Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: Նրանք, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները:
Ղուկասյանը ընդգծել է, որ մեղադրող կողմը «Խորհրդային Ղարաբաղ» թերթում իր աշխատանքը ներկայացրել է որպես հանցագործություն, ինչի հետ ինքը համաձայն չէ: Նա պարզաբանել է, որ թերթի խմբագրի չորս օգնականներից մեկն է եղել, զբաղվել է նյութերի ռուսերեն թարգմանությամբ, և որ այդ ժամանակ իր ենթակայության տակ են եղել 16 աշխատակիցներ, փոխանցում են ադրբեջանական պետական լրատվական գործակալությունները:
Ղուկասյանն ասել է, որ թերթի գործունեությունը հանցավոր չի համարում: Նա հավելել է, որ 2007 թվականին հեռացել է մեծ քաղաքականությունից և այլևս երբեք չի վերադարձել:
Բակո Սահակյանը, համաձայն նույն աղբյուրների, ասել է, որ Արցախում հանցավոր կազմակերպություն չի եղել և չէր էլ կարող լինել: «Հանցավոր միավորում» ձևակերպման ներքո Բաքուն նկատի ունի Արցախը:
Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 26-ին:
Ադրբեջանում հայերի դատավարությունները լուսաբանում են պետական լրատվամիջոցները, և որևէ անկախ աղբյուրից նրանց հաղորդածը ճշտելու հնարավորություն չկա:
Պաշտոնական տվյալներով՝ Բաքվում 23 հայ գերի է պահվում: Նրանք ամիսներ շարունակ մեկուսացման մեջ էին հայտնվել:
Օրեր առաջ հաղորդվեց, որ Բաքվի բանտում պահվող հայ գերիներից 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Ըստ ադբեջանական աղբյուրների՝ կտրուկ վատացել է նրա ինքնազգացողությունը, շնչահեղձություն ու սրտի ցավեր է ունեցել:
Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների դատարանն էլ երեկ՝ ընդամենը մի քանի օր տևած դատավարությունից հետո, 58-ամյա Կարեն Ավանեսյանին 16 տարվա ազատազրկման է դատապարտել:
ԿԽՄԿ-ն երեկ հայտնեց, որ նախորդ օրերին տեսակցել է հայ գերիներին:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն մեղադրում մի քանի տասնյակ հոդվածներով՝ պատերազմ ծրագրելու և իրականացնելու, ապօրինի վերաբնակեցման, կտտանքների և այլն: