Մատչելիության հղումներ

«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը Բրյուսելում «վերադարձի իրավունքի» հարցերով կոնֆերանս է կազմակերպել


«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի լոգոն, արխիվ
«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի լոգոն, արխիվ

«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը ֆրանսիական CAP Freedom of Conscience ոչ-կառավարական կազմակերպության հետ Բրյուսելում «Վերադարձի իրավունքը միջազգային իրավունքում» խորագրով կոնֆերանս է կազմակերպել։ Ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ Ազիզ Ալեքբարլին մասնակիցներին ներկայացրել է կազմակերպության ստեղծման հիմնական նպատակները, պնդել, թե «արևմտյան ադրբեջանցիներն» անցյալ դարի ընթացքում համակարգված և աստիճանաբար տեղահանվել են իրենց պատմական հողերից։

Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:

Ալեքբարլին խոսել է նաև «միլիարդավոր դոլարների հասնող նյութական վնասների և անչափելի մշակութային ժառանգության ոչնչացման» մասին, որը, իր ձևակերպմամբ, Հայաստանը պատճառել է ադրբեջանցիներին՝ համակարգված քաղաքականության հետևանքով։

Ըստ Ազիզ Ալեքբարլիի, չնայած բազմաթիվ կոչերին՝ Հայաստանը հրաժարվել է երկխոսություն սկսել համայնքի հետ։

Երևանից ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։

Բրյուսելյան կոնֆերանսի ժամանակ Ալեքբարլին նաև վստահեցրել է, թե «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ն աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանը և համակեցությանը՝ համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից որդեգրված քաղաքական ուղու։

«Մենք վստահ ենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված պատմական որոշումները կապահովեն տարածաշրջանում խաղաղություն», - ասել է նա։

Համաժողովի ընթացքում նաև լուսանկարների ցուցահանդես է ներկայացվել, որտեղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, ցուցադրվել են «Արևմտյան Ադրբեջանի պատմական հողերում ոչնչացված մշակութային ժառանգության օրինակներ և հուշարձաններ»։

Նախօրեին էլ Միլի մեջլիսի պատգամավոր և «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի ղեկավարը հայտարարել էր, թե «հայերն այլ տարբերակ չունեն, պետք է անվերապահորեն ընդունեն Ադրբեջանի բոլոր պայմանները, ներողություն խնդրեն ադրբեջանական պետությունից և ժողովրդից, փոխհատուցեն մարդկանց և նրանց գույքին հասցված վնասը և բարձր մակարդակով ապահովեն փախստականների խաղաղ վերադարձը Արևմտյան Ադրբեջանի իրենց գյուղեր և տներ»։

Ավելին, նա ասել էր, թե չի պատրաստվում շատերի պես ծափահարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին միայն այն պատճառով, որ նա «վերջերս ձեռնարկել կամ փորձել է ձեռնարկել որոշ կառուցողական քայլեր», նկատի ունենալով Փաշինյանի՝ Թբիլիսիի ֆորումի ժամանակ արած հայտարարությունը, որ մոտ ապագայում կկառուցվեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիներ:

«Ի՞նչ պատահեց հիմա, Փաշինյանը փոխվե՞լ է և հրեշտա՞կ դարձել։ Ոչ, Փաշինյանը դեռ նույն Փաշինյանն է։ Տարբերությունն այն է, որ Փաշինյանը և նրա կողմնակիցները հիմա գիտակցում են, որ Ադրբեջանն ուժեղ պետություն է՝ ուժեղ նախագահով։ Հայաստանն այլ ընտրություն չունի, քան հաշվի նստել Ադրբեջանի և նրա նախագահի հետ։ Թշնամության ճանապարհը կարող է վտանգել հայկական պետության գոյությունը։ Հետևաբար, իր գլխավերևում բարձրացնելով 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Հայաստանի քարտեզի մակետը, նա կոչ է անում իր ժողովրդին փրկել իրենց պատկանող հողերը, և հիմա նա փորձում է իրական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Բնականաբար, շուտով կկառուցվեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիներ։ Սա նաև Հայաստանի օգտին է», - ավելացրել է Ալեքբարլին՝ հույս հայտնելով, թե երկրների միջև հաշտեցումը կնպաստի հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորմանը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG