Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը մայիսի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի:

ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Գրիգորյանն այնտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:

Անցած դեկտեմբերին էլ Հնդկաստանում էր Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, որտեղ նա հանդիպել էր նախագահ Դրուպադի Մուրմուի հետ:

Երևանն ու Դելին բաց հայտարարում են, որ 20 թվականի պատերազմից հետո համագործակցում են պաշտպանական ոլորտում։

The Times of India պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հոկտեմբերի վերջին հաղորդեց, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։

Հրապարկման համաձայն, Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG