Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Սիրիան դավադրության մե՞ջ են մտել Իրանի դեմ. Թեհրանում կարծում են՝ այո


Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաայի՝ անցյալ շաբաթավերջին Բաքու կատարած այցը ազդարարեց տարածաշրջանային դաշինքների կտրուկ փոփոխություն՝ իրանական լրատվամիջոցներում բորբոքելով մտահոգության ու կասկածի տրամադրություններ։

Ալ-Շարաայի՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հրապարակված պաշտոնական հայտարարություններում ընդգծվեց, թե Դամասկոսն ու Բաքուն հարաբերություններում նոր դարաշրջան են բացում։ Երկու առաջնորդներն էլ ընդունեցին նախկինում եղած լճացումը՝ ուղղակիորեն դա կապելով անցյալ տարի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի «անբարյացակամ քաղաքականության» հետ և խոստանալով վերականգնել և խորացնել համագործակցությունը։

Առավել նշանակալին այն էր, որ այցի ընթացքում ձեռք բերվեց համաձայնություն՝ ադրբեջանական գազը Թուրքիայով Սիրիա արտահանելու վերաբերյալ։ Պաշտոնյաները ողջունեցին այդ գործարքը՝ որպես Սիրիայի շարունակական էներգետիկ ճգնաժամի լուծում։

Միևնույն ժամանակ, տարբեր աղբյուրներ, այդ թվում՝ իսրայելական լրատվամիջոցները, հաղորդել են, թե այցի շրջանակներում հանդիպում է եղել սիրիացի և իսրայելցի պաշտոնյաների միջև։ Հստակ չէ, թե արդյոք Ալ-Շարաան ինքը մասնակցել է այդ հանդիպմանը, բայց փաստը, որ տարածաշրջանում Իսրայելի հիմնական դաշնակից Ադրբեջանը հյուրընկալել է նման հանդիպումը, ավելի՛ է սրել Թեհրանի մտահոգությունները։

Աբու Մոհամմադ ալ-Ջուլանի մականունով հայտնի նախկին ապստամբ Ալ-Շարաան միացավ Թուրքիայի աջակցությամբ գործող ապստամբներին և 2024 թվականի դեկտեմբերին առաջնորդեց «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման կայծակնային գրոհը, որն ի վերջո տապալեց Իրանի և Ռուսաստանի կողմից աջակցվող Ասադի կառավարությունը։

Անվտանգության հետ կապված մտահոգություններ

Իրանական լրատվամիջոցներում տարածված է մտահոգությունը, որ զինյալները սիրիական ճակատից տեղափոխվում են Կովկաս, որը գտնվում է Իրանի անմիջական հարևանությամբ։

Ռեֆորմիստական «Արման-ե Մելլի» թերթի պնդմամբ՝ Դամասկոսի և Բաքվի միջև զարգացող հարաբերությունների արդյունքում հնարավոր է՝ սիրիացի զինյալները Թուրքիայի միջոցով տեղափոխվեն Ադրբեջանում գտնվող բազաներ, ինչը թերթը բնութագրել է որպես «առաքելություն» Ալ-Շարաայի համար։

Թերթը ենթադրել է, որ նրանց ներկայությունը նպատակ ունի ապակայունացնել Իրանի և Ռուսաստանի սահմանների երկայնքով գտնվող տարածքները, ինչպես նաև իրականացնել գործողություններ, որոնց թիրախում կլինի Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև ավելի լայն դաշինքը։
Պահպանողական «Ֆարհիխթեգան» թերթը նմանատիպ տեսակետ է հայտնել՝ պնդելով, որ Ալ-Շարաան իր զինյալների տեղափոխումը դիտարկում է որպես Սիրիայից օտարազգի զինյալներին վտարելու՝ Միացյալ Նահանգների՝ պահանջի կատարում։

Նման ծրագրի շրջանակներում, գրում է թերթը, Ադրբեջանը կարող է վերածվել ռազմավարական կենտրոնի՝ կամ պլատֆորմ տրամադրելով, որ զինյալները հետո ներթափանցեն Կովկաս և Ռուսաստան, կամ էլ տարածք, օրինակ՝ Ղարաբաղը տրամադրելով նրանց բնակեցման համար։

«Ուղերձ» Իրանին

Իսրայելական i24NEWS լրատվամիջոցը, հղում անելով Սիրիայում անանուն աղբյուրի, պնդել է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգներն էին որոշել իսրայելցի և սիրիացի պաշտոնյաների միջև հանդիպումն անցկացնել Բաքվում՝ «Իրանին ուղերձ հղելու» համար։

Հղում անելով այդ հրապարակմանը՝ Իրանի պետական «Ջամ-ե Ջամ» թերթը եզրակացրել է, որ, հաշվի առնելով Բաքվի՝ տարիների ընթացքում հակաիրանական գործողություններին մասնակցելու փորձը, ինչպես նաև կասկածները, թե Ադրբեջանը համագործակցել է Իսրայելի հետ անցած ամսվա պատերազմի ժամանակ, սա կարող է դիտվել որպես «հստակ ապացույց», որ որոշ հարևան երկրներ համագործակցում են Իսրայելի հետ՝ Իրանի դեմ։

Պաշտոնաթերթը Ադրբեջանին և նրա դաշնակիցներ Թուրքիային ու Իսրայելին անվանել է «Իրանի շահերի դեմ ուղղված նոր դինամիկա ձևավորող» երկրներ։ Պարբերականը նաև պնդել է, որ Իրանը, ի վերջո, ստիպված կլինի պաշտպանել իր ազգային շահերը՝ թե՛ դիվանագիտության, թե՛ անվտանգային ոլորտներում, այդ թվում՝ ամրապնդելով կապերը իր հարևանների՝ Հայաստանի և Ռուսաստանի հետ, և կոշտ դիրքորոշում ընդունելով «Բաքվի սադրանքների» դեմ։

Թեհրանը աճող մտահոգությամբ է հետևել, թե ինչպես Ադրբեջանը ավելի ու ավելի սերտ կապեր է զարգացնում Իսրայելի հետ։

Այդ գործընկերությունը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է։ Դրա վկայությունն են երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում խորացող համագործակցությունը, ինչպես նաև Բաքվի 2023 թվականի որոշումը՝ դեսպանատուն բացել Թել Ավիվում։ Այս քայլերը միայն խորացրել են Իրանի անվստահությունը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը անցած ամիս պահանջել է, որ Ալիևը «հետաքննի և ճշտի» հաղորդումները, ըստ որոնց իսրայելական անօդաչու թռչող սարքերը, այդ թվում՝ միկրոդրոնները, Ադրբեջանի տարածքով են ներթափանցել Իրանի օդային տարածք 12-օրյա պատերազմի ընթացքում, որն ավարտվեց հունիսի 24-ին՝ հրադադարի հայտարարությամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքում է այս մեղադրանքները՝ պնդելով, որ իր կառավարությունը երբեք թույլ չի տա, որ ադրբեջանական տարածքը օգտագործվի Իրանի դեմ։






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG