Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հատուկ խորհրդական Էլիզաբետա Բելոնիի հետ:
ԱԽ գրասենյակից հաղորդում են, որ նրանք քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը և կայուն ու հարատև խաղաղության հասնելու կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը, Կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության մի շարք նախագծերի իրականցման ընթացքին և առկա հնարավորություններին:
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնարար սկզբունքներն են երկրների տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը ենթակառուցվածքների նկատմամբ, երկրների ազգային օրենսդրությունների կիրառումը յուրաքանչյուրը իր հատվածում:
Ադրբեջանի նախագահն, ավելի վաղ հրապարակավ մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ»-ը, հայտարարել էր, որ այն «գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս հասկացնել են տվել»։
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է՝ միջանցքային տրամաբանությունը մերժում է: Պաշտոնական Երևանը Ադրբեջանին առաջարկում է տարածաշրջանի ապաշրջափակումն իրականացնել հենց «Խաղաղության խաչմերուկ»-ի հիման վրա՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը։
Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ՝ Երևանից պահանջելով առանց ստուգումների և անխոչընդոտ ճանապարհ ապահովել Ադրբեջանից դեպի իր էքսկլավ Նախիջևան: