիմել են, բողոքել են, ի վիճակի չէին այդ ծրագիրը սահմանված ժամկետներում կատարելու»:

Արդարացվեցին նաև մյուս երկու մեղադրյալները՝ Սարգսյանի մտերիմ գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն ու Գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակից Գևորգ Հարությունյանը։

Դատավարության ընթացքում Սարգսյանի գույքը կալանքի տակ էր։ Դատավոր Վահե Միսակյանն այսօր որոշեց արգելանքից հանել նրա ու մյուս մեղադրյալների գույքը, ինչպես նաև չեղարկեց բացակայության արգելքը։

«Ամբողջ հարցը նրանում է, որ ես տենց շատ շատ նյութական միջոցներ չունեմ, եղածը բոլորին հայտնի է, այդ թվում նաև Ձեր լրատվամիջոցն է հրապարակել, թե ապօրինի հարստացման, էդպես, ընթացակարգով ինչ են տեսել: Մեկ է՝ իմ հաշիվները, ինչ որ ունեմ, վաղուց արգելանքի տակ են՝ ամբողջը, էնպես որ էդտեղ ... չէ, բացի իմ թոշակի 70 տոկոսից», - նշեց նախկին նախագահը:

Այսօր դատարանի բակում Սերժ Սարգսյանը նաև ներքաղաքական հարցերին անդրադարձավ։ Վերահաստատեց՝ սատարում են վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած շարժմանը և ընդունում են նրան որպես վարչապետի թեկնածու, թեև կա սահմանադրական արգելք՝ Գալստանյանը երկքաղաքացի է։

«Կա սահմանադրական ելք՝ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս երկու երրորդով խորհրդարանի փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ: Այսինքն՝ դա ելք է, մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց էդ էլ է ելք», - ասաց Հայաստանի երրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանը նորից պնդեց՝ այն, ինչ սկսել է վարչապետ Փաշինյանի թիմը, խաղաղության գործընթաց չէ։ Իր պատկերացրած խաղաղության գործընթացի շուրջ բանակցությունները պետք է ընթանան միջազգային դերակատարների մասնակցությամբ։ Հակառակ դեպքում՝ տեղի ունեցողն անմտություն է։

Իսկ ի՞նչ է առաջարկում ինքը. - «Վստահ եմ՝ կընթանա հետևյալ կերպ. նախ՝ հստակ դիրքորոշում, մենք էլ կունենայինք ինֆորմացիա, թե ինչի հիման վրա են անում այդ սահմանազատումն ու սահմանագծումը, ինչի՞ հիման վրա են անում, էլի: Մեկ ասում էին՝ 76 թվականի քարտեզ, հետո ասում էին՝ չէ, հետո սկսեցին խոսել, որ՝ հա, բայց որևէ մեկը տեսել է՞ այդ քարտեզը, որի հիման վրա անում են»:

Հայաստանը 10 տարի ղեկավարած Սարգսյանն ընդգծեց՝ 80-ականների վերջին փաստաթղթեր կան, որոնցով ժամանակին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հստակեցվել է ամբողջ սահմանը երկայնքով։ Հարցնում է՝ ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստաթղթերն ու ինչո՞ւ դրանցով չիրականացրին Տավուշ-Ղազախ հատվածի սահմանազատումը։

«Եվ էդ փաստաթղթերը կան, թեև մեր պատգամավորների հարցումներին մեկ ասում են՝ չկան, մեկ ասում են՝ գաղտնիության գրիֆը ավելի է խստացել, և այլն, և այլն, և այլն: Բայց էդտեղ գաղտնիության ի՞նչ խնդիր կա, ո՞ր պետական գաղտնիքը պիտի բացահայտվի: Միայն մի գաղտնիք կարող է լինել, որ շեղում կա այդ փաստաթղթերից, որը մեզ օգուտ չի», - պնդեց նախկին նախագահը:

Վարչապետ Փաշինյանը, մինչդեռ, պնդում է, որ ընդդիմության մատնացույց արած փաստաթղթերն իրավական հիմք չունեն, դրա համար կիրառել են իրավական հիմք ունեցող ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին՝ 1976 թվականի քարտեզը։ Իշխանությունը սահմանազատման գործընթացն անվտանգության երաշխիք է համարում։

Երրորդ նախագահը բարոյական նորմերից դուրս համարեց օրերս Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու ոստիկանների փորձը, քննադատեց ոստիկանության գործողությունները, թեև ընդունեց, որ իր պաշտոնավարման ժամանակ ևս արձանագրվել են անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Այժմ, պնդեց, Արևմուտքը համարժեք չի արձագանքում Փաշինյանի օրոք տեղի ունեցողին:

«Այո, եղել են, երկու-երեք դեպք է եղել անհամաչափ ուժի կիրառման, և էդ դեպքերը, ո՞նց ասեմ, ամիսներով, որոշ դեպքերում՝ տարիներով, մի՜շտ հնչեցրել են՝ և՛ ներսից, և՛ դրսից: Անհամաչափ սատարում են հայտնում էս իշխանություններին», - հայտարարեց Սարգսյանը:

Չնայած Հայաստանի երրորդ նախագահի այս պնդմանը՝ վերջին շաբաթներին ԱՄՆ պետքարտուղարը, միջազգային հեղինակավոր իրավապաշտպան երկու կազմակերպություններ քննադատել են Հայաստանի իշխանությանը ոստիկանական բռնությունների, անհամաչափ ուժի կիրառման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG