Մատչելիության հղումներ

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև


«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

«Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակշռության կարևոր պայման» թեմայով համաժողովի մասնակիցներին դիմելով՝ նա շեշտել է, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առաջադրում չի նշանակում»։

«Հայաստանը պետք է հրաժարվի այս ցանկությունը նման լույսի ներքո ներկայացնելու փորձերից։ Այս հարցը չի հեռացվի Ադրբեջանի օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձը չի իրականացվել։ Բնականաբար, Արևմտյան Ադրբեջան վերադարձող ադրբեջանցիների համար պետք է ապահովվեն նաև անվտանգության երաշխիքներ», - ընդգծել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:

Արտգործնախարար Միրզոյանը Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվն ավելի վաղ տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտին խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, նաև ասել էր. «Ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում»:


XS
SM
MD
LG