Մատչելիության հղումներ

Արդյո՞ք Քենեդիի և Մարտին Լյութեր Քինգի սպանություններին վերաբերող փաստաթղթերի գաղտնազերծումը նոր բացահայտումների կբերի


Նախագահ Ջոն Քենեդին և նրա կինը՝ Ժակլին Քենեդին, ինչպես նաև Տեխասի նահանգապետ Ջոն Քոնալին, երթևեկում են Դալասով՝ րոպեներ հետո Քենեդին սպանվեց, 22-ը նոյեմբերի, 1963 թ.
Նախագահ Ջոն Քենեդին և նրա կինը՝ Ժակլին Քենեդին, ինչպես նաև Տեխասի նահանգապետ Ջոն Քոնալին, երթևեկում են Դալասով՝ րոպեներ հետո Քենեդին սպանվեց, 22-ը նոյեմբերի, 1963 թ.

Հունվարի 20-ին՝ երդմնակալությունից երեք օր անց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց հրամանագիր՝ նախագահ Ջոն Քենեդիի, նրա կրտսեր եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդիի և իրավապաշտպան, ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերող փաստաթղթերը գաղտնազերծելու մասին։

Այս երեք գործիչները 1960-ականներին ամենաազդեցիկ անձնավորություններն էին, և նրանց սպանությունները՝ ենթադրաբար միայնակ գործող զինյալների ձեռքով, պատճառ են դարձել բազմաթիվ դավադրապաշտությունների, որոնք դեռ վեց տասնամյակ անց շարունակում են տարածվել:

Թերևս ԱՄՆ պատմության մեջ ոչ մի սպանություն այնքան վերլուծված և քննարկված չի եղել, որքան նախագահ Քենեդիի սպանությունը։ Նա գնդակահարվեց 1963 թվականի նոյեմբերի 22-ին, երբ նախագահական լիմուզինով անցնում էր Դալաս քաղաքով՝ իր կնոջ և մեքենայի առջևում նստած Տեխասի նահանգապետ Ջոն Քոննալիի ուղեկցությամբ։

Սպանության համար մեղադրանք առաջադրվեց նախկին զինծառայող Լի Հարվի Օսվալդին, որը կարճ ապրել էր Խորհրդային Միությունում․ ըստ իրավապահների՝ նա ԱՄՆ նախագահի ուղղությամբ կրակ էր բացել Տեխասի դպրոցական գրքադարանի վեցերորդ հարկից։ Նախքան դատավարությունը, սակայն, Օսվալդն ինքը սպանվեց Դալասի գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբիի կողմից, երբ նրան տեղափոխում էին մեկ այլ բանտ, ու դա հեռարձակվում էր ուղիղ եթերում:

1964 թվականի կառավարական հանձնաժողովը եզրակացրեց, որ Օսվալդը միայնակ է գործել Քենեդիին սպանելիս: Այնուամենայնիվ, շատերը կասկածի տակ էին դնում հանձնաժողովի եզրակացությունը, որը ծաղրաբար անվանում էին «կախարդական փամփուշտի տեսություն», ըստ որի՝ մեկ փամփուշտը կարող էր խոցել Քենեդիին մեջքից, դուրս գալ նրա պարանոցից, հարվածել նահանգապետ Քոննալիի մեջքին, դուրս գալ նրա կրծքավանդակի միջով, ծակել նրա դաստակը և նախքան կհասներ նրա ազդրին:

Այս վիճահարույց՝ «մեկ փամփուշտի» տեսությունը մերժողները պնդում են, որ մեկ այլ հրաձիգ եղել է փողոցում՝ լիմուզինի երթուղու երկայնքով։

Դավադրապաշտական տարբեր տեսություններ են առաջ քաշվել, այդ թվում՝ վարկածներ, թե նախագահ Քենեդիի սպանության հետևում կանգնած են եղել Կենտրոնական հետախուզական վարչության սպաները, կուբացի վտարանդիները, Խորհրդային Միության կառավարությունը և ամերիկյան մաֆիան: Այս նյութերը չհրապարակելու ԱՄՆ կառավարության որոշումը տարիների ընթացքում միայն խորացրել է կասկածները:

Նախագահ Քենեդին սև ավտոմեքենայով Վաշինգտոնում կայացած ավանդական երդմնակալության շքերթի ընթացքում, 1961 թվականի հունվարի 20-ին։
Նախագահ Քենեդին սև ավտոմեքենայով Վաշինգտոնում կայացած ավանդական երդմնակալության շքերթի ընթացքում, 1961 թվականի հունվարի 20-ին։

Խոսելով փաստաթղթերը գաղտնազերծելու հրամանագրի մասին՝ նախագահ Թրամփն ասաց, որ ցանկանում է վերացնել կասկածները նախագահ Քենեդիի, նրա եղբոր՝ Ռոբերտի և Քինգի սպանությունների վերաբերյալ: Ռոբերտ Քենեդին գնդակահարվել է Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում 1968 թվականին, իսկ Քինգը սպանվել է դիպուկահարի կրակոցից, երբ կանգնած էր Մեմֆիսում գտնվող մոթելի իր սենյակի պատշգամբում:

«Նրանց ընտանիքները և ամերիկացի ժողովուրդն արժանի են թափանցիկության և ճշմարտության: Ազգային շահն է պահանջում առանց հապաղելու վերջապես հրապարակել այդ սպանություններին առնչվող բոլոր գրառումները», - ասված է Թրամփի հրամանագրում:

Քենեդիի սպանության արձանագրությունների հավաքագրման ակտը

1991 թվականին էկրան բարձրացավ Օլիվեր Սթոունի՝ Ջոն Քենեդու մասին պատմող ֆիլմը, որը վերստին արթնացրեց ազգային հետաքրքրությունը նախագահի սպանության նկատմամբ և ավելի մեծ կասկածներ սերմանեց իրադարձությունների պաշտոնական վարկածի վերաբերյալ:

Ֆիլմը մանրամասներ է ներկայացնում նախագահ Քենեդիի սպանության՝ 1969 թվականի հետաքննությունից, որ իրականացնում էր Նոր Օռլեանի շրջանի էքսցենտրիկ դատախազ Ջիմ Գարիսոնը։ Նա կարծում էր, որ Օսվալդը պարզապես քավության նոխազ էր նախագահին սպանելու՝ ավելի մեծ դավադրության մեջ:

Ֆիլմից սկիզբ առած աղմուկն էր նաև պատճառը, որ 1992 թվականի հոկտեմբերին Կոնգրեսն ընդունեց նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին արձանագրությունների հավաքագրման ակտը։ Այն պահանջում էր հանցագործության հետ կապված բոլոր գրառումները բաց և ամբողջությամբ հրապարակել մինչև 2017 թվականի հոկտեմբերի 26-ը: Բացառություններ էին արվել փաստաթղթերի համար, որոնք կարող էին վնաս հասցնել բանակին, հետախուզական գործակալություններին կամ արտաքին հարաբերություններին:

Ակտը նաև պարտավորեցնում էր սպանության հետ կապված բոլոր նյութերը պահել Վաշինգտոնի Ազգային արխիվի և գրառումների վարչությունում՝ մեկ հավաքածուի մեջ: Հավաքածուի մեջ այսօր ավելի քան 5 միլիոն փաստաթղթեր կան, լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ և արտեֆակտներ: Դրանք հրապարակելու վերջնաժամկետը լրացավ Թրամփի նախագահության առաջին ժամկետի օրերին։ Այնուամենայնիվ, նա և նրա հաջորդը՝ Ջո Բայդենը, հետաձգեցին տասնյակ հազարավոր փաստաթղթերի գաղտնազերծումը:

2023 թվականի հունիսին Բայդենի վարչակազմը հրապարակեց ավելի քան 15 հազար փաստաթուղթ, նախագահն էլ հայտարարեց, թե դրանով նյութերի 99 տոկոսը գաղտնազերծվել է։ Միաժամանակ նշվում էր, որ դեռևս մնում է շուրջ 4 հազար չհրապարակված փաստաթուղթ։

Թրամփի գործադիր հրամանագիրը կարող է պոտենցիալ արագացնել դրանց գաղտնազերծման գործընթացը: Հրամանով ազգային հետախուզության տնօրենին և գլխավոր դատախազին հանձնարարվում է 15 օրվա ընթացքում ներկայացնել Քենեդիի սպանությանը վերաբերող գրառումների «լիարժեք և ամբողջական հրապարակման» ծրագիր: Այն նաև կոչ է անում ներկայացնել Ռոբերտ Քենեդիի և Քինգի սպանություններին վերաբերող բոլոր փաստաթղթերի հրապարակման ծրագիր:

Փաստաթղթերի մեծ մասը, որոնք դեռ պետք է հրապարակվեն, Կենտրոնական հետախուզական վարչությունից են։ Հնարավոր է, որ ԿՀՎ-ն չէր գաղտնազերծում, քանի որ դրանք կարող էին պարունակել տեղեկություններ փոխանցող անձանց կամ վարչության հետ համագործակցողների անուններ, որոնք դեռ ողջ են՝ վտանգելով նրանց, ինչպես նաև բացահայտել հետախուզության հավաքման մեթոդները կամ ցույց տալ կասկածելի դատողություններ:

«Այդ՝ դեռևս չհրապարակված փաստաթղթերը կարող են «շատ հետաքրքիր բաներ պատմել այն մասին, թե ինչպես է ԿՀՎ-ն հետևել Օսվալդին նախագահ Քենեդիի սպանությունից դեռ ամիսներ առաջ»,- FOX հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ջեյմս Ռոբենալտը, որը գրել է Քենեդիի սպանության մասին և չի հավատում, որ Օսվալդը միայնակ էր գործում։

Սակայն Ջերալդ Պոզները, որը Քենեդիի սպանության մասին գրքի հեղինակ է, և ով կարծում է, որ Օսվալդը միայնակ հրաձիգն էր, ասել է, որ չի սպասում որևէ լուրջ բացահայտման:

«Չեմ կարծում, թե այն, ինչ ամերիկացիների մեծամասնությունը սպասում է, տեղի կունենա, այն է՝ կհայտնվի մի փաստաթուղթ, որը գործը գլխիվայր կշրջի՝ ասելով․ «ահա թե ով է սպանել Քենեդիին, որ դա իսկապես գաղտնի ծրագրի մի մաս էր, և ահա սրանք են մարդիկ, ովքեր ներգրավված են եղել»», - ասել է նա:

Որոշ փորձագետներ ենթադրում են, որ այս հրամանագրի ստորագրմամբ Թրամփը պարզապես ցույց է տալիս իր կողմնակիցներին, որ ինքը չի հապաղում իր նախընտրական խոստումները կատարելիս։ Սա մեկն էր այն տասնյակ որոշումներից, որ Թրամփը ստորագրել է պաշտոնավարման առաջին մի քանի օրերի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG